ՀՀ 2020թ․ սոցիալ-տնտեսական զարգացման միտումները. Արտակ Մարկոսյան

2020թ․ բարդ ու ծանր տարի էր ողջ աշխարհի համար: Կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխելուն ուղղված տնտեսական և հաղորդակցման սահմանափակումներն էական ազդեցություն են ունեցել աշխարհի տարբեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացումների վրա․ կրճատվել են փոխադարձ ուղևորափոխադրումները, համաշխարհային առևտրային հարաբերություններին մեծ հարված է հասցվել, իսկ համաշխարհային տնտեսության մինչև 10 տոկոս մասնաբաժին ունեցող զբոսաշրջային ոլորտը հայտնվել է խոր ճգնաժամի մեջ:

Վերոնշյալ զարգացումներից անմասն չի մնացել նաև Հայաստանի Հանրապետությունը: 2020թ․ մարտ ամսից ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակի տարածումը սկսեց լրջորեն ազդեցություն ունենալ սոցիալ-տնտեսական զարգացումների վրա: Տնտեսական գործունեության և ծառայությունների ոլորտի սահմանափակումները, զբոսաշրջային հոսքերի բացակայությունը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ցուցանիշները դրականից վերափոխեցին բացասականի, և կառավարությունը ստիպված էր տնտեսության ու սոցիալական ոլորտի համար մոտ 150 մլրդ դրամի աջակցության փաթեթներ մշակել և իրագործել:

2020թ․ կեսերից համավարակի տարածման որոշակի նվազմանը զուգահեռ՝ տնտեսական ակտիվությունը սկսեց վերականգնվել, և արդեն սեպտեմբերին նկատելի էին տնտեսության աշխուժացման որոշակի դրական միտումներ: Սակայն  2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիան և Արցախյան 2-րդ պատերազմն ի չիք դարձրեցին բարելավման միտումները, և պատերազմական ծախսերի ավելացումն ու պատերազմի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները խորացրեցին տնտեսությունում առկա խնդիրները: Արցախի Հանրապետությունից մեր հայրենակիցների զանգվածային արտահոսքը և տեղափոխությունը Հայաստանի Հանրապետություն,  բազմահազար զոհերն ու վիրավորներն առավել խորացրեցին կորոնավիրուսից արդեն իսկ տուժած տնտեսության վրա սոցիալական բաղադրիչի առկա ճնշումը:      

Պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները դեռևս երկարատև ժամանակահատվածում կարող են ճնշում գործադրել սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, և դրա լուծման համար պահանջվելու են առկա ռեսուրսների էական համախմբում և կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում:

Փաստացի այս պահին Հայաստանի Հանրապետությունում առկա է սոցիալական սուր ճգնաժամ, քանի որ պատերազմի հետևանքով բազմաթիվ ընտանիքներ զրկվել են իրենց կերակրողից: Հազարավոր երիտասարդներ վիրավոր են, նրանց վերականգնման համար պահանջվելու են դրամական մեծ միջոցներ:

Ի լրումն այս խնդիրների՝ Համաշխարհային բանկի տվյալներով, որը հրապարակվել էր մինչ Արցախյան 2-րդ պատերազմը, միայն կորոնավիրուսի համավարակի և դրա տնտեսական հետևանքների պատճառով ՀՀ-ում աղքատ մարդկանց թիվը կարող է ավելանալ 245 հազար մարդով: 2020թ․ սեպտեմբերի տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունում աղքատների թիվը կազմել է ընդհանուր բնակչության 26,4 տոկոսը: Եթե նկատի ունենանք նաև Համաշխարհային բանկի կանխատեսումները, ապա արդեն իսկ հաջորդ տարի  աղքատների թիվը ՀՀ-ում կարող է հասնել 35 տոկոսի:

Առկա է նաև առողջապահական ճգնաժամ, որի լուծումը դեռևս հեռու է հանգուցալուծումից: Այն կապված է կորոնավիրուսի հետ, և դրան ավելանում են նաև պատերազմի հետևանքով վիրավորների վերականգնողական և բուժման համար դրամական հատկացումների շարունակականությունը:

Առկա է հումանիտար ճգնաժամ: Բացի այն, որ Հայաստանում պատերազմի հետևանքով ունենք Արցախից հեռացած հազարավոր հայրենակիցներ, որոնց կենցաղավարման, երեխաների կրթության, սոցիալական խնդիրները պետք է լուծվեն, միաժամանակ անհրաժեշտ է նաև դրամական ու այլ կարգի աջակցություն տրամադրել Արցախ վերադարձող մեր հայրենակիցներին, վերականգնողական աշխատանքներ իրականացնել ինչպես Արցախում, այնպես էլ պատերազմից տուժած Հայաստանի սահմանամերձ համայնքներում:

Լուրջ  խնդիր է տնտեսական ակտիվության վերականգնման համար դրամական միջոցների հատկացումները և խթանիչ միջոցառումների իրականացումը: Միաժամանակ անհրաժեշտ է վերականգնել երկրի ներքին կայունությունը և քաղաքական գործընթացները տեղափոխել ավելի կառուցողական դաշտ, քանի որ ներկա անորոշությունն ու ապագայի բացասական սպասումները մեծ հարված են հասցնում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: Սրան գումարվում է նաև դրամի արժեզրկման հետևանքով գնաճային երևույթները և առաջնային ապրանքների, մասնավորապես սննդամթերքի կտրուկ թանկացումը, որն էական լարվածություն է առաջացրել սոցիալական ոլորտում:

Ինչևէ, 2020թ․ հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը -7,5 տոկոս անկում է արձանագրել: Ընդ որում, ամսական կտրվածքով՝ 2020թ․ դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ արձանագրվել է իրավիճակի բարելավում, և աճը կազմել է 22,7 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2020թ․ հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0,9 տոկոսով: Ընդ որում, մշակող արդյունաբերությունը նվազել է 3,9 տոկոսով, որից սննդամթերքինը՝ 0,4, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 19,7, ոսկերչական իրերի արտադրությունը՝ 13,3 տոկոսով: Միաժամանակ, հանքագործական արդյունաբերության և բացհանքների շահագործման ծավալներն աճել են 11,6, հիմնական դեղագործական արտադրանքի և պատրաստուկների արտադրությունը՝ 23,6, էլեկտրական սարքավորումներինը՝ 22,6, իսկ կահույքի արտադրությունը՝ 13,1 տոկոսով: Ի տարբերություն արդյունաբերության նվազման՝ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 2020թ․ աճել է 1,4 տոկոսով, որից բուսաբուծության ոլորտը՝ 2,3, անասնաբուծությունը՝ 0,4,  իսկ ձկնորսությունը՝ 4,4 տոկսոով: Տնտեսական ակտիվության  ցուցանիշը բնութագրող մյուս ոլորտներում տեղի է ունեցել անկում: Մասնավորապես, շինարարության ծավալները 2020թ․ հունվար-դեկտեմբերին նվազել են 9,5 տոկոսով:

Լուրջ անկում է գրանցվել առևտրի շրջանառության ոլորտում, որը տարեկան կտրվածքով կրճատվել է 14 տոկոսով, ընդ որում, մանրածախ առևտուրը նվազել է 17,3, մեծածախը՝ 9, իսկ ավտոմեքենաներինը՝ 33,5 տոկոսով: Մանրածախ առևտրի ծավալներով ՀՀ-ում շարունակում է գերիշխող մնալ մայրաքաղաք Երևանը, որտեղ իրականացվել է այդ առևտրի 69,7 տոկոսը, Կոտայքի մարզին բաժին է ընկել՝ 5,3, Արմավիրին՝ 4,4, Արարատին՝ 4,3 տոկոսը: Ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Վայոց Ձորի մարզում՝ 0,7 տոկոս:

Կորոնավիրուսային համավարակը, առողջապահական գործոնով պայմանավորված սահմանափակումները, զբոսաշրջային հոսքերի կրճատումն էական ազդեցություն են ունեցել ծառայությունների ոլորտի վրա, որտեղ 2020թ․ հունվար-դեկտեմբեր ամիսներին արձանագրվել է 14,9 տոկոս անկում: Այս ոլորտում անկման ամենամեծ ցուցանիշն արձանագրվել է կացություն և հանրային սննդի կազմակերպման մեջ, որտեղ տարեկան կտրվածքով անկումը կազմել է 45, որից հանրային սննդի կազմակերպման նվազումը 38,4  տոկոս է կազմել: Նշված ժամանակահատվածում շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունն արձանագրել է 18,4 տոկոս անկում: Ծառայությունների մատուցման մեջ լուրջ աճ են արձանագրել տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև տեղեկատվության և կապի ոլորտները՝ համապատասխանաբար՝ 22,7 և 6,1 տոկոս: Չնայած տնտեսական ոչ բարենպաստ զարգացումներին՝ էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 1,2 տոկոսով:

Կորոնավիրուսային համավարակն ու դրա հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունները բացասական ազդեցություն չեն ունեցել միջին ամսական անվանական աշխատավարձի վրա, որը 2020թ․ հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,9 տոկոսով և կազմել 189,7 հազար դրամ: Ընդ  որում, պետական հատվածում աճն ավելի մեծ է եղել՝ 5, ոչ պետականում՝ 3 տոկոս: Սա հիմնականում բացատրվում է պետական կառավարման համակարգում նախորդ տարվանից սկիզբ առած ամենամսյա պարգևատրումներով:

Աշխատանքային շուկայի հիմնական ցուցանիշների առումով կորոնավիրուսային համավարակն ու պատերազմը բավական բացասական ազդեցություն են ունեցել: Մասնավորապես, 2020թ․ 9 ամիսների կտրվածքով, ի տարբերություն 2019թ․ նույն ժամանակահատվածի, բնակչության աշխատանքային ռեսուրսները կրճատվել են 5,1 հազար մարդով, աշխատուժի առաջարկը՝ 32,6, զբաղվածների թիվը՝ 40,8 հազար մարդով: Նույն ժամանակահատվածում գործազուրկների թիվն ավելացել է 1 տոկոսային կետով կամ 8,2 հազար մարդով ՝ դառնալով 226,9 հազար մարդ:

Տնտեսական առկա դժվարությունները չեն կասեցրել Հայաստանի Հանրապետության տարածքում նոր կազմակերպությունների գրանցումը: 2020թ․ նախորդ տարվա համեմատ նոր գրանցված կազմակերպությունների թիվն աճել է 6035-ով և հասել 52427-ի: 2020թ․ տվյալներով, ի տարբերություն տարեսկզբի, գրանցված աշխատողների թիվն աճել է 9,5 հազարով և կազմել 637,4 հազար մարդ: Չնայած աշխատողների թվաքանակի աճին՝ մասնագետները նշում են, որ ավելացած գրանցված աշխատատեղերի մեծ մասը ստվերից դուրս եկած հատվածն է և կապված է հարկային մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետ: ՀՀ քաղաքացիների տնօրինվող եկամուտները 2020թ․ նախորդ տարվա համեմատ աճել են 5,9 հազար դրամով՝ կազմելով 183,6 հազար դրամ: Կորոնավիրուսային համավարակն ու Արցախյան 2-րդ պատերազմը բացասական են ազդել ՀՀ-ի պետական պարտքի ցուցանիշի կազմավորման վրա: 2020թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ այն հասել է 7 մլրդ 968 մլն դոլարի, և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 647,2 մլն դոլար: Արտաքին պարտքի ցուցանիշն աճել է 268,6 մլն դոլարով և հասել 6 մլրդ 53 մլն դոլարի, իսկ ներքինը՝ 378,6 մլն-ով կամ 1 մլրդ 915 մլն դոլարի:

Արցախյան երկրորդ պատերազմը, կորոնավիրուսը և համավարակով պայմանավորված սահմանների անցման հետ կապված խնդիրները 2020թ․ կտրվածքով այնքան էլ խոչընդոտ չեն հանդիսացել Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության համար: Բնականաբար, կորոնավիրուսի համավարակը, դրա հետևանքով համաշխարհային տնտեսությունում առկա խնդիրներն իրենց ազդեցությունն են ունեցել առևտրային հարաբերությունների վրա: Մասնավորապես, 2020թ․ Հայաստանի Հանրապետության ընդհանուր առևտրաշրջանառությունը կրճատվել է 13,2 տոկոսով և կազմել 7 մլրդ 103 մլն դոլար: Արտահանումը (ՖՕԲ գներով) կազմել է 2 մլրդ 544 մլն դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,9  տոկոսով, իսկ ներմուծումը (ՍԻՖ գներով)՝ 4 մլրդ 559 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ կրճատվելով 17,7 տոկոսով:

Հայաստանի Հանրապետության արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության հիմնական գործընկերների շարքում են ԵԱՏՄ անդամ երկրները, որոնց հետ առևտրաշրջանառությունը 2020թ․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,6 տոկոսով՝ 2 մլրդ 253 մլն դոլար: Ինչպես և նախորդ տարիներին, 2020թ․ ևս Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է, որին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրի 30,3 տոկոսը: 2020թ․  Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 155 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 3,5 տոկոսով: Բելառուսի Հանրապետության հետ ապրանքաշրջանառությունն ավելացել է 17,4 տոկոսով և կազմել 79,5 մլն դոլար: Ղազախստանի հետ ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 2 անգամ և հասել 16,3 մլն դոլարի:

ԱՊՀ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2020թ․, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, նվազել է 12,3 տոկոսով և կազմել 177,1 մլն դոլար: ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի Հանրապետության առաջնային առևտրային գործընկերն Ուկրաինայի Հանրապետությունն է, որի հետ 2020թ․  ապրանքաշրջանառությունը կազմել է 148,5 մլն դոլար` նախորդ տարվա համեմատ կրճատվելով 13 տոկոսով: ԱՊՀ երկրներից ապրանքաշրջանառության աճ է գրանցվել միայն Ուզբեկստանի հետ՝ 52,8 տոկոս և կազմել 9,1 մլն դոլար:

Կորոնավիրուսն ու տնտեսական կապերի սահմանափակումներն ազդեցություն են ունեցել նաև Հայաստանի և Եվրոպական Միության երկրների միջև արձանագրված ապրանքաշրջանառության վրա: 2020թ․, նախորդ տարվա  համեմատ, Հայաստանի և Եվրոպական Միության երկրների միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 22,9 տոկոսով և կազմել 1 մլրդ 276 մլն դոլար: Եվրոպական Միության երկրների շարքում Հայաստանի Հանրապետության խոշորագույն գործընկերը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն է, որի հետ 2020թ․ կտրվածքով փոխադարձ ապրանքաշրջանառությունը կազմել է 291 մլն դոլար․ նախորդ տարվա համեմատ գրանցվել է 35,7 տոկոս անկում: Եվրոպական Միության երկրների շարքում Հայաստանի Հանրապետության խոշոր առևտրային գործընկերներ են նաև Բուլղարիան, որի հետ 2020թ․ ապրանաշրջանառությունը կրճատվել է 27,8 տոկոսով՝ կազմելով 171,9 մլն դոլար, Իտալիան և Նիդերլանդները, որոնց հետ նվազումը կազմել է համապատասխանաբար՝ 12,2  և 34,6 տոկոս և 232,5 ու 126,7 մլն դոլար: Եվրոպական Միության երկրների շարքում ապրանքաշրջանառության աճ է գրանցվել Ֆինլանդիայի հետ՝ 23,2 տոկոս և կազմել 26,2 մլն դոլար:

Այլ երկրների շարքում Ռուսաստանի Դաշնությունից հետո Հայաստանի Հանրապետության խոշոր առևտրային գործընկերը Չինաստանի Հանրապետությունն է, որի հետ առևտրաշրջանառությունը 2020թ․ կազմել է 964,5 մլն դոլար, իսկ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 2 տոկոս: Ապա հաջորդում են Շվեյցարիան՝ 485,5, Իրանի Իսլամական Հանրապետությունը` 400,1, Իրաքը՝ 165,5 և Վրաստանը՝ 129,7 մլն դոլար: 2020թ․ Իրաքի, Վրաստանի, Շվեյցարիայի և Իրանի հետ առևտրաշրջանառությունը կրճատվել է համապատասխանաբար՝ 8,8, 12,9, 5,1 և 2,2 տոկոսով։

Ինչ վերաբերում է արտահանմանը և ներմուծմանը, ապա Հայաստանի Հանրապետության համար սեփական ապրանքների մատակարարման հիմնական շուկա է մնում Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ 2020թ․ իրացվել է 675,9 մլն դոլարի արտադրանք՝ 9 տոկոսով քիչ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:  Ռուսաստանի Դաշնությունից ներմուծումը ևս կրճատվել է՝ 1 մլրդ 638 մլն  դոլար և նախորդ տարվա համեմատ նվազել է 0,7 տոկոսով: ԵԱՏՄ երկրներից Բելառուսի Հանրապետություն Հայաստանից արտահանվող ապրանքների հանրագումարը կազմել է  21,2 մլն դոլար, և աճը կազմել է 18,7 տոկոս, իսկ ներմուծումը՝ 59,5  մլն դոլար, աճը՝ 18 տոկոս:

ԱՊՀ երկրներ Հայաստանի Հանրապետությունից արտահանումը 2020թ․ նվազել է 22,9 տոկոսով և կազմել 34,4 մլն դոլար: Արտահանման ցուցանիշների վատթարացում է արձանագրվել նաև Եվրոպական Միության հետ երկրների հետ առևտրում: 2020թ․ Եվրոպական Միության երկրներ արտահանումը կազմել է 428,9 մլն դոլար, իսկ նվազումը՝ 25,9 տոկոս: Միաժամանակ Եվրոպական Միությունից ներմուծումը ևս նվազել է 17,1 տոկոսով և կազմել 925,7 մլն դոլար:

Բավականին բարելավվել է արտահանումը Հայաստանի Հանրապետությունից դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ․ աճը կազմել է 25,9 տոկոս և 67,8 մլն դոլար: Ի տարբերություն արտահանման՝ ներմուծումը նվազել է 78,1 տոկոսով և կազմել 78,3 մլն դոլար, որն էլ հիմնականում պայմանավորված է ավտոմեքենաների զանգվածային ներմուծման կրճատմամբ։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ բարելավվել է արտահանման գործընթացը դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ․ աճը կազմել է 67 տոկոս կամ 95,6 մլն դոլար, իսկ ներմուծումը նվազել է 57,4 տոկոսով և կազմել 98,2 մլն դոլար: Կորոնավիրուսի համավարակը նաև խոչընդոտ չի հանդիսացել դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանման ցուցանիշների աճի համար՝ 1,1 տոկոս կամ 84,7 մլն դոլար: Միևնույն ժամանակ Իրանից ներմուծումը նվազել է 3 տոկոսով և կազմել 316,1 մլն դոլար:

2020թ․ ընթացքում Հայաստանը գրեթե 50 տոկոսով ավելացրել է ապրանքների արտահանումը դեպի Չինաստանի Հանրապետություն՝ այն հասցնելով 290 մլն  դոլարի, իսկ ներմուծումը նվազել է 10,8 տոկոսով և կազմել 674,4 մլն դոլար: Բարելավվել է նաև դեպի Շվեյցարիա Հայաստանից արտահանման ցուցանիշը՝ 2,1 տոկոսով և կազմել 467,3 մլն դոլար:

Վերջին տարիներին հայկական արտադրանքի համար լավ շուկա հանդիսացող Իրաքի Հանրապետություն արտահանումը 2020թ․  նվազել է 7,8 տոկոսով և հասել 163,4 մլն դոլարի, իսկ հարևան Վրաստան արտահանումը կրճատվել է 17 տոկոսով և կազմել 57,4  մլն դոլար:

Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների շարքում ամենամեծ չափաբաժինը ձևավորել է հանքահումքային արտադրանքը, որը դոլարային արտահայտությամբ կազմել է 828 մլն, և արտահանման կառուցվածքում նրա կշիռը կազմել է 32,5 տոկոս: 2020թ․  հանքահումքային արտադրանքի արտահանումն աճել է 11,5 տոկոսով:

Երկրորդն այս խմբում պատրաստի սննդի արտահանումն է, որը կրճատվել է 12,8 տոկոսով և կազմել 559,9 մլն դոլար: Նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից  ավելացել է կենդանի կենդանիների և կենդանական ծագման արտադրանքի արտահանումը, որի աճը կազմել է 52,7 տոկոս՝ 59 մլն դոլար, իսկ բուսական ծագման արտադրանքի արտահանումն ավելացել է 27,3 տոկոսով և կազմել 135,8 մլն դոլար:

Հայաստանի Հանրապետությունից մանածագործական իրերի արտահանումը 2020թ․  կրճատվել է 21,6 տոկոսով կամ 132,8 մլն դոլարով: Հայաստանից արտահանման կառուցվածքում բավականին մեծ տեղ ունեցող թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից իրերի, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը ևս 2020թ․ նախորդ տարվա համեմատ կրճատվել է՝ համապատասխանաբար 11,8 և 12,6 տոկոսով:

Արտակ Մարկոսյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Նկարը` © AIISA \ Արտակ Մարկոսյան

Միացեք մեր Telegram ալիքին