Արդյո՞ք Ռուսաստանը վախենում է թուրքական ուժից. Pentapostagma

Հունական Pentapostagma պարբերականը նշում է, որ 2020թ. Թուրքիան և Ռուսաստանն այս կամ այն կերպ մասնակցել են երեք հակամարտությունների` Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում, գտնվելով հակադիր բևեռներում: Շեշտվում է, որ բոլոր դեպքերում Անկարայի գերակայությունն ակնհայտ է եղել, ինչը Մոսկվային պարտադրել է Արցախի դեպքում դիմել արմատական դիվանագիտական որոշման:

Նշվում է, որ դա որոշ փորձագետների առիթ է տվել պնդելու, թե ռուսները տարվա ընթացքում ընդհանուր առմամբ երեք պարտություն են կրել թուրքերից: Ընդ որում` Ռուսաստանի համար ամենացավոտը Սիրիան է, որտեղ Մոսկվան 2015թ. աշնանից լուրջ ներկայություն ունի: Որոշ փորձագետներ, ըստ հունական աղբյուրի, համարում են, որ հենց այդ պատճառով ՌԴ-ն բացահայտ կերպով չի կանգնել Հայաստանի կողքին, և վերջինս պարտվել է Ադրբեջանին:

Թուրքական անօդաչուները, ինչպես նշվում է, իրենց լավ են դրսևորել` տարբեր տարածաշրջաններում հաղթանակներ պարգևելով: Ոմանց կարծիքով` Մոսկվան վախենում է Անկարայի աճող հզորությունից: Հունական պարբերականը հարցադրում է անում. «Արդյո՞ք ռուսները սկսել են վախենալ թուրքերից»: Պատասխանը` «ոչ, դա դեռ չի նշանակում, թե Ռուսաստանն իրեն Թուրքիայից թույլ է համարում ռազմական կամ տեխնոլոգիական հարցերում»:

Տեղի ունեցածի համար բերվում է տրամաբանական բացատրություն. Թուրքիայի ԶՈՒ-երը կարող են տարբեր հակամարտություններում ներգրավված լինել և օգտագործել ռազմականացված խմբավորումներ: Մինչդեռ Ռուսաստանն այդպիսի հնարավորություն չունի, քանի որ նրա վրա լուրջ ճնշում է գործադրվում: Միջազգային իրադրությունը Մոսկվային թույլ չի տալիս «հարվածել բռունցքով»: Այդ պատճառով լավ զինված թուրքերին ու նրանց դաշնակիցներին հաճախ դիմադրում են հին զենքերով զինված ուժերը: Այդպես են կարծում Անկարայում գործող BlueMelange անկախ հետազոտական խմբի վերլուծաբանները:

Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի փորձագետ Թոմ Ռենքվիստի խոսքով` Մոսկվան միայն սահմանափակ հարցերի շրջանակներում է լրջորեն վերաբերվում թուրքական անօդաչուների վտանգին:

Նրա կարծիքով` դրոնները չեն կարող փրկել Իդլիբի գրոհայիններին: Մոսկվան մինչ օրս այն չի վերցրել իր վերահսկողության տակ, քանի որ նպատակ ունի նախապես լավ պատրաստել սիրիական բանակը:

BlueMelange-ի մասնագետները նշում են, որ թուրքական անօդաչուներին հիմնականում դիմակայում են հնացած ՀՕՊ համակարգերը, հաճախ` խորհրդային, լավագույն դեպքում` 90-ականներին մոդեռնիզացվածները: Նրանց համոզմամբ` հայերն ավելի քան 1 մլրդ դոլարի տեխնիկա են կորցրել Արցախում: Լիբիայում Bayraktar TB2-ներին հաջողվել է ոչնչացնել ավելի քան մեկ տասնյակ ռուսական «Պանցիր Ս-1» զենիթահրթիռային թնդանոթային համալիր, որոնք Լիբիայի ազգային բանակին էին փոխանցվել ԱՄԷ-ի կառավարության կողմից: Սակայն ՌԴ-ում սխալների ուղղման ուղղությամբ արդեն աշխատանքներ տարվել են:

Ռենքվիստի խոսքով` բազմամակարդակ ՀՕՊ համակարգերի դեպքում դրոնների հասցրած վնասն աննշան կլինի: Stratfor-ի վերլուծաբանը կարևոր է համարել, որպեսզի բոլոր «բացերը» փակ լինեն, և այդ դեպքում դրոնները չեն կարող հաղթանակի գրավական լինել:

Telegram