Վաղ թե ուշ Իրանն ու Թուրքիան միջուկային զենք են ունենալու. Յակով Կեդմի

Իսրայելցի քաղաքական վերլուծաբան, «Նատիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Կեդմին հայտարարել է, որ վաղ թե ուշ Իրանն ու Թուրքիան միջուկային զենք են ունենալու: Նրա խոսքով` այդ գործընթացը կասեցնել հնարավոր չէ, կարելի է միայն ձգձգել:

Կեդմին հավանական է համարում, որ այդ երկու երկրները միջուկային զենքի տիրապետեն 10, 15 կամ 20 տարի հետո: Վերլուծաբանը հիշեցրել է, որ վերջերս Պակիստանի միջուկային ռազմական ծրագրի ղեկավարները, ովքեր, Կեդմիի համոզմամբ, Իրանին աջակցում են միջուկային զենք ստեղծելու հարցում, Թուրքիայի հետ լրջագույն համաձայնություն են կնքել:

Իսրայելցի վերլուծաբանը հռետորական հարց է հնչեցրել` պատասխանելով այդ դեպքում Իսրայելի հնարավոր գործողությունների մասին հարցին. «Երբ Թուրքիան միջուկային զենք ունենա, մենք (Իսրայելը, խմբ.) պետք է հարձակվե՞նք նրա վրա: Պետք է հարվածե՞նք և´ Թուրքիային, և´ Իրանին»:

Քաղաքագետի խոսքով` միջուկային զենքը, անկախ ամեն ինչից, դառնում է 21-րդ դարի թիվ մեկ զինատեսակը, որին «այդպես էլ պետք է վերաբերվել»:

Յակով Կեդմիի կարծիքով` Իսրայելի խնդիրն է Իրանին չզրկել միջուկային զենքի տիրապետելու հնարավորությունից, ինչն անհնար է, այլ` տեղափոխել հնարավորինս ավելի ուշ ժամանակահատված: Հրեա վերլուծաբանի խոսքով` կամ պետք է հույս ունենալ, որ Իրանում կփոխվեն քաղաքական առաջնահերթությունները, բայց ոչ` արտաքին ազդեցությամբ, կամ պետք է ստեղծել բավարար ռազմական ուժ` չեզոքացնելու այդ զենքը:

Կեդմիի համոզմամբ` Իրանին միջուկային զենքի ստեղծումից հրաժարվել չի կարող նույնիսկ Միացյալ Նահանգներն իր ռազմական հնարավորություններով: Նրա խոսքով` որոշակի խնդիրներ առաջնելու միջոցով հնարավոր է հապաղում մտցնել միջուկային զենքի ստեղծման գործընթացում, սակայն դադարեցնել` հնարավոր չէ. «10-20 տարի հետո Իրանը նույնպես միջուկային զենք կունենա»:

Միացեք մեր Telegram ալիքին