Արցախի ժողովրդագրական գործընթացները նախապատերազմյան շրջանում

«Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե Ղարաբաղում հայ չապրելով`
Ղարաբաղը կարող է Հայաստանի մաս դառնալ:
Հողը նրանն է, ով այդ հողի վրա ապրում և պաշտպանում է այն»։

ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյան

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ի տարբերություն Արևելյան Հայաստանի այլ տարածքների՝ Արցախը հիմնականում կարողացել է պաշտպանվել օտարերկրյա հարձակումներից և տիրապետությունից, քանի որ Արցախում ընդհուպ մինչև 18-րդ դարի երկրորդ կեսը պահպանվել էին հայկական կիսանկախ իշխանությունները, որոնք կարողացել են անգամ օտարերկրյա տիրապետության պայմաններում ապահովել Արցախի հայ բնակչության գոյատևումը մայր հողում:

Արևելյան Հայաստանում Օսմանյան կայսրության ժամանակավոր հաջողության հետևանքով 1720-ական թվականների վերջերին և 1730-ական թվականների սկզբներին որոշ թվով հայեր լքել են Արցախի սահմանները՝ հաստատվելով Ռուսաստանում: Նադիր շահի կողմից թուրքերին պարտության մատնելուց (1735թ.) և Խամսայի մելիքությունների առաջացումից (1736թ.) հետո Արցախից հայերի արտագաղթի գործընթացը կանգ է առնում, սակայն Խամսայի մելիքությունների ներքին պայքարի հետևանքով Շուշիում և նրա հարակից տարածքներում հաստատվում է քոչվոր սարըջլու ցեղը, որի առաջնորդ Փանահի իշխանության ժամանակաշրջանից էլ սկսվում է Արցախում թյուրքական և քրդական էթնիկ տարրի հաստատումը: Այնուամենայնիվ, դարավերջին Արցախի հայ բնակչությունը գերակշռում էր Արցախում, և ըստ մոտավոր հաշվարկների՝ գերազանցում էր 500 հազարը: 1790-1820-ական թվականներին Արցախը գտնվել է ռուս-պարսկական ռազմական գործողությունների թատերաբեմում, ինչի հետևանքով մեծ թվով հայեր լքել են նրա սահմանները, իսկ Դիզակի հարավային և Վարանդայի արևելյան մասի հայերը տեղափոխվել են Արցախի լեռնային շրջաններ: 19-րդ դարի երկրորդ կեսից սկսած Արցախից սկսվում է բնակչության աշխատանքային միգրացիա Բաքու և Անդրկովկասի այլ արդյունաբերական շրջաններ, իսկ 1905-1906թթ. Արցախում տեղի է ունենում թաթարական հրոսակախմբերի հարձակումներ հայերի վրա, և, այնուհանդերձ, Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին՝ 1913թ. ներկայիս Արցախի Հանրապետության տարածքում 372 հազար հայ էր բնակվում, իսկ Շուշին Արևելյան Հայաստանի ամենահայաշատ (24) քաղաքն էր:

1918-1920-ական թվականներին նախ թուրքական, ապա ադրբեջանական ներխուժումների հետևանքով հայ բնակչությունը նոր կորուստներ է կրում: 1920թ. մարտին Շուշին երեք տարվա մեջ երրորդ անգամ ենթարկվեց ջարդերի: Ադրբեջանական զորքերն ու զինված կազմավորումները թալանեցին ու հրկիզեցին քաղաքի հայկական հատվածը՝ կազմակերպելով զանգվածային կոտորած և վտարելով հայ բնակչությանը:

1920թ․ ապրիլի 28-ին Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատումից հետո Կարմիր բանակը գրավում է Արցախը՝ այն հայտարարելով վիճելի տարածք:

1921թ․ հուլիսի 5-ին Թբիլիսիում կայացած ՌԿ(բ)Կ ԿԿ Կովբյուրոյի պլենումի նիստով Արցախը թողեցին ԱԽՍՀ կազմում՝ տրամադրելով նրան լայն մարզային ինքնավարություն՝ Շուշի վարչական կենտրոնով, որը մտնում է ինքնավար մարզի կազմի մեջ:

Ադրբեջանական և Հայաստանի ԽՍՀ-ները 1922թ. դեկտեմբերին ընդգրկվեցին ԽՍՀՄ-ի կազմավորման գործընթացներում, իսկ Ղարաբաղի տարածքի ընդամենը մի հատվածում 1923թ. հուլիսի 7-ին Ադրբեջանական ԽՍՀ Կենտրոնական գործադիր հեղափոխական կոմիտեի որոշմամբ կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ)` Ադրբեջանական ԽՍՀ կազմում, որով, ըստ էության, ոչ թե լուծվեց, այլ ժամանակավորապես սառեցվեց ղարաբաղյան հիմնախնդիրը: Ավելին, ամեն ինչ արվեց, որպեսզի ԼՂԻՄ-ն ընդհանուր սահման չունենա Հայաստանի հետ:

1926թ․ ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով՝ ԼՂԻՄ-ի սահմաններում բնակչության թիվը կազմում էր 125,3 հազար մարդ, որից 89,1 տոկոսը կամ 116,6 հազարը՝ հայ, 8,5 հազարը՝ կովկասյան թաթար (ադրբեջանցի) և 592-ը՝ ռուս: 1939թ․ մարդահամարը ԼՂԻՄ-ում արձանագրել էր 150,8 բնակչություն, որից 88 տոկոսը կամ 132,8 հազարը՝ հայ, 14 հազարը՝ ադրբեջանցի և 3,1 հազարը՝ ռուս: Երկրորդ համաշխարհային պատերազմը և ԼՂԻՄ-ից նաև հայերի մտածված բուռն զորակոչն էական ազդեցություն էին ունեցել ԼՂԻՄ-ի էթնիկական պատկերի վրա: 1959թ․ ԽՍՀՄ համամիութենական մարդահամարի տվյալներով՝ ԼՂԻՄ-ում բնակչության թիվը նվազել և կազմել էր 134,1 մարդ, ընդ որում, էթնիկ հայերի թիվը, ի տարբերություն 1939թ․, նվազել էր մոտ 20 հազարով, իսկ ադրբեջանցիներն աճել էին 6 հազարով:

Ադրբեջանական ԽՍՀ-ում Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո 1970-ական թվականներին ԼՂԻՄ-ից հայերի դուրս մղման գործընթացը հասավ պետական համակարգված մակարդակի: Իրականացվում էր էթնիկ հայերի՝ ԼՂԻՄ-ից դուրս մղման և ադրբեջանցիների բուռն վերաբնակեցման գործընթաց, որի արդյունքում 1979թ․ ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով՝ հայ բնակչութան տոկոսն իջել էր մինչև 76-ի և կազմում էր 123 հազար մարդ, իսկ ադրբեջանցիների թիվը՝ 37,2 հազար կամ ընդհանուրի 23 տոկոսը: ԽՍՀՄ վերջին մարդահամարը ԼՂԻՄ-ում արձանագրել էր 189,1 հազար բնակչություն, որից հայերը կազմում էին 145,4 հազարը կամ ընդհանուր բնակչության 76,9 տոկոսը, ադրբեջանցիները՝ 40,6 հազար կամ 21,5 տոկոսը:

ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԲՆՈՒՅԹՆ ԱՐՑԱԽՈՒՄ 1991-2019ԹԹ.

          1988թ․ Արցախյան ազատագրական զարթոնքը և հետագա գործընթացներն էական փոփոխությունների ենթարկեցին ԼՂԻՄ-ի, այնուհետև Լեռնային Ղարաբաղի և Արցախի Հանրապետությունների ժողովրդագրական գործընթացները: 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ անկախության հռչակման մասին նիստը: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂԻՄ-ի բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որի 99%-ից ավելին քվեարկեց անկախության օգտին։

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հիմնական նպատակն Արցախի Հանրապետության հայաթափումն էր և Արցախի նկատմամբ լիակատար հսկողության սահմանումը: 1991-1994թթ. առավել բուռն մարտական գործողությունների ընթացքում Արցախի ինքնապաշտպանական ուժերին և Հայաստանից օգնության մեկնած հայ կամավորականներին հաջողվեց ոչ միայն Ադրբեջանի զինված ուժերին դուրս մղել Արցախի Հանրապետության տարածքից, այլև ստեղծվեց Հայաստանի և Արցախի միջև կայուն տարանցման հնարավորություն: 1992-1993թթ․ ազատագրվեցին և հայկական զինված ուժերի վերահսկողության տակ անցան Լաչինի, Քելբաջարի, Ղուբաթլիի, Զանգելանի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի և Աղդամի տարածաշրջանները: Պետք է նշել, որ հայկական ուժերի տիրապետությանն անցած Ադրբեջանի Հանրապետության Քելբաջարի, Լաչինի, Ղուբաթլիի, Զանգելանի տարածաշրջանների տարածքներն ամբողջական էին,  Ֆիզուլիի տարածաշրջանը՝ 33 տոկոս, Աղդամինը՝ 77 տոկոս հարաբերակցությամբ:

Արցախի Հանրապետությանն անցած  այդ 7 շրջանների ընդհանուր տարածքը կազմում էր 7633 քառ. կմ, որից՝

1. Աղդամի տարածաշրջանը՝ 842 քառ. կմ

2. Ֆիզուլի՝ 462 քառ. կմ

3. Ջեբրայիլ՝ 1050 քառ. կմ

4. Զանգելան՝ 707 քառ. կմ

5. Ղուբաթլի՝ 802 քառ. կմ

6. Լաչին՝ 1835 քառ. կմ

7. Քելբաջար՝ 1935 քառ. կմ։

1989թ․ ԽՍՀՄ վերջին մարդահամարի տվյալներով՝ վերոնշյալ 7 տարածաշրջաններում բնակչության թիվը կազմում էր 421,7 հազար մարդ, որից մոտ 98 տոկոսն ադրբեջանցիներ էին: Պետք է նշել, որ տարիներով ադրբեջանական քարոզչամեքենայի պնդումները, թե Արցախյան պատերազմի հետևանքով հայկական հսկողության տակ անցած տարածքներից հեռացել է 1 մլն մարդ, չէին համապատասխանում իրականությանը: Մոտավոր հաշվարկներով՝ Արցախից հեռացած ադրբեջանցիների թիվը ներառյալ չէր գերազանցում 400 հազարը:

Ընդհանուր առմամբ, 1994թ․ մայիսի 12-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեքում Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության նախարարների միջև կնքված անժամկետ զինադադարի արդյունքներով Արցախի Հանրապետության տիրապետության տակ էր անցնում մոտ 12 հազար քառ. կմ տարածք, որից բուն Արցախի Հանրապետությանը՝ 4,4 հազար քառ. կմ:

Զինադադարի կնքումից հետո Արցախի Հանրապետությունում ստեղծվում է 7 վարչատարածքային կազմավորում, որից՝

1. Ասկերանի շրջան՝ 1222 քառ. կմ

2. Հադրութի՝ 1877 քառ. կմ

3. Մարտակերտի՝ 1795 քառ. կմ

4. Մարտունու՝ 951 քառ. կմ

5. Շահումյանի՝ 2494 քառ. կմ

6. Շուշիի՝ 381 քառ. կմ

7. Քաշաթաղի՝ 3376 քառ. կմ։

Պատերազմն ու սոցիալ-տնտեսական, առողջապահական և այլ խնդիրները պատճառ էին դարձել Արցախի Հանրապետությունից քաղաքացիական բնակչության արտահոսքի համար, և 1995թ․ տվյալներով՝ Արցախում արձանագրվել էր 122,6 հազար հայ ազգաբնակչություն, որը, ի տարբերություն 1989թ․, նվազել էր մոտ 23 հազարով: 2005թ․ արցախյան  առաջին մարդահամարի տվյալներով՝ մշտական բնակչության թիվը՝ ներառյալ Քաշաթաղի և Շահումյանի շրջանները, կազմել էր 137,7 հազար մարդ:

Արցախյան երկրորդ մարդահամարի տվյալներով՝ մշտական բնակչությունն աճել և հասել էր 145,1, իսկ 2020թ․ սկզբին՝ 148,8 հազարի: Արցախի Հանրապետության բնակչությունն անհավասարաչափ էր բաշխված: 2020թ․ սկզբի տվյալներով՝ Արցախի բնակչության գերակշիռ մասը՝ 39 տոկոսը, կենտրոնացած էր մայրաքաղաք Ստեփանակերտում: Ի տարբերություն Արցախի Հանրապետության այլ շրջանների՝ մայրաքաղաք Ստեփանակերտում բնակչության աճն ամենաբարձրն էր, և դա պայմանավորված էր ինչպես բնական, այնպես էլ ներքին տեղաշարժերով:

2005-2020թթ․ ընթացքում Ստեփանակերտի մշտական բնակչության թիվն աճել էր 8,3 հազարով և hասել 58,3 հազարի: Ինչ վերաբերվում է բուն Արցախի Հանրապետության այլ տարածաշրջաններին, ապա 2005-2020թթ. միջև ընկած ժամանակաշրջանում Ասկերանի մշտական բնակչության թիվը մնացել էր նույն մակարդակի վրա՝ 17 հազար, Հադրութի տարածաշրջանը նույնը՝ 12 հազար, Մարտակերտինն աճել էր ընդամենը 900 մարդով և հասել էր 19,8 հազարի: Մարտունու տարածաշրջանի բնակչությունը 2015-2020թթ. ընթացքում նվազել էր 1,8 հազարով և կազմում էր 21,3 հազար մարդ, իսկ Շուշիի տարածաշրջանի մշտական բնակչության թիվն աճել էր 1 հազար մարդով և կազմում էր 5,4 մարդ:

Ինչ վերաբերվում է Քելբաջարի, Լաչինի, Զանգելանի և Ղուբաթալիի շրջանների հիմքի վրա ստեղծված Քաշաթաղի և Շահումյանի տարաշրջաններին, ապա 2005-2020թթ. ընթացքում Շահումյանի տարածաշրջանի բնակչության թիվն աճել էր ընդամենը 800 մարդով և Արցախյան երկրորդ պատերազմի նախօրեին կազմում էր 3,3 մարդ, իսկ Քաշաթաղի տարածաշրջանինը՝ 2 հազար մարդով և հասել էր 11,7 հազարի:

Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության և հարակից շրջանների բնակչության համալրման կարևոր աղբյուր էր վերաբնակեցումը, քանի որ 12 հազար քառ. կմ տարածքով հանրապետությունում շատ սուր էր դրված տարածքների յուրացման և բնակեցման հարցը: Չնայած ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական տարբեր խթաններին՝ այդ հսկայական տարածքներում այդպես էլ լիարժեք բնակչության համալրում տեղի չունեցավ, և դա, թերևս, Արցախյան երկրորդ պատերազմում մեր պարտության արձանագրած պատճառներից մեկն էր։

1992թ․-ից մինչև Արցախյան երկրորդ պատերազմի նախօրեին Արցախում վերաբնակվել են Ասկերանի շրջանում՝ 810 բնակիչ, Հադրութի շրջանում՝ 550, Մարտակերտի շրջանում՝ 300, Մարտունու շրջանում՝ 650, Շահումյանի շրջանում՝ 3500, Շուշիի շրջանում՝ 250 և Քաշաթաղի շրջանում՝ 14․500 բնակիչ,ընդհանուր առմամբ՝ մոտ 21 հազար վերաբնակիչ, որը խիստ քիչ էր այդպիսի մեծ տարածքի համար:

Ինչ վերաբերվում է Արցախի Հանրապետության ժողովրդագրական ցուցանիշներին, ապա բնական աճի հաշվին բնակչության թվաքանակի ավելացումն իր դերակատարումն ունենում էր: Մասնավորապես 2000-2019թթ․ Արցախի Հանրապետությունում ծնվել էր 46,8 հազար երեխա, մահացածների թիվը կազմել էր 25 հազար, իսկ բնական աճը՝ 21,8 հազար մարդ: Ի տարբերություն ՀՀ-ում 1000 բնակչի հաշվով ծնունդների գրանցված ցուցանիշների՝ Արցախի Հանրապետությունում ավելի վաղ գործարկված ծնելիության խրախուսման միջոցառումների շնորհիվ դրանք ավելի բարձր էին: Մասնավորապես, 2010թ․ ԱՀ-ում 1000 բնակչի հաշվով ծնվածների թիվը 18,8 էր, իսկ ՀՀ-ում՝ 14,7, բնական աճի ցուցանիշն ԱՀ-ում 9,5 էր ՀՀ-ի 5,5-ի դիմաց: 2019թ․, թեև ԱՀ-ում էլ 1000 բնակչի հաշվով ծնունդների թիվը նվազել էր և հասել 14,3-ի, սակայն ավելի բարձր էր ՀՀ-ում գրանցված 12,2-ի համեմատ:

Ընդհանուր առմամբ, ծնունդների առումով 2010-2019թթ․ ԱՀ-ում ևս գրանցվել էր ծնունդների բացարձակ թվաքանակի անկում, որը կազմել էր 21,4 տոկոս, իսկ բնական աճի ցուցանիշը՝ 28,2 տոկոս: ԱՀ-ում բազմազավակությանը միտված պետական քաղաքականության, ինչպես նաև բարերարների տրամադրած միջոցների շնորհիվ երեխաների ընդհանուր կարգաթվում 3-րդ և հաջորդ երեխաների տեսակարար կշիռն ավելի բարձր էր, քան ՀՀ-ում: 2019թ․ ընդհանուր ծնվածների մեջ երրորդ և հաջորդող հերթական կենդանի ծնված երեխաների թվաքանակը տոկոսային առումով 36,1 տոկոս էր, իսկ ՀՀ-ում՝ 22,5: Ի շնորհիվ ծնելիության հաճախության ավելի բարձր ցուցանիշի՝ ԱՀ-ում ծնելիության գումարային գործակիցը (մեկ կնոջ հաշվով ծնված երեխաների թիվը) 2018թ․ կազմել էր 2,1 երեխա և ապահովում էր բնակչության պարզ վերարտադրությունը: ՀՀ-ում 2018թ․ ծնելիության գումարային գործակիցը կազմել էր 1,6 երեխա և փաստացի ցածր էր պարզ վերարտադրության ցուցանիշից:

2010-2019թթ․ ԱՀ-ում, ինչպես և ՀՀ-ում արձանագրվում էր ամուսնությունների թվաքանակի նվազում, որը 1200 գրանցված դեպքից իջել էր մինչև 836-ի կամ նվազել էր  30 տոկոսով: Հատկանշական է, որ 2008թ․ բարերար Լևոն Հայրապետյանի հովանավորությամբ իրականացված զանգվածային պսակադրության շնորհիվ ԱՀ-ում գրանցվել էր 3․057 ամուսնության դեպք:

Հատկանշական է, որ ԱՀ միգրացիոն տեղաշարժերի առումով 2016թ․-ից դիտարկվում էր եկողների և մեկնողների բացասական ցուցանիշ, թեև 2008-2015թթ․ այդ ցուցանիշը գտնվում էր դրական գոտում:

Արցախյան երկրորդ պատերազմը, կարելի է ասել, լիովին խաթարել է Արցախի Հանրապետության ժողովրդագրական գործընթացների սահուն ընթացքը, և դժվար է կանխատեսել ապագան։

Արտակ Մարկոսյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Միացեք մեր Telegram ալիքին