Չինաստանը շրջանցել է Թուրքիային` դառնալով Վրաստանի առևտրային խոշոր գործընկերը

Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ 2021թ. հունվարին Վրաստանի առևտրային խոշոր գործընկեր է դարձել Չինաստանը, որի հետ արտաքին առևտրի շրջանառութունը կազմել է 126,5 մլն դոլար: Հաջորդ 10-յակում են` Թուրքիան` 114,3 մլն դոլար, Ադրբեջանը` 86,2 մլն, Ռուսաստանը` 78,3 մլն, ԱՄՆ-ը` 39,7 մլն, Ուկրաինան` 36,8 մլն, Բուլղարիան` 33 մլն, Գերմանիան` 25,2 մլն, Հայաստանը` 23,9 մլն, և Իտալիան` 18 մլն դոլար:

Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության տվյալներով` նշված 10 երկրներին բաժին է ընկնում վրացական ապրանքների արտահանման 80%-ը. Վրաստանից արտահանման ուղղությունների շարքում առաջին տեղում Ադրբեջանն է, ապա` Բուլղարիան և Չինաստանը: Արտահանվում են հիմնականում պղնձանյութ և խտանյութեր (կոնցենտրատներ): Նախորդ ամսվա ընթացքում դրանց արտահանումից ստացված գումարը կազմել է 49,7 մլն դոլար (ընդհանուր ծավալի 22,1%-ը): Երկրորդ տեղում թեթև մարդատար ավտոմեքենաներն են` 24,9 մլն դոլար (11,1%): Վրաստանից արտահանվող ապրանքների շարքում երրորդ տեղում երկաթամիահալվածքներն են` 23,3 մլն դոլարի (10,4%):

Հունվար ամսին Վրաստան ներմուծված ապրանքների մեջ գերակշռում են չինականները: Ներմուծող երկրների շարքում, Չինաստանից հետո, Թուրքիան է և Ռուսաստանը: Ներկրվում է հիմնականում նավթային գազ (46,3 մլն դոլար կամ ընդհանուր ծավալի 8,6%-ը), մեքենաներ և շարժողական, փորիչ և հորատիչ մեխանիզմներ (40,8 մլն դոլար կամ 7,6%), նավթ և նավթամթերք (36,6 մլն դոլար կամ 6,8%):

Վրաստանի ՎԱԾ-ի տվյալներով` երկրի արտաքին առևտրի շրջանառությունը 2021թ. հունվարին ընդհանուր առմամբ կազմել է 762,5 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 16,5%-ով քիչ է:

Նկարը` © Global Atlanta

Միացեք մեր Telegram ալիքին