Քաղաքացիական ինստիտուտները հետպատերազմյան Իսրայելում` որպես բանակի զարգացման գործոն

Քաղաքացիական ինստիտուտների կողմից իրականացվող գործունեությունը երկրի ներսում բավականին կարևոր է իշխանությունների կողմից ավելի թափանցիկ, հաշվետու և պատասխանատու գործելակերպի համար: Այսինքնայս ինստիտուտները հանգեցնում են պետության որակապես առավել զարգացմանը, երբ երկրում քաղաքացիները մասնակից են դառնում երկրի ղեկավարման գործընթացին, իսկ իշխանությունները պատասխանատու են դառնում հասարակության առջև: Այս գործոններն իրենց ազդեցությունն ունեն նաև Զինված ուժերի (ԶՈւ)վրա: Սա կարևոր է հատկապես պաշտպանական ոլորտի կառավարման համար, այդ թվում՝ ԶՈւքաղաքացիական վերահսկողության ապահովման առումով, իսկ երկրում մեծացող ժողովրդավարական գործընթացներն էլ իրենց որոշակի ազդեցությունն են ունենում ԶՈՒ-ի վրա: Սա ունի երկու հիմնական պատճառ՝ նախ հասարակությունում քաղաքացիների պահանջատիրության և տեղեկատվություն ստանալու պահանջի մեծացումը և երկրորդ՝ հանրային կառավարման նկատմամբ քաղաքացիների վստահությունն ու աջակցությունն ունենալու անհրաժեշտությունը:

 Ուստի հասարակություն-քաղաքացի կապը պետք է լինի անխախտելի, երկուստեք գործենհամաժամանակացված, որն էլ կհանգեցնի հասարակության կողմից բանակի կազմակերպման, ինչպես նաև բանակի մասին պատկերացումների և կերպարի փոփոխության: Երկրի ԶՈւ-ի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության հաստատման արդյունավետությունը պայմանավորված է տվյալ հասարակության ժողովրդավարացման, բարեկեցության աստիճանով։ ԶՈւ-ի նկատմամբ հասարակության վերահսկողությունը սոցիալական, հասարակական բնույթի շարունակական, բազմաշերտ գործընթաց է, որում ներգրավված է հասարակությունն իր բոլոր ինստիտուտներով ու գործառույթներով։ Տվյալ երկրի և հասարակության ժողովրդավարական որակական աստիճանից է կախված, թե բանակի նկատմամբ հասարակական վերահսկողությունն ինչ արդյունավետությամբ կներկայացվի բանակ-պետություն հարաբերություններում: Սա առավել ակնհայտ ձևավորում ու զարգացում ստացավ Իսրայելում 20-րդ դարի կեսերին:

Իսրայելը, շրջափակված լինելով իրեն թշնամի արաբական պետություններով, չունենալով նաև հարուստ բնական ռեսուրսներ, ստիպված էր կառուցել բանակ, պետություն և տնտեսություն: Առաջին հայացքից թվում է, թե Իսրայելն առաջնահերթ պետք է ուշադրություն դարձներ բանակի վրա՝ անուշադրության մատնելով պետական, տնտեսական, քաղաքացիական ինստիտուտների ձևավորումը և առավել ևս դրանց զարգացումը: Իսրայելն առաջինը ձեռնամուխ եղավ պետականություն կառուցելու իր գործընթացին, չնայած դեռևս 20-րդ դարի առաջին տասնամյակներից հրեա քաղաքական-հասարակական գործիչներն ակտիվ աշխատանքներ են իրականացրել պաշտպանական-քաղաքացիական հարաբերությունների կանոնակարգման ուղղությամբ։

Իսրայելում պաշտպանական ոլորտի հարցերում ի հայտ եկավ մի սկզբունք, այսպես կոչված՝ «քաղաքացի-զինվորական»-ը, որը պետք է ուղենիշային լիներ բոլոր հրեաների համար։ Պետության հիմնադրումից հետո «քաղաքացի-զինվորական» մոդելը զգալի ազդեցություն ունեցավ երկրի պաշտպանական-քաղաքացիական հարաբերությունների կանոնակարգման առումով, որը նախատեսում էր ԶՈւ-ի զարգացման գործում հասարակության ինտեգրման մեխանիզմների ներդրում։ Սա, ընդհանուր առմամբ, իրենից չէր ներկայացնում միլիտարիզացիայի մակարդակի աճ, այն ուղղակիորեն հասարակությանը բերում էր մի կարգավիճակի, երբ Իսրայելի յուրաքանչյուր քաղաքացի ռազմական գործողությունների ժամանակ դառնում էր պատրաստի պրոֆեսիոնալ զինվոր: Այս իրավիճակին հասնելու համար Իսրայելից երկար ժամանակ չպահանջվեց, քանզի այդ երկիրը գրեթե յուրաքանչյուր 10 տարին մեկ լայնածավալ պատերազմի մեջ էր մտնում 300մլն-անոց արաբական աշխարհի դեմ: Այդ պատճառով այս գործընթացներն Իսրայելում տեղի ունեցան բավականին արագ, քանի որ այլընտրանքն ուղղակիորեն բացակայում էր:

1949թ. Բանակի կիրառման դոկտրինի հրապարակված կետերն ամբողջապես ներկայացնում են Իսրայելի իրավիճակն իր սահմաններից դուրս, ինչը գրեթե ամբողջապես համապատասխանում է հայաստանյան ներկայիս իրականության հետ, ինչպես օրինակ՝

  • Վեճը հարևանների հետ կայանում է ոչ թե սահմանների անհամաձայնության, այլ Իսրայելի գոյության համար: Իսրայելի թշնամիները պատերազմ կվարեն նրա դեմ այն ոչնչացնելու նպատակով:
  • Հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, ինչպես նաև թշնամու կենդանի ուժի և զինտեխնիկայի առավելությունը՝ իրական նպատակը պետք է լինի թշնամու զինված ուժերին այնպիսի հարված հասցնելը, որպեսզի այն շարքից դուրս գա հնարավորինս երկար ժամանակով:
  • Փոքր տարածքը, խիստ կտրտված սահմանները և ռազմաճակատին մոտ գտնվող բնակավայրերը զրկում են Իսրայելին ցանկացած ռազմավարական նշանակալիությունից: Պաշտպանվելու համար ոչ մի բնական խոչընդոտ գոյություն չունի:
  • Իսրայելը չի կարող վարել երկարատև պատերազմ: Պատերազմը ստիպում է իրականացնել բնակչության այնպիսի մեծ տոկոսի մոբիլիզացում, որ տնտեսությունը մի քանի շաբաթ անց պարզապես կդադարի գործել, իսկ պատերազմը կհանգեցնի ժողովրդագրական խնդիրների և այլն:

Իսրայելը ստեղծված իրավիճակում սկսեց նաև պետական, քաղաքացիական ինստիտուտների ձևավորման և զարգացման գործընթացը: Այն առաջնահերթ ենթադրում էր պետություն-բանակ տարանջատում: Սրա լավագույն օրինակը մեր օրերում պաշտպանության բանակի և պաշտպանության նախարարի հաստիքներն են (Հայաստանում՝ Գլխավոր շտաբ և Պաշտպանության նախարարություն), երբ պաշտպանության նախարարը հանդես է գալիս քաղաքացիական անձ, իսկ նախարարությունը՝ որպես քաղաքացիական վերահսկողության գործոններից մեկը, իսկ պաշտպանության բանակը՝ բուն մարտական գործողություններ և առաջադրանքներ իրականացնող մարմին: Իսրայելում ևս այս ձևն օգտագործվեց բանակի կառավարման համար։

 Իսրայելում իր ձևավորման առաջին տասնամյակումամբողջ հասարակությունն էր ռազմականացված և սերտաճած զինված ուժերին, իսկ քաղաքական վերնախավը տասնամյակներ շարունակ ամբողջապես ձևավորվում էր այն անհատներից, ովքեր ծառայել կամ նկատելի հաջողությունների էին հասել զինված ուժերում, այս ամենը, սակայն, առանց հարցականի տակ դնելու երկրի ժողովրդավարական բնույթը և բանակի ենթակայությունը քաղաքական ու քաղաքացիական իշխանություններին: Այս տեսանկյունից ռազմականացված հասարակության առավելություն կարող է դիտվել ռազմական բարձր արդյունավետությունը, սակայն դժվար կլինի դա վստահաբար պնդելը, քանի որ հասարակության մեծ մասը ծառայում է Զինված ուժերում կամ գտնվում է պահեստազորում ուկատարյալ պատրաստի բանակ ունենալու համար պատրաստ է որոշ «արժեքներ» ստորադասել մեծ մարտահրավերներին:

Այս համատեքստում անհրաժեշտ է նշել, որ օբյեկտիվ պատճառներով բանակը որոշակի ազդեցություն է ունենում պետության կամ քաղաքական գործընթացների վրա, ինչպես օրինակ, Իսրայելի պատմության ընթացքում վարչապետների մեծամասնությունը կամ նախկին գեներալներ են կամ զինվորականներ: Իհարկե,այս խնդրի օբյեկտիվությունը բխում է նրանից, որ Իսրայելում փողոցում քայլող յուրաքանչյուր քաղաքացի զինվորական է կամ այդպիսի ծառայության փորձ ունի: Նշված փաստը, սակայն, չի խանգարում, որ բանակը ենթարկվի երկրի քաղաքական ղեկավարությանը, որտեղ քաղաքացիական վերահսկողության ինստիտուտները կարևոր դեր են խաղում: Իհարկե, երկրում ռազմական հեղաշրջումներիվտանգմշտապես կա, սակայն քաղաքացիական ինստիտուտների զարգացման, ինչպես նաև ժողովրդավարության մակարդակի աճն ամբողջապես կանխում է երկրում խոշոր ցնցումները: Սակայն սրան պետք է ավելացնել այն փաստը, որ քաղաքական ղեկավարության հետ միասին երկրի ղեկը մշտապես եղել է նաև ռազմական ղեկավարների ձեռքին, ուստի այս երկու թևերի համընդհանուր գործունեությունն ամբողջապես կանխում է ԶՈւ-ի՝ քաղաքական գործընթացների մեջ խառնվելը: Ինչպես նաև չի կարելի շրջանցել այն փաստը, որ Իսրայելը մշտական լարվածության մեջ էր արաբական երկրների հետ, ուստի ռազմական թևը ոչ թե նայում էր երկրի սահմաններից ներս՝ որոշ գործընթացներին մասնակցելու գայթակղությամբ, այլ երկրի սահմաններից այն կողմ: Սա Իսրայելի Զինված ուժերի համարհիմնարար արժեք է:

Անկախացումից հետո բանակ-տնտեսություն հարաբերություններն ամենահետաքրքրականն էին Իսրայելում: Ամենահիմնական ու ամենասկզբունքային բաղադրիչն այն է, որ անվտանգությունը և ռազմական բաղադրիչը չեն դիտարկում մեկուսի։ Երկրի ու ժողովրդի անվտանգությունն այնտեղ դիտարկվում է ռազմական, քաղաքական, աշխարհաքաղաքական, իրավական, տնտեսական ու կրթամշակութային մի բազմաշերտ համապատկերում, որում յուրաքանչյուր շերտ ծառայում է համընդհանուր նպատակին և յուրովի կարևոր ու անփոխարինելի է։ Իսրայելում բանակի հզորացմանը զուգընթաց կամ նույնիսկ մի քայլ առաջ ապահովվել է սեփական երկրում ազատ ու ստեղծագործ աշխատանքով զբաղվելու և այն դեպի բանակ մղելուն միտված ռազմավարությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը, թերևս, ամենաշատն է հետաքրքրված երկրի բնակչության արհեստավարժության և համակրթվածության մակարդակի բարձրացմամբ, բանակի մարտունակությունն էլ անմիջականորեն առնչված է երկրի տնտեսական հրաշքին։ Բանակն ամենամեծ սպառող կառույցներից է, որը ցանկացած պետության, հատկապես անվտանգության լուրջ խնդիրներ ունեցող երկրների բյուջեների համար մեծ բեռ է։ Սակայն Իսրայելում բանակը «ֆինանսական բեռից» վերածվել է տնտեսական շարժիչ ուժի, քանի որ մատակարարումները լինում են առավելագույնս թափանցիկ, և այդ գործում խրախուսվում է հատկապես փոքր ու միջին բիզնեսների մասնակցությունը։

Այսպիսով, Իսրայելում պաշտպանական կառույցների նկատմամբ հասարակական վերահսկողության հաստատման գործիքակազմի կիրառությունը, որպես կանոն, աչքի է ընկել արդյունավետությամբ և նպաստել այդ պետությունում պաշտպանական-քաղաքացիական հարաբերությունների կանոնակարգմանը, հասարակությունում զինված ուժերի ինտեգրմանը, զինված ուժերի նկատմամբ հասարակական կարծիքում առկա կարծրատիպերի հաղթահարմանն ու բանակի դրական կերպարի ամրապնդմանը։

Բարդ ու բազմաշերտ է ազգ-բանակի կամ զանգվածային բանակի իսրայելական մոդելը։ Նրա բոլոր բաղադրիչները մի կողմ դնելով շեշտը դնել միայն համատարած զորակոչման վրա՝ պարզունակ ու վնասակար մոտեցում է։ Իսրայելում երիտասարդներին պատրաստում են բանակի համար՝ ուշադրություն դարձնելով ամեն մի մանրուքի վրա։ Իսրայելի բանակին պետք են ոչ միայն նվիրված ու հայրենասեր, այլև գիտակից ու բազմահմուտ զինծառայողներ, ինչի ուղղությամբ էլ բանակը լուրջ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիական կյանքում։

Այստեղ բանակ-պետությունը հանդես է գալիս ոչ թե որպես փոխզսպող ուժ, այլ համակարգը հստակ գործում է ուղղահայացով, ինչն արդեն հնարավորություն է տալիս բանակին հեռու պահել քաղաքական գործընթացներից, որքան էլ դրա գայթակղությունը բավականին մեծ է:

Պետությունը քաղաքացի-զինվոր կոնցեպցիայով առաջ է շարժվում՝ հիմնականում կենտրոնանալով երկու գործոնի համընթաց գործելու համար, ինչը պետությանը, բանակին, տնտեսությանը հնարավորություն է տալիս գործել առանձին, բայց ոչ մեկուսի, մեկը մյուսի հետ համաձայնեցնելով՝ երկիրը դարձնել աշխատող ամբողջական համակարգ:

Հարություն Մաթևոսյան

Ժողովրդավարության XVI դպրոցի շրջանավարտ

Աղբյուրներ և գրականություն

Սույն հոդվածի թեզերը զեկուցվել են Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) 6-րդ՝ «Պաշտպանություն, անվտանգություն և ժողովրդավարություն» երիտասարդական ֆորումի ժամանակ։

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Նկարը՝ ՄԱՀՀԻ-ի

Միացեք մեր Telegram ալիքին