Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Սիրիայի հարցով համատեղ հայտարարություն են ընդունել

Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, որոնք հանդես են գալիս որպես Աստանայի խաղաղ բանակցությունների երաշխավոր, Սիրիական հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարություն են հրապարակել` Սիրիայի սահմանադրական կոմիտեին կոչ անելով հակամարտության կողմերի միջև կոմպրոմիս և կոնսենսուս փնտրել:

Համատեղ հայտարարությունն ընդունվել է Ժնևում կայացած սահմանադրական կոմիտեի 5-րդ նիստի շրջանակներում կայացած խորհրդակցություններից հետո: Երեք երկրների համատեղ հայտարարությունում ընդգծվել է սատարումն ինքնիշխան, անկախ և միասնական Սիրիային:

Հայտարարությունում նշվել է, որ Կոմիտեն պետք է գործի «օտարերկրյա միջամտությունից» անկախ և ձգտի հասնել նրա անդամների միջև կոնսենսուսի, որպեսզի հնարավորինս լայն աջակցություն ստանա սիրիացիների շրջանում:

Հաղորդվում է, որ Սիրիայի հարցով միջազգային հաջորդ հանդիպումն Աստանայի ձևաչափով կայանալու Սոչիում` 2021թ. փետրվարի 16-17-ը:

Հիշեցնենք, որ սիրիական հակամարտության դադարեցման Աստանյան խաղաղ գործընթացը մեկնարկել է 2017թ. հունվարին` Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ: Հավելենք նաև, որ, ՄԱԿ-ի գնահատմամբ, 2011 թվականից սկսած Սիրիայում հարյուր հազարավոր մարդիկ են սպանվել, ավելի քան 10 մլն սիրիացի տեղահանվել է:

Նկարը` © GIS \ Սիրիա, Հալեպ

REGST.net-ը` Telegram-ում