Թբիլիսին և Մոսկվան Արցախի տնտեսության վերականգնման հարցը չեն քննարկել. Աբաշիձե

Ռուսաստանի հետ կապերի ուղղությամբ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը` նշելով, որ Վրաստանն, անշուշտ, հետաքրքրված է Արցախի (բնագրում` Լեռնային Ղարաբաղի) տնտեսության վերականգնմամբ, սակայն, Աբաշիձեի խոսքով, Մոսկվայի և Թբիլիսիի միջև այդ թեմայով քննարկում տեղի չի ունեցել: Լավրովը, մինչդեռ, հայտարարել էր, որ ԼՂ տնտեսության վերականգման հարցում հետաքրքրված են նաև Իրանը, Թուրքիան և Վրաստանը:

Վրացի դիվանագետը դժվարացել է մեկնաբանել, թե մասնավորապես ինչ է նկատի ունեցել Ռուսաստանի արտգործնախարարը, սակայն ընդգծել է, որ ինչքան շուտ վերականգնվի խաղաղությունը, այնքան արագ կլուծվեն հարևան և բարեկամ երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները:

Աբաշիձեի խոսքով` անկասկած, Վրաստանի հետաքրքրության տիրույթում է տնտեսության և բարեկեցության վերականգնման ժամանակաշրջանի շուտ հաստատումը: Սակայն, ինչպես ընդգծել է դիվանագետը, ձևաչափերի և բանակցությունների շրջանակներում ռուսական կողմի հետ այդ հարցը չի քննարկվել:

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարը նշված հայտարարությունն արել էր Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ: Մոհամադ Ջավադ Զարիֆն իր տարածաշրջանային այցերը մեկնարկել է Բաքվից, հունվարի 26-ին եղել է Մոսկվայում, հունվարի 27-ին Երևանում է, իսկ Թբիլիսի այցը նախատեսվում է հունվարի 27-28-ին: Քննարկումների հիմնական թեման Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակն է:

Խմբագրի կողմից. «Ղարաբաղի տնտեսության վերականգնում» ձևակերպումը կարելի է դիտարկել որպես «տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում»:

Միացեք մեր Telegram ալիքին