Խաղերի տեսությունը կարող է օգնել Տիեզերքում այլմոլորակային կյանքի որոնումներում

Մեծ Բրիտանիայի Մասաչուսեթսի համալսարանի գիտնականների կատարած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ «խաղերի տեսություն» անունը ստացած կոոպերատիվ խաղերի հետ կապված ռազմավարությունը կարող է բարձրացնել այլմոլորակային կյանքի որոնումների արդյունավետությունը:

Այլմոլորակային բանականության որոնումների ժամանակակից ծրագիրը (SETI) հիմնվում է միմյանց նկատմամբ այլընտրանքային երկու մոտեցումների վրա: Առաջինը վերաբերում է երկնքի ընդգրկուն տիրույթների դիտարկմանը և տվյալների հսկայական ծավալի մեջ արտասովոր ազդանշանի որոնմանը: Մյուս մոտեցումը կազմված է նախապես ընտրված մոլորակային համակարգի նպատակաուղղված դիտարկումից: Այստեղ մշակվող տեղեկատվությունը նվազում է, սակայն հարց է` արդյո՞ք համակարգը «ճիշտ» է ընտրվել:

Այդ որոնումների օպտիմալացման նպատակով գիտնականների խմբի ղեկավար դոկտոր Իմոն Քերինսն առաջարկել է կիրառել խաղերի տեսությունը: Ենթադրենք` մենք և տիեզերքի այլ բանական քաղաքակրթություն ցանկանում ենք միմյանց հետ կապ հաստատել: Դա պատասխանում է այսպես կոչված խաղերի տեսության կոորդինացիոն խաղի պայմաններով, որը տարբերվում է նրանով, որ երկու մասնակիցներն էլ ցանկանում են հասնել միևնույն ընդհանուր նպատակի (կոոպերատիվ հաղթանակ), սակայն խաղային գործընթացի ընթացքում մեկը մյուսի գործողությունների մասին անտեղյակ է մնում:

Խաղերի տեսության ընդհանուր մոտեցումն այն է, որ ամենակարճ ճանապարհով հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել մյուս մասնակցի գործողությունները: Այդ սկզբունքը տեղադրելով SETI-ի որոնումներում` դոկտոր Քերինսն առաջարկել է ուշադրություն դարձնել այն գալակտիկաների մոլորակային համակարգերին, որոնցից տեսանելի է Երկրի անցումն Արեգակի առջևով: Գիտնականի համոզմամբ` եթե այլ քաղաքակրթությունների ներկայացուցիչները կարող են տեսնել մեր մոլորակի անցումը, ապա նրանք կարող են մեր ուղղությամբ ազդանշան ուղարկել, այնպիսին, ինչպիսին մենք կարող ենք ուղարկել տարանցիկ էկզոմոլորակների (Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակների)` մեզ համար նշմարելի համակարգին: Ներկայումս հայտնի էկզոմոլորակների մեծ մասը բացահայտվել է հենց տրանզիտային մեթոդով:

Երկրորդ հարցն է` մենք ուղարկե՞նք ազդանշան, թե՞ սպասենք «մյուս մասնակցի» ազդանշանին: Այստեղ կանոնն այն է, որ ազդանշան ուղարկում է այն մասնակիցը, ով առավել հստակ է տեսնում տրանզիտային էկզոմոլորակը, որտեղ գտնվում է մյուս մասնակիցը: Քանի որ մոլորակների մեծ մասը, որոնցից երևում է Երկրի տրանզիտը, տեղակայված են ոչ մեծ աստղերի ուղեծրերում, իսկ Երկիրը պտտվում է առավել վառ աստղի շուրջը, ապա մեր մոլորակն այլոց համար ավելի տեսանելի կլինի, ուստի, Քերինսի կարծիքով, նրանք պետք է «առաջին քայլն» անեն ու մեր ուղղությամբ ազդանշան ուղարկեն, իսկ մեզ համար ձեռնտու է «եթերը լսել» այն գոտում, որտեղ գտնվում են մոլորակները, որոնցից տեսանելի է Երկրի տրանզիտը:

Բաժանորդագրվեք մեր Telegram ալիքին