Թողարկվել է Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի լրագրի 2021թ. 1-ին համարը

Արդեն հասանելի է Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի (ՎԱՄԱ) լրագրի 2021թ-ի փետրվարյան համարը:

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի մամուլի քարտուղար Մելինե Ասրյանի հաղորդմամբ` լրագիրը տարին երկու անգամ է հրատարակվում, նախատեսված է աստղագետների համար, որի նպատակն է բարձրաձայնել վիրտուալ աստղադիտարանների՝ աստղագիտական հետազոտություններ անելու համար նախատեսված գործիքների և տեխնոլոգիաների նոր հնարավորությունները։ Այն նաև պարունակում է տեղեկատվություն վերջին և գալիք իրադարձությունների մասին։

Այս համարում անդրադարձ է կատարվել ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի կողմից 2020թ. անցկացված «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ 2» միջազգային գիտաժողովին (սեպտեմբերի 14-18) և «Բյուրականյան 7-րդ միջազգային ամառային դպրոց»-ին (սեպտեմբերի 7-11)։ Համավարակի պատճառով թե՛ միջազգային և թե՛ ամառային դպրոցն այս տարի անցկացվել էին առցանց ձևաչափով։

© IVOA

ՎԱՄԱ-ն հիմնադրվել է 2002թ. և ներկայումս միավորում է 21 ազգային նախագիծ, այդ թվում Հայկական վիրտուալ աստղադիտարանը (ՀՎԱ, ArVO)։ ՎԱՄԱ-ն ունի 6 աշխատանքային խումբ և 7 թեմատիկ խումբ, ինչպես նաև Տեխնիկական համակարգման խումբ (TGC) և Գիտական առաջնահերթությունների հանձնաժողով (CSP)։

ՎԱՄԱ-ն փոխգործակցության խորհրդակցություններ է անցկացնում տարեկան երկու անգամ (Փարիզի խորհրդակցությանը ներկա էր 126 մասնակից), և ևս մի քանի քննարկում կազմակերպվում է հեռակոնֆերանսի (teleconference) տեսքով։ ՎԱՄԱ-ն կազմակերպում է նաև տարեկան կանոնավոր խորհրդակցություններ՝ «Աստղաֆիզիկական տվյալների վերլուծություն և ծրագրային համակարգեր» (ADASS) թեմայով:

Միացեք մեր Telegram ալիքին