Իրանի ԱԳ նախարարի շրջայցի նպատակներն ու ձեռքբերումները. Էմմա Բեգիջանյան

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հունվարի 25-ին Բաքվից սկսեց իր տարածաշրջանային շրջայցը, որն ավարտվեց հունվարի 30-ին` Նախիջևանում։ Այն միջազգային և իրանական ԶԼՄ-ներում հաճախ անվանվել է «դիվանագիտական զբոսաշրջություն»՝ թերևս հաշվի առնելով նրա գլխավորած պատվիրակության կազմը։ Շրջայցը տեղի է ունեցել տարածաշրջանային կարևոր զարգացումների, քաղաքական, անգամ աշխարհաքաղաքական ստեղծված նոր պայմաններում, երբ թվում է, թե ԻԻՀ-ը լիովին դուրս է  մնացել դրանցից։ Հետևաբար գուցեև շրջայցը նպատակամղված էր ԻԻՀ-ի դերի ակտիվացմանը տարածաշրջանում, ինչը, թերևս,  պայմանավորված էր նաև միջազգային զարգացումներով՝ ԱՄՆ-ում իշխանափոխությամբ։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ

2020թ․ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անմիջական ներգրավվածությամբ, Իսրայելի՝ նշանակալից, Պակիստանի որոշակի մասնակցությամբ՝ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Հարավային Կովկասում ստեղծվել է աշխարհաքաղաքական և քաղաքական նոր իրավիճակ, ինչով էլ գլխավորապես պայմանավորված էր Զարիֆի տարածաշրջանային շրջայցը։ Պատերազմ, որը հանգեցրեց 2020թ․ նոյեմբերի 9-ի՝ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ, Երևանի համար՝ աղետալի հայտարարության ստորագրմանը։ Այնուհետև 2021թ․ հունվարի 11-ին նշյալ եռյակը ստորագրեց տնտեսական ու կոմունիկացիաների ապաշրջափակման և նորերը կառուցելու մասին հայտարարություն։

Թեև արտաքուստ թվում է, թե վերջին հայտարարությունը պետք է  նաև ի նպաստ Հայաստանի լիներ, բայց իրականում հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ հարկ է նշել, որ բնավ էլ այդպես չէ։ Մյուս կողմից, ինչպես տարբեր առիթներով նշել ենք, Իրանը տարածաշրջանում միակ երկիրն էր, որի ազգային անվտանգության ու ռազմավարական շահերը լիովին համընկնում էին, թերևս մասամբ նաև նոր պայմաններում՝ Հայաստանի շահերին, ուստի պատահական չէր, որ Թեհրանը տարբեր առիթներով շեշտում էր, թե ցանկանում է Հայաստանին տեսնել հզոր ու անկախ, ինչը փոխադարձաբար Երևանի շահերից է բխում՝ հանձինս Իրանի ունենալ կայուն ու բարգավաճ հարևան։ Հետևաբար Հայաստանի պարտությունը հարված էր նաև Իրանին, այդ երկրի շահերին, որը, ունենալով պետական գաղափարախոսության գերակայության խնդիր, ինչպեսև այլ շահեր, տնտեսական ծանր իրավիճակ, պատերազմի առաջին իսկ օրվանից որդեգրել էր հստակ արդրբեջանամետ քաղաքականություն, թեև տարածքային ամբողջականությունն ու ազատագրված տարածքների վերադարձը միշտ էլ եղել է այդ երկրի պաշտոնական դիրքորոշումը։

Իրանն Արցախյան առաջին պատերազմի ընթացքում թույլ էր տալիս, որ մոջահեդներն իր երկրի տարածքով Պակիստանից Ադրբեջան հասնեն ու կռվեն հայկական ուժերի դեմ, իսկ այս պատերազմին պարզապես պակիստանցիներն էին մասնակցում, ինչը համավարակի պայմաններում դժգոհություն էր առաջացրել ԻԻՀ-ի առողջապահության գերատեսչությունում։ Ավելին, Իրանի ռազմաքաղաքական ու կրոնական առաջին դեմք, հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին նոյեմբերի 4-ին հայտարարեց, թե Բաքուն իրավունք ունի ազատագրել իր տարածքները, հայկական ուժերը պետք է հեռացվեն Ղարաբաղի բոլոր տարածքներից ու վերադարձվեն Ադրբեջանին[1]։ Հավելենք, որ դատելով պատերազմի ընթացքում իրանական ԶԼՄ-ների հրապարակած տեղեկություններից՝ կարելի է ասել, որ Իրանում հստակ պատկերացում ունեին պատերազմի հնարավոր ելքի մասին։ Ուստի առաջնորդվելով սեփական շահերով (ինչի համար որևէ երկրի պետք չէ մեղադրել, այդ թվում՝ Ռուսաստանին, որի համար նույնպես առաջնայինն իր երկրի շահերն են, որոնք ավելի հաճախ չեն համընկնում մեր շահերին) ԻԻՀ-ը նման դիրքորոշում էր որդեգրել, որն այն չէր, ինչը հաճախ ակտիվ չեզոքություն է անվանվում։

Այսուհանդերձ, Թեհրանը, ըստ ամենայնի, վատթարագույն դեպքում կարող էր ենթադրել, որ պատերազմն ավարտվելու է Արցախի ու ազատագրված տարածքների` Ադրբեջանին վերադարձով՝ հաշվի առնելով, որ այն հանուն դրա էր, իսկ դրանում, մեծ հաշվով, Իրանը լուրջ սպառնալիք չի տեսել Հայաստանի ամբողջականության ու Հայաստան-Իրան սահմանի առնչությամբ։ Ահա թե ինչու նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի 9-րդ կետը ոչ միայն Հայաստանի համար է ամենաանցանկալին ու վտանգավորը, անակնկալի էր բերել նաև Թեհրանին։ Նշյալ կետը վերաբերում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ինչը Թուրքիան ու Ադրբեջանը նախապատերազմյան շրջանում մշտապես պայմանավորում էին տարածքների վերադարձով, իսկ այժմ պահանջում են նաև Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, դեպի Նախիջևան երկաթուղային և այլ ճանապարհների տրամադրում։ Այս հանգամանքը լուրջ սպառնալիք է ոչ միայն Հայաստան-Իրան սահմանի գոյության, այլ երկու թուրքական պետությունների համաթյուրքական վաղեմի երազանքի իրականացման համար։ Այն լուրջ մարտահրավեր է նաև Իրանի համար, որը միաժամանակ կրելու է տնտեսական այլ վնասներ։

Ադրբեջանցի վերլուծաբան Դալգա Խաթինօղուն, խոսելով Հայաստանի տարածքով ձևավորվող «միջանցքի» զուտ տնտեսական կարևորության մասին, շեշտել է, թե Ադրբեջանից Նախիջևան ուղևորների ու բոլոր տեսակի ապրանքների տեղափոխման ավելի քան 90 տոկոսն ու գազի մատակարարումը տեղի էր ունենում Իրանի տարածքով և չնչին մասն էլ Թուրքիա-Նախիջևան փոքր միջանքով[2]։ Ավելին, ըստ Հայաստանի՝ այդ տարանցիկ ճանապարհը, իսկ Ալիևի կարծիքով՝ Ադրբեջան-Նախիջևան[3] «միջանցքը» ոչ միայն թյուրքական աշխարհի կապող օղակն է, ինչի մասին հպարտությամբ խոսում են Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտոնյաները, և ոչ միայն նրանք, այլև հունվարի 11-ի հայտարարությունը, ինչպես նշել են միջազգային ԶԼՄ-ներն ու փորձագետները, խթանել է լուծել նաև Կասպից ծովում նավթով ու գազով հարուստ հանքավայրի առնչությամբ Թուրքմենստան-Ադրբեջան տարաձայնությունները և հնարավոր առճակատման հարցը։ Այդ հանքավայրն Ադրբեջանն անվանում էր «Քափազ», իսկ Թուրքմենստանը՝ «Սարդար», ինչի պատկանելության հարցում տարաձայնությունները 2000թ․ և 2009թ․ լուրջ լարվածություն էին առաջացրել կողմերի փոխհարաբերություններում, սակայն հունվարի 21-ին կողմերն այն համատեղ շահագործման պայմանագիր են կնքել և հանքավայրն անվանել «Դոսթլիկ»[4]։ Ուստի Արցախյան հակամարտության հետ չառնչվող Հայաստանի տարածքով Ադրբեջանին ու Թուրքիային նման արտոնություններ տալուց պետք է խուսափել, կամ էլ անհրաժեշտաբար լուրջ նախապայմաններ առաջադրվեն, ինչպես օրինակ, Արցախին վերադարձվի ԼՂ-ի գրավյալ տարածքները, հստակեցվի կարգավիճակը, հայկական կողմին Ադրբեջանի տարածքով անցնի անվտանգության լուրջ երաշխիքներ տալը և այլն։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, կարելի է ասել, ոչ միայն պաշտոնական Թեհրանի համար էր անակնկալ, այլև իրանցի փորձագիտական շրջանակներում էր լուրջ իրարանցում  առաջացրել, որոնք մտահոգություն էին հայտնում հայ-իրանական սահմանի կորստի առնչությամբ՝ քննադատելով իշխանություններին «ակտիվ չեզոքության» քաղաքականության առնչությամբ։

«Ջավան» օրաթերթում վերլուծաբան Հադի Մոհամադիի՝ «Պարտավորություններ, որոնք Թեհրանի առաջ պետք է Բաքուն ստանձնի» հոդվածում խիստ կարևորվում է 9-րդ կետը․ «Դա ոչ թե Ադրբեջանի, այլ Էրդողանի՝ կասկածելի նպատակներ հետապնդող գաղափարն է, որը սպառնում է Իրանի ազգային անվտանգությանը և Իրանի աշխարհաքաղաքական շրջափակման նպատակ է հետապնդում:

Նոյեմբերի 14-ին «vaghayerooz.com» կայքում հրապարակված «Հարավային Կովկասի անորոշ ապագան․ Իրանը Ղարաբաղում խոշոր պարտվո՞ղ» հոդվածում Փուրյա Ֆորութանին ընդգծել է, որ Հայաստանից զատ այդ պատերազմում տանուլ է տվել նաև Իրանը[5]: Հայտնի վերլուծաբանների հեղինակությամբ նմանօրինակ հարյուրավոր, եթե չասենք ավելի հոդվածներ հրապարակվեցին հեղինակավոր կայքերում ու պարբերականներում։ Իշխանությունը, ի պատասխան վկայակոչելով այդ առնչությամբ հայտարարության կողմերի հետ ունեցած հեռախոսազրույցները, հերքեց տարածված տեսակետների ճշմարտացիությունը։ Այսուհանդերձ, հետագա զարգացումներն ի ցույց դրեցին Իրանի համար Արցախի պարտության բացասական հետևանքները։

Դեկտեմբերի 10-ին Էրդողանը հրավիրվել էր Բաքու՝ մասնակցելու «Հաղթանակի զորահանդեսին», քանի որ, ըստ էության, հենց նա էր պատերազմ հրահրողն ու գլխավոր հրամանատարը, որտեղ նա, «արբեցած արձանագրված հաջողությամբ», տրվեց պանադրբեջանականության, համաթյուրքականության «լիրիկական զեղումներին»՝ արտասանելով մի բանաստեղծություն, որով հավակնություններ ներկայացրեց Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ՝ այդ երկրի թուրքախոս նահանգներն ադրրբեջանական համարելով, ինչը հանգեցրեց Իրան-Թուրքիա դիվանագիտական պատերազմի: Էրդողանի համաթյուրքական լիրիկան խիստ և լայնածավալ հակազդեցություն ունեցավ Իրանի քաղաքական, հասարակական գործիչների ու ԶԼՄ-ների շրջանակներում, որը սկսվեց դեկտեմբերի 11-ից` ԱԳ նախարար Զարի‎ֆի թվիթերյան էջում գրառումից: Հանգամանք, ինչն Անկարային հարկադրեց կրկին դիմել վերջին 5-6 տարում որդեգրած «ներողություն հայցելու» քաղաքականությանը, որպեսզի կասեցնի Իրանում ծայր առած համաթյուրքականության դեմ հուժկու ալիքը և վերջ դնի դիվանագիտական պատերազմին։ Եվ, ահա, դեկտեմբերի 12-ին Թուրքիայի ԱԳ նախարարի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Զարի‎ֆ-Չաուշօղլու հեռախոսազրույցը, որտեղ վերջինս փորձեց արդարացնել Էրդողանին՝ շեշտելով, թե նա հարգում է Իրանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անտեղյակ է այդ բանաստեղծության նկատմամբ Իրանի զգայունությանը: Չաուշօղլուն ընդգծել է, թե Էրդողանն այդ բանաստեղծությամբ նկատի է ունեցել Լաչինն ու Ղարաբաղը, հենց այդ պատճառով էլ Բաքվում է արտասանել[6]: Թեհրանը, թեև ներողամտություն դրսևորեց, սակայն ակնհայտ է, որ նման պատճառաբանությունները չէին կարող համոզել նրան, թե դա Էրդողանի սրտի խոսքը չէր։ Սա ևս վերլուծաբանների, փորձագետների ու քաղաքական գործիչների համար առիթ հանդիսացավ քննադատելու իշխանությունների ոչ ճիշտ դիրքորոշումը։

Իրանին «խաղից դուրս մղելու» հաջորդ հարվածը, թերևս, տեղի ունեցավ հունվարի 14-ին, երբ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում այդ երկրի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ստորագրեցին իրենց փոխհարաբերությունները քաղաքական, տնտեսական, անվտանգության և խաղաղության ոլորտներում խորացնելու վերաբերյալ եռակողմ համաձայնություն՝ «Իսլամաբադի հռչակագիր» անվամբ:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտարարելով, որ թուրքական և պակիստանյան ընկերություններերը հրավիրվել են ակտիվորեն մասնակցելու Ղարաբաղի «ազատագրված» տարածքների վերակառուցմանը, միաժամանակ շնորհակալություն էր հայտնել Անկարային ու Իսլամաբադին՝ պատերազմում Բաքվին աջակցելու համար: Նա հավելել էր նաև, որ «հաղթանակի տոնակատարությունների» ժամանակ մեծ հպարտությամբ ծածանվել են Թուրքիայի ու Պակիստանի դրոշները[7]: Սա այն դեպքում, երբ Իրանն ի սկզբանե պատրաստակամություն էր հայտնել ակտիվորեն մասնակցել «ազատագրված շրջանների» վերակառուցման գործին։ Թեհրանն այս առնչությամբ շեշտել էր նաև, որ ԻԻՀ-ը սահմանակից է վերակառուցվող երեք շրջաններին, բացի այդ ունի բարեկարգման ու կառուցապատման համար ինժեներա-տեխնիկական մեծ ներուժ՝ միաժամանակ ներկայացնելով նաև իրանական ընկերությունների առավելությունները՝ որակապես ու գնային առումով, ինչպես նաև դրանց մրցունակությունն ու փորձառությունը։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչ վերաբերում է միջազգային քաղաքականության ասպարեզում փոփոխություններին, ապա դրանք պայմանավորված են ԱՄՆ-ում դեմոկրատ Ջո Բայդենի կողմից նախագահի պարտականությունները ստանձնելով, ում վարած արտաքին քաղաքականությունը զգալիորեն տարբերվելու է Թրամփի քաղաքականությունից, մասնավորապես Միջին Արևելքում։ Բայդենը դեռևս ընտրարշավի ընթացքում հայտարարել էր, որ ԱՄՆ-ը վերադառնալու է Իրանի միջուկային ծրագրերի շուրջ «Իրան-5+1» (ՄԱԿ-ի 5 մշտական անդամները` Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Չինաստան և Գերմանիան) (Joint Comprehensive Plan of Action, JCPOA) համաձայնությանը, ինչը հույս է ներշնչում, որ ԻԻՀ-ի դեմ սահմանափակումների բեռն առնվազն կթեթևանա։ Սակայն Թրամփն իր ղեկավարման վերջին ամիսիներին ջանք չխնայեց այդ վերադարձն առավելապես դժվարացնելու ուղղությամբ։ Նրա բուռն ջանքերի շնորհիվ Իսրայելի և արաբական մի շարք երկրների միջև դիվանագիտական փոխհարաբերություններ  հաստատվեցին, որոնցից  որոշներն այսօր Իսրայելի հետ համատեղ են դեմ հանդես գալիս նշյալ համաձայնությանը։

Ահավասիկ, Իսրայելի բանակի գաղտնի ծառայությունների նախկին հրամանատար Ամուս Յադլին ու Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքականությունների հետազոտական կենտրոնի տնօրեն Իբթեսամ ալ Քաթիֆին ««Իրան-5+1»-ին վերադառնալը ռազմավարական սխալ է» վերնագրով համատեղ վերլուծական են հրապարակել Foreign Affairs-ում, որտեղ շեշտվել է, որ եթե, այնուամենայնիվ, համաձայնությունը վերականգնվի նախկին պայմաններով, ապա Վաշինգտոնը չպետք է խաղասեղանին դնի տարածաշրջանում իր դաշնակիցների անվտանգությունը և այլ գործիքակազմերով ու միջոցառումներով պետք է համոզվի, որ Իրանը միջուկային զենք չի արտադրելու [8]։

ԱՄՆ պետքարտուղար Էնթնի Բլինկենն իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ եթե ԻԻՀ-ը լիովին իրականացնի 2015թ․ ստանձնած պարտավորությունները, ապա Վաշինգտոնը նույնպես կվարվի։ Սակայն Թեհրանն ի պատասխան շեշտել է, թե քանի որ առաջինն ԱՄՆ-ն է խախտել պայմանավորվածությունը, ապա առաջին քայլը Վաշինգտոնինն է։ Միաժամանակ, Թել Ավիվից հնչում են նախազգուշացումներ, որ եթե ԱՄՆ-ը չհամագործակցի, ապա Իսրայելը միայնակ է թիրախ դարձնելու Իրանի միջուկային կենտրոնները, ինչպես դա արել է 1981թ. Իրաքում և 2007թ.՝ Սիրիայում:

Այս առնչությամբ հավելենք, որ դեռևս չկառուցված նշյալ կենտրոններն Իրանի միջուկային կենտրոնների հետ համեմատելու եզրեր չունեն: Այլ կերպ ասած՝ Իսրայելը նման հայտարարություններով ձգտում է ԱՄՆ-ի վրա ճնշումներն առավելագույնս մեծացնել։ Այդ նպատակին է ծառայում նաև Թել Ավիվի հայտարարությունն առ այն, որ ընթացիկ տարում Իսրայելի օդուժի հարվածների թիրախ են դառնալու Իրանի միջուկային  կենտրոնները։ Ավելին, այդ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ավյու Քոխավին հայտնել է, թե բանակին հանձնարարել է նոր պլաններ մշակել այդ նպատակի համար, ինչին ի պատասխան Թեհրանը նման հայտարարությունները գնահատել է հոգեբանական պատերազմ[9], ինչը ճշմարտությունից շատ հեռու չէ։ Սաուդյան Արաբիան  պահանջում է մասնակցել Իրանի հետ համաձայնության նոր բանակցություններին։

 Ի դեպ, հունվարի 29-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն «Ալ Արաբիա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում Էր Ռիյադի մասնակցությունը բանակցություններին համարել է անհրաժեշտ[10]։ Իսկ Թեհրանը, հայտարարությունը պայմանավորելով Էր Ռիյադին սպառազինության վաճառքով, Մակրոնի խոսքերը գնահատել է շտապողական ու չմտածված։ Այլ կերպ ասած, թեև JCPOA-ի ստորագրված տարբերակի լիարժեք  կյանքի կոչելու ճանապարհին օրեցօր ավելանում են դժվար հաղթահարելի խութերը, այսուհանդերձ, Թեհրանը, հաշվի առնելով Բայդենի թիմում ոչ պատահականորեն ներգրավված JCPOA-ի գլխավոր ճարտարապետներին, դեռևս հույս ունի, որ ԱՄՆ-ը վերադառնալու է համաձայնություն, և սահմանափակումներն այդ երկրի դեմ կվերանան, ինչը ներկա դրությամբ խիստ կարևոր է Իրանի ներկայիս իշխանությունների համար, եթե հաշվի առնենք, որ ընթացիկ տարվա հունիսին Իրանում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ։ Չնայած Զարիֆն այժմ հերքում է, սակայն կան տեսակետներ, որոնց համաձայն՝ հենց նա է լինելու բարենորոգիչների նախագահի թեկնածուն։ Թերևս Զարիֆի այս շրջագայությունն ինչ-որ տեղ պետք է այս համատեքստում դիտարկել, որի ընթացքում նա ձգտելու է Իրանի համար հաստատուն տեղ ապահովել տարածաշրջանային գործընթացներում, որոնցից գրեթե  դուրս է մնացել։

***

ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական նոր պայմաններում իրանցի փորձագետները տարբեր պատճառաբանություններով նույնպես խստորեն կարևորել են տարածաշրջանի երկրների հետ Իրանի համագործակցությունը և այս համատեքստում են տեսնում Զարիֆի շրջայցը տարածաշրջանային երկրներ։ Բաքվում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայինը, տարբեր առումներով կարևորելով Զարիֆի շրջայցը Հարավային Կովկասի երկրներ, Ռուսաստան և Թուրքիա, այն գնահատել է որպես հարևան երկրների հետ համագործակցության ընդլայնման և հայացք դեպի արևելք քաղաքականության ամրապնդում։ Նա նշել է, որ հարևան երկրների հետ փոխհարաբերությունների ընդլայնումն ու ամրապնդումն Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքներից են՝ միաժամանակ խիստ կարևորելով այս համատեքստում Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը, ըստ նրա, Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է կազմում։ Ապա Փաքայինն ընդգծել է, թե հակամարտությունը լիարժեք լուծում կստանա, երբ Ղարաբաղն ամբողջությամբ ու լիովին կվերադարձվի Ադրբեջանին[11]։

Ի դեպ, Իրանի նախկին բոլոր դեսպանները Բաքվում, իսկ ներկայինս՝ առավելապես, կողմնակալ դիրքորոշում ունեն, հստակ ադրբեջանամետ են նաև որպես փորձագետ և  ակտիվորեն պաշտպանում են Բաքվի շահերը։ Վերլուծաբան Ալի Ջաբարին Irna գործակալությունում  հրապարակած վերլուծականում շեշտել է, որ Զարիֆի շրջայցի գլխավոր նպատակը 6-յակի համագործակցության միության ստեղծումն է, այդպես ընդգծել է նաև Զարիֆը։ Ջաբարին հավելել է, որ եթե դա իրականանա, ապա տեսանելի ապագայում նկատելի կլինեն դրա դրական արդյունքները, որոնք հող են նախապատրաստելու ավելի լայնածավալ համագործակցության և տարածաշրջանում անվտանգության ու կայուն խաղաղության համար[12]։

Նման տեսակետ է հայտնել նաև Եվրասիայի ու Արևելյան Ասիայի հարցերի փորձագետ Հասան Բեհեշտիփուրը։ Նա 3+3-ի (Իրան-Ռուսաստան-Թուրքիա + Հայաստան-Ադրբեջան-Վրաստան) համագործակցությունը խիստ կարևորում է ոչ միայն տնտեսական, այլև տարածաշրջանային անվտանգության ու կայունության տեսանկյունից, ինչը կարևոր է լայնածավալ տնտեսական համագործակցության համար։ Բեհեշտիփուրը եզրակացնում է, որ Զարիֆի տարածաշրջանային այցի տեսլականը 3+3-ի համագործակցությունն է[13]։ Նա արժևորում է  նաև Ղարաբաղյան հիմնահարցի վերջնական լուծումը՝ նշելով, որ Զարիֆի շրջայցի հանդիպումներում այդ հարցը ևս առանցքային է, ուստի Իրանը ջանքեր է գործադրելու, որպեսզի հասնի մի նախագծի, որի շրջանակներում կապահովվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը։ Մինչդեռ Թուրքիան հակված է Զարիֆի շրջայցը գնահատել Հարավային Կովկասի նոր իրողություններում Թեհրանի դերի ու տեղի համար փնտրտուք։ Ահա թե ինչու թուրքական ԶԼՄ-ները և մասնավորապես Անկարայի տեսակետներն արտացոլող TRT.tr-ը կարևորում են միջազգային հարաբերությունների մասնագետ Ղադիր Գոլքարյանի տեսակետները։ Վերջինս BBC-ին տված հարցազրույցում շեշտել է, թե շրջայցը տեղի է ունեցել հստակ ծրագրերով, որտեղ գլխավոր նպատակը Ղարաբաղյան պատերազմից հետո նոր աշխարհաքաղաքական պայմաններում ԻԻՀ-ի տեղի ու դերի ամրագրումն է, ինչպեսև վերջին տարիներին Հարավային Կովկասում  կրավորական, ավելի հաճախ ձախողված քաղաքականությունը կարգավորելը [14]։

 Անդրադառնալով 6-յակի համագործակցության միություն ստեղծելու՝ Զարիֆի  առաջարկությանը՝ հարկ է նշել, որ դա, փաստորեն, 3+3-ի ձևաչափով կամ «վեցյակի համագործակցության» թուրք-ադրբեջանական առաջարկությունն է, որը տարբերվում է Իրանի՝ ավելի խորացված տարբերակից։ Սակայն հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, այդ թվում՝ տարբեր երկրների կողմնորոշումն ու դիրքորոշումը միմյանց հանդեպ, կարելի է նշել, որ դա անհավանական և անգամ անբնական է, երբ Բաքուն ակնհայտ թշնամանքով է վերաբերվում հայի ու Հայաստանի հանդեպ, իսկ Վրաստանը՝ ոչ միայն Ռուսաստանի հետ, մեղմ ասած, բնականոն փոխհարաբերություններ չունի, այլև ձգտում է ինտեգրվել Եվրոպային, Արևմուտքին։ Այսուհանդերձ, թուրքական կողմը խիստ նախանձախնդրորեն է վերաբերվում 3+3-ի համագործակցության «հանճարեղ» գաղափարին, այն է՝ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան + Իրան-Հայաստան-Վրաստան համագործակցությանը, որով Ռուսաստանը դիտվում է թուրքերին ավելի մոտ, քանի իր ռազմավարական դաշնակից Հայաստանին։ Ուստի թուրքական ԶԼՄ-ները նախօրոք շեշտեցին, թե Իրանն այս առնչությամբ առաջարկություններ ունի, որոնք կներկայացնի ու քննարկման առարկա կդարձնի շրջայցի ընթացքում։ Ապա ընդգծեցին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն այդ նախաձեռնության մասին հայտարարել է դեռևս 2020թ․ դեկտեմբերին Բաքվում «Փառապանծ հաղթանակի» տոնակատարության օրը[15]։

Թեև Զարիֆը շեշտել է, որ այդ փայլուն գաղափարը թուրքական կողմի «հանճարի» արգասիքն է, այսուհանդերձ, Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չաուշօղլուն, Զարիֆի հետ հանդիպմանը խոսելով այդ ձևաչափի համար մեխանիզմներ ստեղծելու մասին, շեշտել է, թե 3+3-ի համագործակցության առաջարկությունը եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևինը, ինչն ընդունելի է եղել նաև Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների համար[16],  իսկ սա նշանակում է իրանական տարբերակի մերժում։ Ավելին, Թուրքիան հակված է Զարիֆի շրջայցի նպատակը համարել Արցախյան երկրորդ պատերազմում թուրք-ադրբեջանական տանդեմի արձանագրած հաջողությունից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրողություններում իր դերի ու տեղի համար փնտրտուք։

ԲԱՔՈՒ

 Եվ ահա առկա աշխարհաքաղաքական նոր իրավիճակում Զարիֆի գլխավորությամբ ԻԻՀ-ի դիվանագիտական պատվիրակությունը, որի կազմում էր նաև ԱԳ փոխնախարարը, հունվարի 25-ին ժամանել է Բաքու։ Զարիֆը տարածաշրջանային իր շրջայցի գլխավոր նպատակը հայտարարել է․ «Ղարաբաղում տևական խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ ջանքեր գործադրելն է»։

Սակայն ըստ իրանցի վերլուծաբանների՝ շրջայցի կարևոր նպատակներից  են նաև 6-յակի հարթակում համագործակցության միության ձևավորումը, ինտեգրացիոն և տարածաշրջանային այլ հարցեր։ Իրանցի վերլուծաբաններից ոմանք շեշտում են, որ Զարիֆի շրջայցում Բաքուն առանցքային  դեր է ունեցել։ Հանգամանք, ինչը, թերևս, նկատելի է նաև իրանական ԶԼՄ-ներում դրան նվիրված արձագանքներից՝ թե՛ տեղեկատվական դաշտում, թե՛ փորձագետների հարցազրույցներում ու վերլուծականներում (այցի մասին հրապարակվել են նաև ադրբեջանական ԶԼՄ-ների արձագանքները)։ Զարիֆը Բաքվում հանդիպումներ է ունեցել Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ։

Վերլուծականներում շեշտվում է, որ հանդիպումների առանցքային հարցը եղել է «ազատագրված» տարածքների վերակառուցման հարցը, ինչը վկայում է նաև Ալիև-Զարիֆ հանդիպումը։ Վերջինս, պատերազմում Բաքվի հաղթանակի առնչությամբ գոհունակություն հայտնելով, շնորհավորել է Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին, ապա կարևորելով  երկկողմ փոխհարաբերությունների ընդլայնումը՝ ողջունել է Ալիևի առաջարկած 6-յակի ձևաչափով տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունը, շեշտել, թե Թեհրանը պատրաստակամ է հանուն խաղաղության ու կայունության ամրապնդման աջակցել բոլոր ոլորտներում։ Ապա նշել է, որ Իրանը պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել «ազատագրված» տարածքների վերակառուցմանը, այդ թվում՝ կառուցապատման, ինժեներա-տեխնիկական ծառայությունների արտահանման, էներգետիկայի բոլոր ոլորտներում, գյուղատնտեսության, ականազերծման, պատմական հուշարձանների ու մզկիթների վերակառուցման և այլ ոլորտներում։ Ալիևը, գոհունակություն և երախտագիտություն հայտնելով պատերազմում Իրանի դիրքորոշման առնչությամբ, ընդգծել է, որ երկողմ փոխհարաբերությունների բոլոր և մասնավորապես տնտեսական  ոլորտում, մթնոլորտը բարենպաստ է։ Ալիևը ողջունել է նաև առաջիկայում եռակողմ ձևաչափերով՝ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան և Իրան-Ադրբեջան-Թուրքիա հանդիպումները։ Բաքվում քննարկվել է նաև հյուսիս-հարավ և արևելք-հարավ միջանցքների ակտիվացման և այս համատեքստում Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման հարցերը, որի համար Բաքուն 500 միլիոն դոլար ներդրում է կատարելու։[17]

Հատկանշական է, որ Մոհսեն Փաքայինը Fars գործակալությանը տված բավական ծավալուն հարցազրույցում նույնպես Զարիֆի՝ Բաքու կատարած այցի գլխավոր նպատակն է համարել «ազատագրված» տարածքների վերակառուցմանը մասնակցելու հարցը, թեև ընդգծել է նաև Զարիֆի կողմից հայտարարված՝ խաղաղությանը նպաստելու առաքելության մասին։ Բաքվում Իրանի նախկին դեսպանը, թվարկելով Թեհրանի՝ բազում ու տարաբնույթ կարողություններն ու հնարավորությունները կառուցապատման ոլորտում, շեշտել է, որ թեև տարբեր երկրներ կարող են Ադրբեջանին աջակցել կառուցապատման հարցում, սակայն տնտեսապես ամենաձեռնտու, ամենաապահով ու ամենամոտն ԻԻՀ-ն է, ուստի Թեհրանը մեծ առավելություններ ու ներուժ ունի «ազատագրված» տարածքների կառուցապատման, անգամ սննդի ու առողջապահական կարիքները բավարարելու համար։[18] Ալիևն ի պատասխան ողջունել է Թեհրանի առաջարկությունը, ուստի կարելի է ասել, որ այցի գլխավոր նպատակներից մեկն ընդունելություն է գտել Բաքվում։

Բաքվում Իրանի մեկ այլ նախկին դեսպան Աֆշար Սոլեյմանին, խոսելով Թեհրան-Բաքու համագործակցության նշանակության մասին, շեշտել է, որ և՛ Իրանը, և՛ Ադրբեջանն աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական լուրջ ներուժ ունեն, որը կբազմապատկվի, կմեծանա, և կձևավորվի նոր ռազմավարական համագործակցություն։ Նա ընդգծել  է, որ Զարիֆի՝ Բաքու կատարած այցի նպատակները ծրագրված են եղել, որոնցով ի ցույց են դրվել ԻԻՀ-ի դիվանագիտական առաջնահերթությունները տարբեր ոլորտներում[19]։

Այս համատեքստում, թերևս, հատկանշական են ադրբեջանցի վերլուծաբան Դալգա Խաթինօղլուի տեսակետները, որտեղ նա անդրադարձել է այցի տնտեսական և այլ նպատակներին։ Նա շեշտել է, որ Բաքվի բանակցություններում կարևորվել են տնտեսական հարցերը, այդ թվում՝ Խոդաֆարինի և Կզկալասի ջրամբարտակների կառուցման, «ազատագրված» տարածքների կառուցապատման համար իրանյան ընկերությունների ներգրավվածության հարցը, որտեղ Բաքուն 15-20 միլիարդ դոլար ներդրում է կատարելու։ Նա հավելել է նաև, որ եթե առ այսօր Ադրբեջան-Նախիջևան բեռնափոխադրումը, ուղևորափոխադրումն ու գազի մատակարարումը 90 տոկոսով տեղի էր ունենում Իրանի տարածքով, ապա Հայաստանի տարածքով կառուցվող «միջանցքի» շինարարության ավարտից հետո դրա կարիքը բացարձակապես չի լինելու։ Բացի այդ ստեղծված նոր իրավիճակում Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են խաղաղության համաձայնագիր կնքել, ուստի տնտեսականից զատ Զարիֆի շրջայցի գլխավոր նպատակներից էր Իրանի տեղն ու դերը տարածաշրջանում ամրապնդելը [20]։ Այլ կերպ ասած՝ Զարիֆի այցը Բաքու հստակ նպատակներ ուներ, որոնց շուրջ էլ տեղի են ունեցել բանակցությունները, սակայն, ըստ ամենայնի, նրա հայտարարած գխավոր նպատակը՝ «Ղարաբաղում տևական խաղաղություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ ջանքեր գործադրելը», թերևս, կարևորագույն տեղ չի գտել կողմերի բանակցություններում։ Համենայնդեպս, հետևելով հրապարակված տեղեկություններին՝ նման տպավորություն է ստեղծվում, թեև իրանցի փորձագետներից շատերը, շեշտելով, որ հարցը վերջնական լուծում չի ստացել, ուստի Իրանը պետք է նպաստի պատերազմի վտանգն իսպառ վերացնելու ուղղությամբ։ Զարիֆը, իր բանակցություններն արդյունավետ գնահատելով Բաքվում, նշել է, որ այն շատ լավ է անցել։

ՌՈՒՍԱՍՏԱՆ

Իրանի ԱԳ նախարարի գլխավորած դիվանագիտական պատվիրակության շրջայցի հաջորդ կանգառը Ռուսաստանն էր, որտեղ ժամանեց հունվարի 26-ին։ Նշենք, որ Հասան Ռոհանիի օրոք ռուս-իրանական փոխհարաբերությունները մշտապես ընդլայնվելու ու սերտանալու միտում են արձանագրել թերևս բոլոր բնագավառներում, նույնիսկ իրանական կողմը երբեմն դրանք բնութագրում է ռազմավարական։ Այդ ընթացքում Զարիֆն ավելի քան 30 անգամ այցելել է Ռուսաստանի Դաշնություն։ Սակայն վերջին այցը պայմանավորված էր նաև տարածաշրջանում ու միջազգային մակարդակով տեղի ունեցած փոփոխություններով:

Իրանցի քաղաքագետներից ոմանք, այդ թվում՝ Մեհդի Մոթահարնիան, Զարիֆի մոսկովյան այցը համարելով նրա շրջայցի ծանրության կենտրոն, շեշտը դրել է ԱՄՆ-ում իշխանափոխության հետևանքով միջազգային քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունների վրա՝ նշելով, որ նոր պայմաններում տարածաշրջանային համագործակցությունը խիստ կարևոր է: Նա, անդրադառնալով Արցախյան երկրորդ  պատերազմին, ընդգծել է, թե այն, ինչ տեղի է ունեցել, նշանակալից է ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի ու դրանից դուրս գտնվողների համար: Նա առկա փոփոխությունների խորապատկերին տարածաշրջանային համագործակցության մեջ առաջին հերթին կարևորել է JCPOA-ի ճակատագրի հարցը և այս առումով անհրաժեշտ համարել Չինաստանի ու Ռուսաստանի համագործակցությունը՝ ի նպաստ Իրանի ու ընդդեմ ԱՄՆ-ի հնարավոր քայլերի, ինչի արդյունքում հաշվի առնելով Բայդենի վարչակազմի տրամադրվածությունը՝ առնվազն հնարավոր է կանխել նոր պատժամիջոցների կիրառումը[21]։ Եվ իրականում էլ, թեև Զարիֆի ու Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունների օրակարգը խիստ հագեցած է եղել, որում ներառված էր տարածաշրջանային, մասնավորապես՝ Արցախի, Սիրիայի, Աֆղանստանի, Եմենի, Պարսից Ծոցի ավազանի և այլ հարցեր, սակայն նրանք շեշտել են, որ իրենց գլխավոր առաքելությունը JCPOA-ը փրկելն է։ Մյուս կողմից, ինչպես նշել ենք, Իրան-5+1 համաձայնության ճակատագիրն ի սկզբանե կախված է եղել երկու գլխավոր դերակատարներից՝ Իրանից ու ԱՄՆ-ից, փաստ, որն ապացուցվեց JCPOA-ից վերջինիս հեռանալով, ինչից հետո Իրան-4+1-ի գործադրած բոլոր ջանքերն ապարդյուն անցան, և այն փաստորեն դադարեց գործել: Այլ կերպ ասած, այդ ջանքերի շնորհիվ առ այսօր այն մնացել է օրակարգում և չի նետվել պատմության աղբարկղ։ Այսուհանդերձ, Զարիֆը, բարձր գնահատելով գործադրված ջանքերը,  շնորհակալություն է հայտնել Լավրովին, շեշտել, որ Թրամփի հեռանալուց հետո ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է երկու երկրների դիրքորոշումների համաձայնեցումը։ Այս առնչությամբ, թերևս, (խոսքը վերաբերում է 2020թ․ դեկտեմբերի սկզբներին) Իրանի խորհրդարանում (Non-Proliferation Treaty)[22] համաձայնության կասեցման վերաբերյալ օրինագծի հաստատմանը, ինչն արդեն օրենքի ուժ է ստացել։ Ըստ որի, եթե մինչև փետրվարի 21-ը JCPOA-ի կողմերը լիովին չիրականացնեն պայմանավորվածությունները, ապա Իրանը սառեցնելու է NPT-ին իր անդամակցությունը, ինչը ոչ միայն երկրի գործադիր իշխանությանն էր խստորեն զայրացրել՝ այն գնահատելով որպես միջամտություն վերջինիս գործունեությանը, այլև 5+1-ի երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին։

Վերլուծաբան Հասան Բեհեշթիփուրի կարծիքով՝ անհրաժեշտ էր, որ Զարիֆը մոսկովյան բանակցությունների ընթացքում փարատեր Ռուսաստանի մտահոգությունները՝ որպես Իրանին այդ հարցում աջակցող երկրի[23]։ Նշենք, որ հիշյալ օրենքի համաձայն՝ Իրանը վերսկսել է նաև ուրանի 20 տոկոսով հարստացման գոծընթացը, ինչը կրկին արժանացել է 5+1-ի երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի խիստ քննադատությանը։ Զարիֆը Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս հարցի վերաբերյալ շեշտել է, թե կառավարությունը պարտավոր է իրականացնել օրենսդրի ընդունած օրենքները, սակայն, եթե ԱՄՆ-ը վերացնի Իրանի դեմ կիրառված սահմանափակումները, Թեհրանը ևս լիովին կիրագործի համաձայնության շրջանակներում ստանձնած պարտավորությունները[24]։ Նշենք, որ թեև Մոսկվան դեմ էր Իրանի դեմ Թրամփի «առավելագույն ճնշումներ»-ի քաղաքականությանը, բայց և այնպես սեփական շահերով պայմանավորված՝ երբեմն նաև կյանքի է կոչել դրանք։

Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Լավրով-Զարիֆ բանակցություններում առանցքային է եղել նաև Ղարաբաղյան հիմնահարցը, ինչի առնչությամբ Լավրովը հայտնել է, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը շատ մոտ է այս հարցում Իրանի առաջարկություններին։ Կողմերը հետպատերազմյան շրջանում կարևորել են տարածաշրջանում դերակատար երկրների տնտեսական, ինչպես նաև խաղաղության ամրապնդման հարցերում համագործակցությունը[25]։ Հունվարի 28-ին Լավրով-Զարիֆ համատեղ մամուլի ասուլիսին էլ վերջինս շեշտել է, թե ղարաբաղյան ճգնաժամի վերջնական լուծումն անվտանգության տեսանկյունից Իրանի համար անհրաժեշտություն է։

Լավրով-Զարիֆ բանակցությունների օրակարգում կարևորվել են նաև երկկողմ  փոխառնչությունների հարցերը, այդ թվում՝ Կասպից ծովում կողմերի համագործակցության, Բուշեհրի ԱԷԿ-ի 2-րդ և 3-րդ փուլերի կառուցման հարցում առաջացած տնտեսական խնդիրների լուծումը և այլն։ Բացի այդ բանակցությունների օրակարգում, թերևս, տեղ է գտել նաև Մոսկվա-Թեհրան համագործակցության երկարաժամկետ համագործակցության հարցը։ Նշենք, որ դեռևս Մոհամեդ Խաթամիի նախագահության օրոք (1997-2005թթ․) Ռուսաստան-Իրան համագործակցության համաձայնագիր էր կնքվել, որի ժամկետը շուտով ավարտվելու է, իսկ նոր համաձայնության շուրջ նախնական բանակցությունները սկսվել են 2020թ․ օգոստոսից։

Զարիֆի ռուսաստանյան այցը նշանավորվել է նաև ստորագրված ու ձեռքբերված պայմանավորվածություններով։ Լավրովը պաշտոնակցի հետ հունվարի 26-ին ստորագրել է կիբեր անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր, ինչը կողմերը խիստ կարևորել են։ Լավրովը շեշտել է, թե հաշվի առնելով կիբեր հարցերի նշանակության օրեցօր աճը և դրա ազդեցությունը միջազգային հարաբերությունների վրա, ինչպես նաև տարբեր երկրներում առկա պայմանները՝ այս միջպետական համաձայնագիրը կողմերին հնարավորություն է ընձեռնում համաձայնեցնել իրենց գործունեություններն այս ոլորտում։ Կիբերանվտանգություն ոլորտում երկու երկրների համագործակցության առումով ձեռք բերված համաձայնությունը շրջադարձային է գնահատվել։

Բացի այդ պայմանավորվածություն է ձեռք բերվել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ–v» պատվաստանյութ գնելու ու համատեղ արտադրություն կազմակերպելու շուրջ, ինչը Թեհրանի համար կարևոր հարց է և արդեն կյանքի է կոչվել․ փետրվարի 4-ին 500 հազար չափաբաժին ներմուծվել է Իրան։ Ինչպես Լավրովն ու Զարիֆը համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել են, կողմերը քննարկել են նաև Բուշեհրի ԱԷԿ-ի հարցը, սակայն, ըստ երևույթին, հստակ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

ՀԱՅԱՍՏԱՆ

Հունվարի 27-ին Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Երևան։ Նա այցի նպատակ է հայտարարել տարածաշրջանում տևական խաղաղությանն ու կայունությանը նպաստելը, ինչը պետք է իրականացվի տարածաշրջանային տնտեսական համագործակցությունների ընդլայնման ճանապարհով: Ըստ ամենայնի՝ նշյալից զատ այցի օրակարգում երկկողմ  փոխհարաբերությունների առնչությամբ կոնկրետ հարցեր չեն եղել, ինչպիսին Մոսկվա ու Բաքու այցելությունների դեպքում էր։ Նույն օրը Զարիֆը հանդիպել է Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ։ Ըստ ԶԼՄ-ների՝ քննարկվել են կողմերին հետաքրքրող  և ըստ էության նույն հարցերը, որոնք, թերևս, տարիներ շարունակ տարբեր մակարդակի հանդիպումների ժամանակ էլ օրակարգային են եղել, այդ թվում՝ բանկային  փոխհարաբերություները, տրանսպորտի, բնապահպանության, ավելի հստակ՝ Արաքիս ջրերի աղտոտվածությունը, Իրանից ներմուծվող ապրանքները և այլն։ Այվազյանը տարածաշրջանի կայունության ու անվտանգության հարցում Իրանի դերը բարձր է գնահատել ու միաժամանակ նշել․ «Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար»։ Սակայն այս հայտարարությունը ոչ միայն չի լուսաբանվել իրանական ԶԼՄ-ներում, այլև ընդհանրապես տեղ չի գտել տեղեկատվության մեջ։ Ի դեպ, ի տարբերություն Բաքվի, հայաստանյան այցի արձագանքներն իրանական ԶԼՄ-ներում բավականին համեստ են եղել, ինչը կարելի է գնահատել ԻԻՀ-ի համար դրանց նշանակության չափանիշ։

Դատելով հայկական ու իրանական ԶԼՄ-ների հրապարակումներից՝ Այվազյան-Զարիֆ բանակցություններն ընթացել են բարիդրացիական ոգով։ Ավանդույթի համաձայն՝  Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները խոսել են երկու տարբեր կրոններ դավանող երկրների բարեկամական փոխհարաբերությունների մասին։

Զարիֆը, անդրադառնալով հնագույն, երկու տարբեր քաղաքակրթությունների  ներկայացուցիչների՝ կողք-կողքի բարեկամաբար հարատևման հարցին, նշել է, որ Երևան-Թեհրան բարիդրացիական, բարեկամական փոխհարաբերությունները խորհրդանիշ են տարբեր կրոններ դավանող երկրների բարեկամության համար։ Այվազյանը նման բարեկամությունը գնահատել է կրոնների ու քաղաքակրթությունների երկխոսության և համակեցության լավագույն օրինակ։  Զարիֆն այդ հանդիպմանը, ինչպես և Ադրբեջանում,  կարևորել է տարածքային ամբողջականության հարցը։ Սակայն դրանք պետք է դիտարկել տարբեր համատեքստերում․ Ադրբեջանի պարագայում, կարելի է ենթադրել, որ նա նկատի է ունեցել Արցախի՝ Ադրբեջանի մաս կազմելը, իսկ Հայաստանի դեպքում, որ այն ԻԻՀ-ի համար կարմիր գիծ է՝ հավանաբար  նկատի ունենալով  «Մեղրիի միջանցքը», ինչը կարող է սպառնալ Հայաստան-Իրան սահմանի անձեռնմխելիությանը, իսկ սա ի սկզբանե է մտահոգել Թեհրանին։ Հայաստանում նա հայտարարել է նաև տարածաշրջանում ազգությունների իրավունքների մասին, ինչը հասկանալի պատճառներով չի արել Բաքվում, որտեղ այդ խնդիրն իսկապես առկա է։ Բացառված չէ նաև, որ նա «Արցախն Ադրբեջանի կազմում» մոտեցման շրջանակներում նկատի է ունեցել արցախահայերի իրավունքները։

Զարիֆը հանդիպմանն անդրադարձել է նաև պատերազմի ընթացքում մարդկային կորուստներին և ցավ հայտնել այդ առիթով, իսկ Ադրբեջանում նա հարգանքի տուրք է մատուցել պատերազմի զոհերի հիշատակի համար, մասնավորապես՝ քաղաքացիական, վշտակցել նրանց ընտանիքներին[26]:

ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաշինյանը, նշելով, որ հանդիպանը քննարկվելու են շատ կարևոր հարցեր, մատնանշել է երկկողմ ու բազմակողմ փոխհարաբերությունների զարգացումն ու խորացումը և տարբեր հարթակներում համագործակցությունը։ Նա շեշտել է նաև, որ քննարկումների ընթացքում  առաջնային են լինելու տարածաշրջանում առկա իրավիճակի և ընդհանուր հետաքրքրությունների՝ տարածաշրջանի կայունության, կայուն խաղաղության ու կայուն զարգացման հարցերը։ Զարիֆը, նշելով, որ կողմերն ունեն ընդհանուր մտահոգություններ, նույնպես կարևորել է երկկողմ ու բազմակողմ համագործակցությունները։ Միաժամանակ ներկայացնելով ԻԻՀ-ի արտաքին քաղաքականության ռազմավարական տեսակետները՝ նա շեշտը դրել է միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության, ազգային փոքրամասնությունների իրավունքների և ուժ չկիրառելու սկզբունքների վրա։ Նման տեսակետները, թերևս, պետք է բարձրաձայնվեին Բաքվում, որտեղ խախտվել ու խախտվում են այդ իրավունքները, մինչդեռ Հայաստանն ամենայն բարեխղճությամբ հետևում է միջազգային նորմերին ու օրենքներին, սակայն երբևէ դա չի գնահատվել։

Ըստ իրանական աղբյուրների՝ կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական, էներգետիկայի՝ գազի և էլեկտրականության ոլորտների, տարանցիկության, ավտոտրանսպորտային ճանապարհների ու երկաթուղի կառուցելու հարցերը[27]։ Այլ կերպ ասած՝ հանդիպումների ընթացքում որևէ կոնկրետ հարցի շուրջ պայմանավորվածություն  չի արձանագրվել, և ինչպես մեշտ կողմերը շեշտել են, որ Իրանն ու Հայաստանն օրինակելի, լավ փոխհարաբերություններ ունեն։

ՎՐԱՍՏԱՆ

Մոհամեդ Ջավադ Զարիֆի տարածաշրջանային այցելությունների 4-րդ հանգրվանը Վրաստանն էր։ Հունվարի 28-ին նա հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ, որտեղ քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակի հարցը: Զուրաբիշվիլին, անդրադառնալով Իրան-Վրաստան պատմական կապերին ու փոխհարաբերություններին,  ներկայացրել է նաև Վրաստանի տեսակետներն ու դիրքորոշումները  քննարկվող հարցի շուրջ։ Նա, խոսելով Պարսից Ծոց-Սև ծով ճանապարհի  նշանակության մասին, միաժամանակ կարևորել է երկկողմ առևտրատնտեսական  և համատեղ  ներդրումների, ինչպեսև համավարակի դեմ պայքարի հարցում համագործակցությունը։ Զարիֆը նախ շնորհավորել է Վրաստանին խորհրդարանական վերջին ընտրությունների առիթով, ապա կրկին Զուրաբիշվիլուն է փոխանցել Իրան այցելելու՝ նախագահ Հասան Ռոհանիի հրավերը։ Ապա անդրադարձել է երկողմ փոխհարաբերություններին ու համագործակցություններին, հույս հայտնել, որ դրանք տարբեր ոլորտներում կընդլայնվեն։ Այնուհետև նա քննարկման առարկա է դարձրել Վրաստանում իրանցիների խնդիրները և առաջին հերթին 600 տարանցային բեռնատար մեքենա գնած վարորդների համար առաջացած խնդիրը։ Բանն այն է, որ համավարակով պայմանավորված՝ Վրաստանն արգելել է բեռնափոխադրումը, ինչի պատճառով այդ վարորդները հարկադրված պարապուրդի են մատնվել՝ հայտնվելով տնտեսական ծանր վիճակում, մանավանդ որ ոմանք մեքենաները գնել են վարկերով։ Բացի այդ Զարիֆը հանդիպմանն արծարծել է նաև իրանցի գործարարների ու առևտրականների ներդրումների առնչությամբ Վրաստանի կառավարության ոչ թափանցիկ մոտեցումը՝ հույս հայտնելով, որ առաջ քաշված խնդիրները կարժանանան նախագահի ուշադրությանը և շուտափույթ լուծում կստանան[28]։

Հատկանշական է, որ  Զարիֆի այցի նախօրեին վրացական «Ռեզոնանս» օրաթերթում և «Ինտերպրես» գործակալությունում հրապարակվել էր Թբիլիսիում ԻԻՀ-ի դեսպան Աքբար Ղասեմիի նոթագրությունը, որտեղ նա քննարկման առարկա էր դարձրել տարածաշրջանի վերջին զարգացումների, երկկողմ փոխհարաբերությունների և ԻԻՀ ԱԳ նախարարի շրջայցի նպատակների հարցերը։ Նա, խիստ կարևորելով Զարիֆի շրջայցի նախաձեռնությունը, շեշտել է, թե տարածաշրջանի երկրների ղեկավարության հետ նրա քննարկումներն ու  կարծիքների փոխանակումը կարող են շրջադարձային լինել Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման հարցում։ Ղասեմին, անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմին, շեշտել է, որ այն առաջացրել է նոր փոփոխություններ, հատկապես նոր ճանապարհային  և էներգետիկ միջանցքների առումով, որոնք Իրան-Վարաստան, նաև այլ երկրների հետ համագործակցության համար ոսկյա հնարավորություն են ստեղծելու։ Նա հավելել է, որ առաջին փուլում դա կարող է լինել համագործակցության ու ինտեգրացման քառակողմ՝ 3+1 ձևաչափով՝ Իրան-Վրաստան-Հայաստան-Ադրբեջան, իսկ երկրորդ փուլում՝ 3+3 ձևաչափով[29]։ Ղասեմին նշել է նաև, որ չնայած վերջին շրջանում անհասկանալի պատճառներով Թեհրան-Թբիլիսի փոխհարաբերություններում նախկին աշխուժությունը բացակայում է, սակայն 30 տարվա ընթացքում քաղաքական, տնտեսական, գիտա-մշակութային և պաշտպանության ու անվտանգության ոլորտներում Իրան-Վրաստան 70 համաձայնագիր ու փոխըմբռնման հուշագիր  է ստորագրվել։

Ինչ վերաբերում է երկու երկրների միջև փոխհարաբերությունների ակտիվության թուլացմանը, ապա հարկ է նշել, որ այն գլխավորապես պայմանավորված է եղել ԱՄՆ-ում Թրամփի նախագահությամբ ու վերջինիս իրանյան քաղաքականությամբ՝ հաշվի առնելով ԱՄՆ-Վրաստան սերտ փոխհարաբերությունները։ Հետևաբար նրա հեռանալուց հետ դրանց ընդլայնման ու զարգացման համար, թերևս, լավ հնարավորություններ կստեղծվեն, մանավանդ, եթե ԱՄՆ-ը վերադառնա Իրան-5+1-ի համաձայնությանը։ 

Զարիֆը հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ, իսկ կորոնավիրուսով վարակված և մեկուսացած ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Այցի ավարտին Զարիֆն իր թվիթերյան էջում գրառման մեջ շեշտել է, որ Թբիլիսիում արդյունավետ բանակցություններ է ունեցել երկկողմ  փոխհարաբերությունների ընդլայնման և տարածաշրջանային համագործակցությունների, մասնավորապես Պարսից Ծոց-Սև ծով տարանցիկ ճանապարհի վերաբերյալ։

ԹՈՒՐՔԻԱ

Հունվարի 29-ին ԻԻՀ ԱԳ նախարարն իր շրջայցի եզրափակիչ փուլում ժամանել է Թուրքիա, որտեղ լրագրողներին հայտնել է, թե Իրանը ողջունում է Թուրքիայի նախագահի՝ 6-յակի համագործակցության առնչությամբ առաջարկած մեխանիզմները՝ ընդգծելով, որ 5 երկիր իր շրջայցը սկսել է թուրք բարեկամների հետ խորհրդակցելուց հետո[30]։ 

Թուրք-իրանական փոխհարաբերությունները, ինչպես բազմիցս նշել ենք, Իսլամական հեղափոխությունից հետո ընթացել են վայրիվերումներով։ Երկու երկրների փոխհարաբերություններում  վերջին անկումն արձանագրվել  էր 2020թ․ դեկտեմբերի 10-ին  Արցախյան պատերազմում հաղթանակից ոգեշնչված Էրդողանի «լիրիկական զեղումների» պատճառով։

Իրանցի կովկասագետ Բեհեշտիփուրը, այն գնահատելով չմտածված ու ոչ  ճիշտ, նշել է, որ այդպիսով հարվածի տակ էր հայտնվել երկու երկրների փոխառնչությունների սերտացումը, մինչդեռ կողմերն ունեն հսկայական շահեր[31]։ Նա, անդրադառնալով Զարիֆի՝ Թուրքիա կատարած այցին, նշել է, թե այն ոչ միայն կաջակցի երկու երկրների փոխհարաբերությունների սերտացմանը, այլև կնպաստի Իրան-Ադրբեջան փոխհարաբերություններին՝  Նախիջևանի առանցքայնությամբ։ Թեև շրջայցի առանցքային երկրները համարվել են Ռուսաստանն ու Ադրբեջանը, սակայն, ըստ երևույթին, Թեհրան-Անկարա փոխառնչություններում այն արձանագրել է միմյանց հանդեպ սիրո ու համերաշխության աննախադեպ վերելք։ Թուրքիայում Զարիֆի ու պաշտոնակցի՝ Մեվլութ Չաուշօղլուի հետ հանդիպմանը քննարկվել  են երկկողմ փոխհարաբերությունների, 6-յակի  համագործակցության,  ինչպեսև  Իրան-Իրաք-Թուրքիա և Իրան-Սիրիա-Թուրքիա եռակողմ ու միջազգային հարցեր։ Բանակցություններից հետո նրանք մասնակցել են համատեղ մամուլի ասուլիսի, որտեղ, ինչպես նշել են միջազգային ԶԼՄ-ները, նկատվել է ջերմ վերաբերմունք միմյանց հանդեպ, անգամ միմյանց դիմելիս Թուրքիայի ԱԳ նախարարը շարունակաբար դիմել է «բարեկամս, եղբայրս՝ Ջավադ Զարիֆ», իսկ վերջինս ասել է՝ «բարեկամս՝ Մեվլութ»[32] ։ Նույն աղբյուրի համաձայն՝ Զարիֆը հայտարարել է, թե Թուրքիայի ցանկությամբ է բանակցել տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ։ Ապա Զարիֆը համատեղ մամուլի ասուլիսին հայտնել է, որ այցելած 4 երկրի ղեկավարների հետ հանդիպումների մանրամասնությունները ներկայացրել է թուրք պաշտոնյաներին և վերջիներիս հետ բանակցությունների մասին տեղյակ է պահելու մյուս 4-ին։  Զարիֆը շեշտել է, թե անցյալը դրականորեն պետք է օգտագործել որպես երթուղի ապագայի և կառուցողականության համար՝ ընդգծելով, որ տնտեսական համագործակցության նպատակով հրադադարը պետք է ամրապնդվի։ Նա, կարևորելով երկկողմ փոխհարաբերությունները, նշել է, որ կողմերն ունեն ընդհանուր առաջնակարգ շահեր և  հույս հայտնել, որ Թրամփի հեռանալով՝ երկու երկրները հնարավորություն կստանան ընդլայնել փոխառնչությունները տարբեր՝ մասնավորապես տարանցիկության ու էներգետիկայի ոլորտներում[33]։ Զարիֆը շեշտել է, որ դժվարին օրերին երկու բարեկամ երկրները միմյանց կողքին են եղել։ Թերևս սա ակնհայտ էր 2016թ․ Թուրքիայում հեղաշրջման ժամանակ Իրանի էական աջակցությանը։

Չաուշօղլուն համատեղ մամուլի ասուլիսում նախ հույս է հայտնել, որ Բայդենի կառավարությունը կվերադառնա Իրան-5+1-ի համաձայնությանը, ապա մանրամասնելով Զարիֆի հետ հանդիպմանը քննարկված հարցերը՝ նշել է, որ օրակարգում են եղել Սիրիայում տիրող իրավիճակը, Ժնևում Սիրիայի Սահմանադրության կոմիտեի 5-րդ նստաշրջանը, Իրաքի, Ծոցի և Հարավային Կովկասի երկրների հարցերը։

Հատկանշական է, որ «եղբայր» երկրի ԶԼՄ-ները, իսկ կոնկրետ այս դեպքում Անկարայի տեսակետներն արտահայտող Անադոլու գործակալությունը Պարսից Ծոցի փոխարեն «Ծոց» բառն է օգտագործել, այն դեպքում, երբ Իրանը խիստ զգայուն է այդ հարցի նկատմամբ։ Ըստ նշյալ գործակալության՝ Չաուշօղլուն, անդրադառնալով Հարավային Կովկասում 3+3 ձևաչափի համագործակցության ձևավորման մեխանիզմներին, ինչը Զարիֆի Թուրքիա կատարած այցի բուն նպատակն էր, նշել է, թե այժմ այնտեղ հրադադար է հաստատվել, և բոլորը ձգտում են, որ կայուն լինի [34]։

 Ինչպես նկատելի է, Իրանը խոսում է 6-յակի հարթակով համագործակցության մասին, Թուրքիան՝ 3+3-ի, իսկ ի՞նչ տարբերություն կա Զարիֆի առաջարկած 6-յակի և թուրքական կողմի 3+3-ի ձևաչափերի միջև։ Ըստ իրանական կողմի՝ 6-յակի ձևաչափով համագործակցությունը միասնություն է՝ Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ, մինչդեռ Չաուշօղլուն լրագրողներին բացատրել է 3+3 ձևաչափի էությունը՝ շեշտելով, որ 6-յակը համագործակցելու է 3+3-ի ձևաչափով, ինչը նշանակում է՝ մի կողմում լինելու են Իրանը, Հայաստանը և Վրաստանը, մյուսում՝ Թուրքիան, Ռուսաստանն ու Ադրբեջանը։ Իրանական կողմը նշում է, թե նման բաժանումը խոսում է այն մասին, որ Անկարան մոտ ապագայում Հայաստանի հետ փոխհարաբերությունները բնականոնացնելու հույսեր չունի, այդ պատճառով էլ գերադասում է բազմակողմանի համագործակցության մեջ Հայաստանին տեսնել Իրանի կողքին[35]։

Չաուշօղլուն համատեղ մամուլի ասուլիսին խստորեն արժևորել է Իրանի մասնակցությամբ  եռակողմ՝ Թուրքիա-Իրան-Ադրբեջան և քառակողմ՝ Թուրքիա-Իրան-Ադրբեջան-Վրաստան ձևաչափերով համագործակցությունները և շեշտել, որ այժմ ջանքեր են գործադրվում մշակել նոր եռակողմ՝ Թուրքիա-Իրան-Աֆղանստան ձևաչափով  համագործակցության մեխանիզմ։ Բանն այն է, որ Պակիստանի հետ եռամիասնություն ձևավորելուց հետո վերջինիս հետ սերտ ու ծավալուն հաղորդակցման լավագույն  տարբերակն Իրանով անցնող ճանապարհն է։ Թերևս նաև այս հանգամանքով է պայմանավորված Անկարայի ակնհայտ «եղբայրական» ջերմությունը, որպեսզի Թեհրանը բարեհաճ գտնվի այդ հաղորդակցության ճանապարհը տրամադրելու հարցում։ Մանավանդ, որ Իրանի աչքից հազիվ թե վրիպեր Թուրքիայի և Ադրբեջանի անթաքույց ու բուռն հրճվանքն Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան «միջանցքի» առնչությամբ, այնուհետև դա պատեհ ու անպատեհ ի ցույց դնելն աշխարհին ու Իրանին, որը ոչ միայն թուրքական աշխարհի միասնությունն է ապահովում, այլև դրա արդյունքում Իրանը որպես տարանցիկ երկիր լիովին կորցնում է իր նշանակությունը թուրք-ադրբեջանական և նաև Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցման համար։ Այս առիթով էլ Զարիֆը հայտարարել է, թե Աֆղանստանի  կառավարությունն առաջարկել է մոտ ապագայում իրականացնել Իրան-Թուրքիա-Աֆղանստան եռակողմ հանդիպում։ Հավելենք, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ԱԳ նախարարների մակարդակով Իրան-Թուրքիա-Ադրբեջան՝ առաջիկայում Թեհրանում  տեղի ունենալիք եռակողմ հանդիպման մասին։ Զարիֆը նաև 2-ժամյա դռնփակ հանդիպում է ունեցել  Էրդողանի հետ։

ԻԻՀ ԱԳ նախարարը հունվարի 30-ին այցելել է Նախիջևանի ինքնավար Հանրապետություն և տեղական իշխանությունների հետ քննարկել տարանցիկության ու այդ ոլորտում համագործակցության հարցեր և վերադարձել Իրան։

ԱՄՓՈՓՈՒՄ

Տարածաշրջանի երեք գերտերությունները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հարավային Կովկասի նորանկախ երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում, մրցակցել են իրենց ազդեցությունը տարածելու համար, իսկ թե յուրաքանչյուրին ինչքանով է հաջողվել, այլ հարց է։ Սակայն ակնհայտ է, որ Արցախյան վերջին պատերազմից հետո Իրանը ոչ միայն դուրս է մնացել Հարավային Կովկասի զարգացումներից, այլև այդ երկրի տնտեսական ու անվտանգային շահերը հայտնվել են հարվածի տակ նախ Հայաստան-Իրան սահմանի անձեռնմխելիությանը սպառնացող «Մեղրիի միջացքի» առումով, ապա տարանցիկության շահերի տեսանկյունից։ Ավելին, Իսլամաբադյան եռամիասնության ձևավորումից հետո տպավորություն էր ստեղծվել, թե  Ադրբեջանի «ազատագրված» տարածքների կառուցապատման 15-20 միլիարդ դոլար արժողությամբ նախագծում հնարավոր է, որ Իրանը զրկվի պատշաճ տեղ ունենալու հնարավորությունից՝ չնայած պատերազմի ընթացքում ԻԻՀ-ը հստակ ադրբեջանամետ դիրքորոշում էր որդեգրել։

Իրադարձությունների նման ընթացքով, նաև այլ հանգամանքներով պայմանավորված՝ Թեհրանը, տարածաշրջանում քաղաքական ակտիվություն դրսևորելու նպատակով ողջունելով թուրքական կողմի (Անկարա-Բաքու) 3+3-ի համագործակցության առաջարկը, ինչը թուրքական կողմը դիտում է որպես Իրան-Հայաստան-Վրաստան + Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա 6-յակի համագործակցություն, հանդես եկավ այն խորացնելու ու սերտացնելու նախաձեռնությամբ՝ 6-յակի կամ Ռուսաստան-Թուրքիա-Իրան + Հայաստան-Վրաստան-Ադրբեջան համագործակցության միություն ստեղծելու առաջարկությամբ։ Ուստի համավարակի պայմաններում, երբ զգալիորեն կրճատվում են այցելությունները, առավել ևս շրջայցը, Իրանի ԱԳ նախարար Զարիֆը հիշյալ նախաձեռնության և Ղարաբաղյան հարցի վերջնական լուծմանն աջակցելու ու տարածաշրջանում կայունությանն ու տևական խաղաղությանը նպաստելու նպատակով  շրջայց է կատարել 5 երկրում։ Այլ կերպ ասած՝ շրջայցի գլխավոր նպատակը տարածաշրջանում տևական խաղաղությանն ու կայունությանը նպաստելն է հայտարարվել, ինչը պետք է իրականացվի տարածաշրջանային տնտեսական համագործակցությունների ընդլայնման ճանապարհով հիշյալ նախաձեռնության շրջանակներում: Սակայն զարգացումների նման հեռանկարը  չբացառելով հանդերձ՝ հարկ է նշել, որ ի սկզբանե ենթադրելի էր, որ նշյալ նախաձեռնության երկու տարբերակներն էլ դատապարտված են ձախողման։ Քանզի պատմական փորձն ապացուցել է, որ առանց քաղաքական հարցերի կարգավորման տնտեսական փոխհարաբերությունների զարգացումը, առավել ևս համագործակցությունն ու ինտեգրումը գրեթե բացառվում են։ Դա է վկայում անցյալ դարի 90-ականների կեսերին ԱՄՆ գլխավորությամբ այդօրինակ նախագծի իրագործումն արաբական երկրների ու Իսրայելի մասնակցությամբ, ինչը երկրորդ-երրորդ  քայլից հետո ձախողվեց։ Մինչդեռ այժմ Իսրայելի հետ դիվանագիտական փոխհարաբերություններ հաստատած արաբական որոշ երկրների դեպքում տնտեսական համագործակցությունն առանց ջանքերի է տեղի ունենում, իսկ 6-յակի որոշ անդամների միջև առկա են լուրջ խնդիրներ, անգամ կողմնորոշման առումով։

Այս առումով  լավ օրինակ է նաև 1992թ․ հիմնադրված «Սևծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության ճակատագիրը, որի 11 անդամներից շատերը, այդ թվում՝  Հայաստանը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, Վրաստանը՝ Ռուսաստանի և այլն, տարաձայնություններ ունեին, որից միայն մի գրասենյակ է մնացել Ստամբուլում։

Ավելին, Զարիֆի վերոնշյալ նախաձեռնության մասին խոսելիս Թբիլիսիում Իրանի դեսպանը նախնական տարբերակով վկայակոչել էր քառյակի ձևաչափը, ապա ընդլայնել։ Իսկ Զարիֆը, Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անվտանգության առումով անհրաժեշտ համարելով Ղարաբաղի հարցի լուծումը, առանցքային է համարել  6-յակի կամ 5-յակի համագործակցության հարցը բանակցություններում։ Վերը նշվածից կարելի է ենթադրել, որ նախաձեռնությունը, թերևս, վերը նշված հանգամանքներով պայմանավորած, հընթացս ճաքեր է տվել այդ քայլը ձեռնարկողների կողմից։ Ահա թե ինչու հստակ կարելի է նշել, որ Զարիֆի շրջայցն այս առումով հաջողություն չի արձանագրել։ Նշենք, որ, ըստ երևույթին, հյուրընկալող երկրների ղեկավարներից միայն Հայաստանի վարչապետն է կարևորել այդ թեմայով բանակցությունները։

Սակայն Զարիֆի շրջայցի ընթացքում բանակցությունները երկկողմ  փոխհարաբերությունների շուրջ հիմնականում հաջողված են, կարելի է ասել, որ ընթացել են ըստ այն ծրագրերի ու նպատակների, որոնք իր առջև դրել էր Իրանի ԱԳ նախարարը։ Ադրբեջանում պայմանավորվածություն է ձեռք բերվել «ազատագրված», մասնավորապես սահմանակից տարածքներում կառուցապատմանն Իրանի մասնակցության մասին, որտեղ կարող էին աշխատել այլ երկրների, օրինակ, Իսրայելի ընկերությունները։

Բաքվում դա Զարիֆի գլխավոր նպատակն էր։ Ռուսաստանում ստորագրվել է կարևոր համաձայնություն և լուծվել կորոնավիրուսի պատվաստանյութ գնելու հարցը։ Կառուցողական երկխոսություն է տեղի ունեցել նաև այլ կարևոր հարցերի շուրջ։ Հայաստանում որևէ հստակ նպատակային ծրագիր չի եղել, իսկ փոխհարաբերությունները գնահատվել են օրինակելի։ Թբիլիսիում ևս բանակցությունները եղել են կոնկրետ հարցերի շուրջ և Իրանի ԱԳ նախարարի գնահատմամբ՝ կառուցողական։ Թուրքիայում, որտեղ կայացել է դռնփակ քննարկում Էրդողանի հետ, այցն ընթացել է ըստ ծրագրի, պայմանավորվածություն է ձեռք բերվել  բազմակողմ մի քանի հանդիպումների մասին։

Էմմա Բեգիջանյան

Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)


[1] Իրանի տարածաշրջանային այցի դրդապատճառները, http://vaghayedaily.ir/fa/news/15299

[2] Մոհամեդ Ջավադ Զարիֆի տարածաշրջանային շրջայցից Իրանի նպատակները, https://www.radiofarda.com/a/31069651.html

[3] Զարիֆն ինչո՞ւ է այցելում Կովկաս, Ռուսաստան և Թուրքիա

[4] Զարիֆն ինչո՞ւ է այցելում Կովկաս, Ռուսաստան և Թուրքիա

[5] … Իրանը Ղարաբաղում խոշոր պարտվո՞ղ, http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20201119_4&flag=am

[6] Ավարտվե՞լ է Իրան-Թուրքիա դիվանագիտական պատերազմը, http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20201215_7&flag=am

[7] «Եղբայրական» եռամիասնություն, http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20210119_8&

[8] Իրանի միջուկային գործարքին վերադառնալը ռազմավարական սխալ է

[9] Իսրայելի պաշտպանության ուժերի հրամանատարը հայտնել է, թե կարգադրել է, որ Իրանի միջուկային օբյեկտները չեզոքացնելու նոր պլաներ մշակեն, https://fa.timesofisrael.com/رئیس-ارتش-اسرائیل-می-گوید-برای-خنثی-کرد

[10] Թեհրանը մերժել է Սաուդյան Արաբիայի մասնակցությունն «Իրան-5+1»-ի բանակցություններին․ Ֆրանսիայի ցանկությունը, https://www.radiofarda.com/a/khatibzadeh/31077672.html

[11] Ղարաբաղի առնչությամբ Իրանի առաջարկության՝ Հայաստանի մերժման պատճառները

[12] Զարիֆի դիվանագիտական այցը Հարավային Կովկաս ռազմավարական գործունեության նոր սկիզբ է

[13] 3+3-ի համագործակցությունը Զարիֆի շրջայցի տեսլականն է

[14] Իրանի ԱԳ նախարարի շրջայցը Հարավային Կովկաս, Ռուսաստան և Թուրքիա․ որո՞նք են Զարիֆի նպատակները

[15] Զարիֆի նպատակներն Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Թուրքիա այցելություններից                 

[16] Զարիֆ․ Թուրք բարեկամների հետ խորհրդակցելով եմ սկսել 5 երկրներ այցելություններս

[17] Տարածաշրջանային շրջայց կատարելու Իրանի դրդապատճառները

[18] Ղարաբաղի առնչությամբ Իրանի առաջարկության՝ Հայաստանի մերժման պատճառները

[19] Զարիֆի այցը Բաքու ընդգծում է երկկողմ ու տարածաշրջանային փոխհարաբերությունների ընդլայնման նշանակությունը, https://farsi.iranpress.com/iran-i192806

[20] Իրանի նպատակները Մոհամեդ Ջավադ Զարիֆի տարածաշրջանային այցելություններից, https://www.radiofarda.com/a/31069651.html

[21] Զարիֆն ի՞նչ է փնտրում կովկասյան տարածաշրջան այցելելով

22 Non-Proliferation Treaty՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր։

[23] 3+3-ի համագործակցությունն ու Զարիֆի տարածաշրջանային շրջայցի հեռնակարները

[24] Զարիֆ․ Եթե սահմանափակումները չեղարկվեն, Թեհրանը, հաստատված օրենքի համաձայն,  կասեցնելու է NPT իրականացումը

[25] Լավրով-Զարիֆ այս օրվա բանակցությունների առանցքային թեման JCPOA-ը և Ղարաբաղի հարցերն են

[26] Զարիֆի ուղևորությունն Ադրբեջան և հադիպումներն այդ երկրի նախագահ և ԱԳ նախարարի հետ

[27] Զարիֆ․ Մեր փոխհարաբերությունները Հայաստանի հետ շատ ջերմ ու մտերիմ են

[28] Մեր երկրի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ և  նրա բանակցությունը

[29] Զարիֆի տարածաշրջանային շրջայցը  և Կովկասի  համար  ստեղծված զարգացման ու բարօրության հրաշալի հնարավորությունները

[30] Զարիֆ․ Ես 5 երկիր իմ շրջայցը սկսել եմ թուրք բարեկամներիս հետ խորհրդակցելուց հետո

[31] 3+3-ի համագործակցությունն ու Զարիֆի տարածաշրջանային շրջայցի հեռնակարները

[32] Ի՞նչ արդյունքներ են ունեցել Զարիֆի այցելությունները կովկասյան երկրներ, Ռուսաստան և Թուրքիա

[33] Զարիֆ․ Ես 5 երկիր իմ շրջայցը սկսել եմ թուրք բարեկամներիս հետ խորհրդակցելուց հետո

[34] Չաուշօղլու․ Հուսանք, որ ԱՄՆ-ը կվերադառնա JCPOA, և Իրանի դեմ սահմանափակումները կչեղարկվեն

[35] Հայացք Զարիֆի՝ Թուրքիա կատարած այցին, 6-յակի՞, թե 3+3-ի համագործակցություն

Նկարը` © IFP \ Մոհամադ Ջավադ Զարիֆ

Միացեք մեր Telegram ալիքին