Սև ծովում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական խուսավարումների իրականացման կենտրոնը Ռումինիան է: Հաղորդվում է, որ զորավարժությունների նպատակը ռումինական ծովային ուժերի և ՆԱՏՕ-ի մյուս անդամ-պետությունների բանակների միջև փոխգործակցության ձևավորումն է:

Վարժանքների ընթացքում մշակվելու են դաշինքի հնարավոր ռազմածովային գործողության բոլոր փուլերը` հավանական աշխարհաքաղաքական ճգնաժամի պայմաններում: Սև ծովում անցկացվող զորավարժություններին մասնակցում են շուրջ 2500 զինվորականներ 8 երկրներից` Ռումինիա, ԱՄՆ, Թուրքիա, Բուլղարիա, Իսպանիա, Լեհաստան և այլն:

Վերջին ամիսների ընթացքում սա Սև ծովում ՆԱՏՕ-ի առաջին զորավարժությունները չեն: Շաբաթվա սկզբում Թուրքիան, Ռումինիան և Իսպանիան Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի հետ վարժանքներ են կատարել Օդեսայի մոտակայքում: Մարտի սկզբին Սև ծովում խուսավարումներ են կատարել դաշինքը 6 երկրներ, որոնց թվում` ԱՄՆ-ը և Ֆրանսիան:

Միևնույն ժամանակ Ղրիմում այս օրերին ընթանում են ռուսական օդադեսանտային զորքերի լայնածավալ զորավարժություններ, որոնց ընթացքում խաղարկվում է հակառակորդի ծովային դեսանտի ափիջեցման պարագայում ափամերձ հատվածի պաշտպանական խնդիրների իրականացումը:

Միացեք մեր Telegram ալիքին