Կենտրոնական Ասիայում «Երկրորդ Արցախ» է կանխատեսվում

Ռուսաստանի հարավային սահմաններում նոր պատերազմ է` առանց այդ էլ անկայուն տարածաշրջանում կողմնակի ուժերի ազդեցության աճի օրինաչափ դրսևորմամբ. Ղրղզստանը և Տաջիկստանը, որոնց ռազմական ընդհարման պատճառ է համարվում Իսֆարա գետի ջրի պատկանելիությունը, չնայած` ՀԱՊԿ անդամ երկրներ են, սակայն աշխարհաքաղաքական հետաքրքրությունների տարբեր գոտիներում են. Ղրղզստանը` թյուրքական, Տաջիկստանը` պարսկական:

Վերջին տասնամյակներում Թեհրանն ընդլայնել է ազդեցությունը Տաջիկստանում` քաղաքական, մշակութային և տնտեսական առումներով: Հենց Դուշանբեում է բացվել պետական Fars տեղեկատվական գործակալության արտասահմանյան առաջին գրասենյակներից մեկը, և ներկայումս Իրանը Չինաստանից հետո երկրորդ խոշոր ներդրողն է Տաջիկստանում:

Թուրքիան և Իրանն արդեն պատրաստակամություն են հայտնել մասնակցել Իսֆարայի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սակայն, ինչպես երևում է, դա դեռ դիվանագիտական մակարդակում է: Իրականում երկու երկրներն էլ կարող են հետաքրքրված լինել նրանում, որ օտար ձեռքերով պայքարեն միմյանց դեմ:

Իսֆարա գետի շուրջ սահմանային հակամարտությունը բազմամյա պատմություն ունի: Տաջիկստանն ու Ղրղզստանը, միաժամանակ, հարցն արմատապես լուծելու կողմնակիցներ են, ինչպես դա փորձեցին անել թուրք-ադրբեջանական ահաբեկչական ուժերն Արցախի պարագայում:

Պատահական չէ, որ Իսֆարայի համար մարտական գործողությունները սկսվեցին 2020թ. Արցախյան պատերազմի ավարտից ընդամենը կես տարի անց: Անկարան արդեն ընդգծել է իր ռազմաքաղաքական հետաքրքրությունը Կենտրոնական Ասիայում. արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլին մարտի 6-9-ը այցեր է ունեցել Ուզբեկստան, Թուրքմենստան և Ղրղզստան:

Ուզբեկական կողմի հետ Թուրքիան արդեն պայմանագիր է կնքել անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ, իրականացրել են համատեղ զորավարժություններ, որոնց հետևել է անձամբ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ Յաշար Գյուլերը:

Ղրղզստանի դեպքում Թուրքիան առայժմ մտադիր է ազատ առևտրի գոտի ստեղծել և առևտրաշրջանառությունը հասցնել տարեկան 1 մլրդ դոլարի: Դրանում ներառվելու են նաև պաշտպանական ոլորտի ծախսերը: Ընդգծվում է, որ Արցախյան պատերազմից հետո Ղրղզստանում նույնպես մեծացել է հետաքրքրությունը թուրքական ռազմատեխնիկայի և, առաջին հերթին, ռազմական անօդաչուների նկատմամբ:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ ապրիլի 3-ին Ղրղզստանի ԱԳ նախարարը հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջը: Պաշտոնական տվյալներով` քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Միացեք մեր Telegram ալիքին