Պրոթեզավորման կարիք ունեցողների կարիքները կգնահատվեն բազմակողմանիորեն

Փետրվարի 3-ից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն Արցախի գործընկերների հետ համատեղ սկսում են իրականացնել պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը։

Նախարար Մեսրոպ Առաքելյանի խոսքով` գործընթացը նպատակ ունի հատուկ ստեղծված գնահատման գործիքակազմի միջոցով ոչ միայն ստանալ ամբողջական և համապարփակ տեղեկատվություն անձին անհրաժեշտ պրոթեզի տեսակի, դրա ֆունկցիոնալության մասին, այլև տրամադրել եզրակացություն՝ մասնագիտական վերականգնման, բնակարանի, աշխատավայրի ու հարակից միջավայրի հարմարեցման և նրա անկախ կյանքի հմտությունների զարգացման համար անհրաժեշտ ծառայությունների վերաբերյալ։

«Պետության պարտավորությունն է ապահովել մարդկանց կենսագործունեության անխափան իրացումը։ Պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած անձինք լինելու են պետության բացառիկ հոգածության ներքո՝ որպես մեր հայրենիքի առջև իրենց պարտքն անձնուրաց կատարած նվիրյալներ։ Պրոթեզավորման կարիք ունեցողներին միջազգային չափանիշների պրոթեզավորմամբ ապահովելն իրականացվելիք առաջին քայլերից է։ Սա նվազագույնն է, որ մենք պարտավոր ենք անել հայրենիքի պաշտպանության համար անմնացորդ անձնազոհություն ցուցաբերած անձանց համար»:
Մեսրոպ Առաքելյան

Նախարարը նշել է, որ գերատեսչության կողմից ստեղծված բազմամասնագիտական խմբերը կապ կհաստատեն պրոթեզավորման կարիք ունեցող անձանց հետ, կքննարկվեն նրանց գտնվելու վայր այցելության օրերը և ժամերը, կկազմակերպվի կարիքների գնահատման ամբողջական գործընթացը։

Ընդգծվում է, որ որևէ դիմում լրացնելու կարիք չկա. «Մեր մասնագետներն ունեն անհրաժեշտ բոլոր կոնտակտային տվյալները և անձամբ կապ կհաստատեն շահառուների հետ։ Երախտապա՛րտ ենք ձեզ ծառայության համար․․․»,- եզրափակել է Առաքելյանը:

Նկարը` © RFE/RL Graphics \ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում

Միացեք մեր Telegram ալիքին