Բայդենը քրդերի միջոցով կպայքարի Թուրքիայի դեմ. Քուրդիստանի ծրագիրը ճանապարհին է

ԱՄՆ-ի նոր նախագահ Բայդենը վերանայել է Թրամփի արտաքին քաղաքականությունը: Ամերիկյան զորքերը, չհասցնելով հեռանալ Իրաքից ու Սիրիայից, սկսել են վերադառնալ` վերստին «ծածկելով» Մերձավոր Արևելքը, և այս հարցում Վաշինգտոնի կողմից հիմնական դերակատար են ընտրվել քրդերը:

Քրդերն ապրում են հիմնականում Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում, և չունեն պետականություն: Համարվում է, որ ԽՍՀՄ-ն աջակցություն էր ցուցաբերում նրանց: 90-ականներից հետո Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը փոխվել է, և քրդերը կողմնորոշվել են դեպի ԱՄՆ-ը, որի օգնությամբ փորձում են ստեղծել անկախ Քուրդիստան: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Վաշինգտոնն օգտագործեց քրդական զինված խմբերին` նրանց օգնությամբ տիրանալով Սիրիայի հյուսիս-արևելյան նավթային տարածքներին:

Ընդունված է համարել, որ այդ ամենից հետո ամերիկացիները քրդերին միայնակ են թողել թուրքերի դեմ, որոնց համար անկախ Քուրդիստանն ազգային անվտանգության խնդիր է: Անկարան Սիրիայի հյուսիսում մի շարք ռազմական գործողություններ է իրականացրել` ստեղծելով «անվտանգության գոտի»: Թրամփը բավարարվել է միայն նավթահորերի վրա վերահսկողությամբ: Իսկ Սիրիայի կառավարությունն այդ նավթի վաճառքից եկամուտներ, փաստացի, չունի. 2020թ. օրական կտրվածքով արդյունահանված 89 հազար տոննա «սև ոսկուց» 80 հազարը «գողացվել է»:

Եվ ահա սիրիացի քրդերի շուրջ նոր իրադարձություններ են սկսվում: Հաղորդվում է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված ռուսական զորախմբերը տեղափոխվել են` այստեղ նույնպես քրդերին թողնելով թուրքերի դեմ միայնակ: Սա համարվում է ճնշում նրանց վրա` Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնման համար: Նշվում է, որ քրդական զինված խմբավորումները նպատակ ունեն վերահսկողության տակ վերցնել Դամասկոսը: Միևնույն ժամանակ` Իրաքից Սիրիա ձգվող ճանապարհի երկայնքով նկատվել են ամերիկյան Avenger փոքր հեռահարությամբ ՀՕՊ համակարգեր (ըստ որոշ տեղեկությունների` նաև ավելի հզոր Patriot-ներ): Դրանց հիմնական նպատակը դրոնների և ցածր թռչող ուղղաթիռների ու ինքնաթիռների դեմ պայքարն է: Ենթադրվում է, որ դրանք նախատեսված են Սիրիայում ամերիկյան բազաների պաշտպանության համար, իսկ ավելի հավանական է համարվում, որ դրանք ծածկելու են քրդական խմբավորումների երկինքը:

Ի՞նչ նպատակներ ունի ԱՄՆ-ն` քրդերին աջակցելով

Հարցադրում է հնչում, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ն գնում ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի դեմ հանդիման` աջակցելով քրդերին: Մի քանի նպատակներ են նշվում.

Նախ` Վաշինգտոնը գիտակցված է հակադրվում Անկարային: Թեև Թուրքիան ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցներից է ռազմական ոլորտում, և համարվում էր, որ Անկարան ՆԱՏՕ-ից ոչ մի տեղ չի կարող հեռանալ, սակայն Դոնալդ Թրամփի իշխանության օրոք Մերձավոր Արևելքում իրավիճակ է փոխվել:

Անկարան սկսել է նեոօսմանյան քաղաքականություն վարել տարածաշրջանում: Խլել է Սիրիայի հյուսիսը, հասել է Լիբիա, պատրաստվում է ստեղծել լիակատար ավիակիր` ձգտելով տիրանալ հունական կղզիներին: Էրդողանն Ադրբեջանին օգնել է գրավել Արցախի մի մասը` նպատակ ունենալով ստանալ դեպի Կասպից ձգվող ցամաքային միջանցք: Միջին Ասիայում ակտիվորեն տարածում է պանթյուրքիստական գաղափարները:

Ակնհայտ է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելն այս գործողությունները չեն ողջունում: Թուրքիան ձգտում է վերածվել մակրոտարածաշրջանային խաղացողի: Այստեղ քրդերին ցուցաբերվող աջակցությունը կարող է Անկարային զսպող գործիք դառնալ. Թուրքիայի ընդարձակմանն ծրագրերն ամերիկացիները կարող են խոչընդոտել Քուրդիստանի ծրագրով, որը սպառնում է հենց թուրքական պետության գոյությանը: Բացի այդ, քրդական հանգամանքն Անկարային կարող է զսպել նաև ռուսական սպառազինության ձեռքբերման հարցում:

Երկրորդ` աջակցելով քրդերին` Վաշինգտոնը խաչ է քաշում Դամասկոսի, Թեհրանի և Մոսկվայի` Սիրիայի Արաբական Հանրապետության ամբողջականության վերականգնման փորձերը: Դա լրջորեն նվազեցնում է Ռուսաստանի և Իրանի հնարավորությունները` ստիպելով այնտեղ էական ուժեր պահել:

Երրորդ` ամերիկացիներին չի «խանգարի» նաև սիրիական նավթը: Սա խլելով Դամասկոսից` ԱՄՆ-ը թուլացնում է Բաշար Ասադի իշխանությունը: Զարմանալի չի թվա, եթե ապագայում նավթային ռեսուրսներն պատկանեն Բայդենի ընտանիքին, որը, ինչպես նշվում է, անտարբեր չի փողի նկատմամբ (Ուկրաինայի օրինակն է բերվում):

Այդպիսով` քրդերը ներկայումս վերածվում են Մերձավոր Արևելքի կարևորագույն աշխարհաքաղաքական դերակատարի: Աջակցելով նրանց` ԱՄՆ-ը կարող է մեկ կրակոցով սպանել միաժամանակ մի քանի նապաստակների` խաղալով միաժամանակ Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի դեմ:

Հեղինակ` Սերգեյ Մարժեցկի

Նկարը` © Delil Souleiman/AFP via Getty Images

Միացեք մեր Telegram ալիքին