4 գլոբալ մարտահրավերներ, որոնց կբախվի Ջո Բայդենը (ըստ Le Figaro-ի)

2021թ. հունվարի 21-ին Ջո Բայդենը պաշտոնապես կդառնա ԱՄՆ-ի 46-րդ նախագահը և կգլխավորի երկրի գործադիր իշխանությունը: Ֆրանսիական պարբերականը նշում է, որ նա միանգամից բախվելու է արտաքին ու ներքին մի շարք խնդիրների:

Միացյալ Նահանգների ներքին խնդիրները կապված են սոցիալ-տնտեսական և բժշկահամաճարակային իրավիճակի հետ: Դրանք, սակայն, համարվում են կանխատեսելի և լուծելի:

Առավել բարդ խնդիրներն արտաքինն են. առանձնացվում են 4 գլոբար մարտահրավերներ, որոնց կբախվի ԱՄՆ-ի նոր ղեկավարությունը:

1. Իրանում միջուկային զենքի հնարավոր ստեղծումը:

2. Հյուսիսային Կորեայի միջմայրցամաքային բալիստիկ նոր հրթիռները` միջուկային մարտագլխիկներով, որոնք կարող են խոցել ԱՄՆ-ի տարածքը:

3. Դաշնակից Թայվանի պաշտպանությունը կոմունիստական Չինաստանի ագրեսիայից:

4. Ռուսների` իրենց կորսված կայսրությունը վերականգնելու երազանքը:

Հավանական է համարվում, որ Իրանը միջուկային զենքի ստեղծման ճանապարհին է: 2020թ. դեկտեմբերին այդ երկրի խորհրդարանը կառավարությանը պարտավորեցրել է դադարեցնել համագործակցությունը ՄԱԳԱՏԵ-ի հետ և սկսել տարեկան կուտակել մինչև 120 կգ ուրան` 20% հարստացման մակարդակով: 2018թ. Վաշինգտոնը դուրս էր եկել Թեհրանի հետ 2015թ. կնքած միջուկային պայմանագրից և սկսել էր ճնշում գործադրել իրանցիների նկատմամբ:

Հայտնի չէ` Բայդենը կկարողանա՞ Իրանի հետ ցանկալի պայմանագիր կնքել ամերիկյան պատժամիջոցների չեղարկման դիմաց: Դրանում պետք է ներառվեն ուրանի հարստացման սահմանափակումը, միջուկային զենքի և նոր բալիստիկ հրթիռների ստեղծման արգելքը, ինչպես նաև շիայական երկրների (Իրաք, Սիրիա, Լիբանան, Եմեն) գործերին չմիջամտելու հարցերը:

Նշվում է, որ միջազգային հանրությունում ԿԺԴՀ-ի ինտեգրվելու առումով Թրամփը բավականին հաջողություններ է գրանցել: Պարզապես նա ավելի լուրջ քայլերի խիզախություն չի ունեցել: Բայդենը պետք է շարունակի այդ գործընթացը: Օրակարգում պիտի լինի ապամիջուկայնացումը` տնտեսական և առևտրային շահերի դիմաց:

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա ամերիկաչինական հարաբերությունները վաղուց վերածվել են ռազմավարական մրցակցության` տարբեր ոլորտներում: Վաշինգտոնի և Պեկինի միջև վստահություն չկա և դժվար էլ ձևավորվի: ԱՄՆ-ին անհանգստացնում է այն հեռանկարը, որ Չինաստանը կարող է առաջատար դառնալ աշխարհում: Այդ պատճառով ոչ մի կերպ չպետք է թույլ տալ ՉԺՀ-ի կողմից Թայվանի նկատմամբ ոտնձգություն, իսկ Թայվանն Ասիայում ժողովրդավարության օրինակ է համարվում:

Ռուսաստանի դեպքում ԱՄՆ-ի քաղաքականությունը մշտապես տարբերվել է իրականության ու հստակության բացակայությամբ: Բայդենը պետք է վերահաստատի իր հավատարմությունը ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին, որը երաշխավորում է ԱՄՆ-ի միջամտությունը դաշնակցի փրկության համար: Համարվում է, որ միայն այդ դեպքում հանգիստ շունչ կքաշեն Արևելյան Եվրոպայի երկրները:

Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է, Վաշինգտոնը պետք է ընդունի, որ Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները չեն արդարացրել իրենց, և անի ճիշտ հետևություններ: Չպետք է կարծել, թե ռուսները վաղը արևմտյան կենսակերպ կընդունեն: Նշվում է, որ նրանց համար անիմաստ են ժողովրդավարության դասընթացները. միայն առևտուր, պրագմատիզմ, դիվանագիտություն, կոմպրոմիսներ և ընդհանուր հետաքրքրություններ (պայքար իսլամականների դեմ, Ուկրաինայի և Վրաստանի ֆինլանդիզացիա, զինաթափում և այլն) կարող են նպաստել հարաբերությունների կարգավորմանը: Համարվում է, որ Թրամփը և Օբաման բավարար իրատեսականություն ու հստակություն չեն ունեցել: «Հնարավոր է` այդ որակներն ունի Բայդենը»,- նշում է ֆրանսիական պարբերականը: