Ի՞նչ կանի Ռուսաստանը, եթե Ուկրաինան հարձակվի Դոնբասի վրա

«Առանց Ռուսաստանի ակտիվ աջակցության` Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը (ԴԺՀ) և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը (ԼԺՀ) չեն կարողանա տևական ժամանակ դիմակայել Ուկրաինայի զինված ուժերին»: Սերգեյ Մարժեցկու խոսքով` եթե Մոսկվան պարզապես փակի սահմաններն ու հայտարարի, որ Դոնբասում տեղի ունեցողը ներուկրաինական հարց է, ապա այդ երկու հանրապետությունները կործանման են դատապարտված: Առանցքային հարցը` որքա՞ն կխորանա ռուսական ղեկավարությունը` Դոնեցկին ու Լուգանսկին պաշտպանելու համար:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ ուկրաինական հարձակման դեպքում Ռուսաստանի հնարավոր գործողությունների մասին հարցին ի պատասխան` Վլադիմիր Պուտինը դեռևս 2018թ. հայտարարել էր, որ դա շատ ծանր հետևանքներ կունենա ուկրաինական պետության համար:

Հարցադրում է հնչում. «Արդյո՞ք Ռուսաստանը կարող է հաղթել Ուկրաինայի ԶՈՒ-ին ու հասնել Կիև»: Մարժեցկու կարծիքով` այո, սակայն դա շատ թանկ կարժենա ՌԴ-ի համար. մեծ թվով զոհեր ու տեխնիկայի կորուստ, հետագայում` խնդիրներ պարտիզանների հետ և այլն:

Հեղինակի խոսքով` ներկայումս ամենակարևորն այն է, որ Արևմուտքում հանգիստ չեն հետևելու ընթացող լայնածավալ պատերազմին: Ուկրաինա օտարերկրյա զորքեր մտցնելու իրավունքի մասին օրենքն արդեն ընդունված է, այդ պատճառով արշավը Կիևի ուղղությամբ ամենայն հավանականությամբ կավարտվի Արևմտյան, ապա և` Աջափնյա Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորախմբի տեղակայմամբ: Այդտեղ արդեն ամեն ինչ կախված կլինի ՌԴ ԶՈՒ-ի շարժունակությունից ու օդադեսանտային ուժերի գործողություններից, որպեսզի հասցնեն առաջինը վերցնել իրենց վերահսկողության տակ: Փաստացի` դա կնշանակի Ուկրաինայի մասնատում: Մարժեցկու կարծիքով` ՆԱՏՕ-ն այդ դեպքում կմոտենա ռուսական սահմաններին թե ընդհակառակը` կհեռանա, քննարկման հարց է:

Հեղինակը նշում է, որ ներկայումս Ռուսաստանն արդեն արևմտյան պատժամիջոցների ներքո է, իսկ այդպիսի ակտիվ հարձակողական գործողությունների դեպքում կարժանանա ավելի խիստ սահմանափակումների: «Հյուսիսային հոսք-2»-ի մասին ընդհանրապես ստիպված կլինի մոռանալ: Մարժեցկին հնարավոր է համարում, որ Կիևը կդադարեցնի ռուսական գազը տարանցումն իր տարածքով, իսկ գները Եվրոպայում կաճեն, ինչի առթիվ սեղմված հեղուկ գազ արտադրող ամերիկյան ընկերությունները բավականին կուրախանան:

Նշվում է, որ Մոսկվան այդպես «ազատորեն» կարող էր գործել 2014-2015թթ.: Հեղինակի խոսքով` 2021թ. նույնպես հնարավոր է, սակայն արդեն շատ թանկ կարժենա, հատկապես եթե ամեն ինչ ստիպված լինի ինքնուրույն անել, առանց տեղական «պրոքսիների»:

Հիշեցնենք, որ վերջին օրերին բազմաթիվ փորձագետներ ահազանգում են, որ Ուկրաինան մեծ ուժեր է կենտրոնացնում Դոնբասի մոտակայքում` պատրաստվելով պատերազմի: Ժամկետ է նշվում ամենաուշը մայիս ամիսը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ուկրաինան Թուրքիայից «բայրաքթարներ» է ձեռք բերում և տեղակայում մերձդոնեցկյան շրջաններում:

Նկար` © Валерий Мельников / РИА Новости

Միացեք մեր Telegram ալիքին