Արտահոսքի պատճառով դադարեցվել է ադրբեջանական գազի մատակարարումը Թուրքիա և Եվրոպա

Թուրքական EPIAS էներգետիկ բորսայի հաղորդմամբ` Ադրբեջանից Թուրքիա և Եվրոպա գազի մատակարարումը փետրվարի 23-ից դադարեցվել է:

Հաղորդվում է, որ գազամատակարարումը ժամանակավորապես է դադարեցվել: Պատճառն ադրբեջանական գազատարի տեխնիկական անսարքությունն է (արտահոսք): Նշվում է, որ Թուրքիան ներկայումս օգտվում է այլ աղբյուրներից` Ռուսաստանից և Իրանից ստացվող գազից, ինչպես նաև սեղմված բնական գազի տերմինալներից:

Գազատարը փակվել է թուրք-վրացական սահմանային հատվածում («Թուրքգյոզու» անցակետ), սակայն չի նշվում` գազատարի անսարքությունը Վրաստանի՞ տարածքում է հայտնաբերվել, թե՞ Ադրբեջանի:

Հիշեցնենք, որ Ադրբեջանից Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա ձգվող և այնտեղից Եվրոպա հասնող «Հարավային գազային միջանցք» գազատարի «Տրանսադրիատիկ» հատվածը (TAP) շահագործման էր հանձնվել 2020թ. դեկտեմբերի 31-ին:

Նախագծի հզորությունը պետք է կազմի 16 մլրդ խմ գազ` տարեկան: Դրանից 6 մլրդ-ը նախատեսված է Թուրքիայի համար, 10 մլրդ-ը` Եվրամիության երկրների, որից 8 մլրդ-ը` Իտալիայի, մեկական` Հունաստանի ու Բուլղարիայի համար:

Նկարը` © Albinfo

Միացեք մեր Telegram ալիքին