Ուկրաինական «Մոտոր Սիչը» կվերանորոգի վրացական ռազմական ուղղաթիռները

Ուկրաինական «Մոտոր Սիչ» ընկերությունը, Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, կիրականացնի վրացական զինված ուժերի Մի-8 ուղղաթիռների կապիտալ վերանորոգումը և մոդեռնիզացիան:

Նախօրեին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Գարիբաշվիլին Թբիլիսիում ընդունել է ուկրաինական պատվիրակությանը: Ստորագրվել է եռակողմ հուշագիր` «Մոտոր Սիչի», պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի` «Դելտայի» և Թբիլիսիի ավիացիոն գործարանի («Թբիլավիամշենի») միջև:

Հաղորդվում է, «Մոտոր Սիչն» արդեն վերանորոգում է Վրաստանի ԶՈՒ ուղղաթիռների շարժիչներն ու ռեդուկտորները: Ստորագրված հուշագիրը պետք է խորացնի առկա համագործակցությունը և այն նոր մակարդակի բարձրացնի:

Վրաստանի ՊՆ-ն նշում է, որ ռազմական արդյունաբերության զարգացման ուղղությամբ համագործակցությանն ուղղված հուշագրի շրջանակներում իրականացվելու են համատեղ նախագծեր` բազմագործառույթ Մի-8 ուղղաթիռների շարժիչների կապիտալ վերանորոգում ու մոդեռնիզացիա:

Հայտնի է, որ «Մոտոր Սիչը» ավիացիոն տեխնիկայի շարժիչների, ինչպես նաև գազատուրբինային արդյունաբերական համակարգերի խոշորագույն արտադրողներից մեկն է աշխարհում: Ընկերությունն իր արտադրանքը մատակարարում է 100 երկիր: 2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ձեռնարկության զուտ շահույթը կազմել է 33 մլն դոլար:

Միացեք մեր Telegram-ին