Հարավային Կովկասում տարեկան 24 հազար մարդ ծխելու հետևանքով է մահանում

Առողջապահական համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում սկսել են քիչ ծխել, սակայն ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործման պատճառով առաջացած հիվանդություններից:

Համաձայն The Tobacco Atlas առցանց հարթակի 2016թ. տվյալների` Հարավային Կովկասի երեք երկրներում ծխող տղամարդիկ ավելի շատ են, քան` կանայք: Մտավոր խնդիրներ ունեցողների շրջանում, անկախ սեռից, միջինում ավելի շատ են ծխողները, քան նրանք, ովքեր այդպիսի դժվարություններ չունեն:

ԱՀԿ-ի տվյալներով` ծխախոտի օգտագործման հետևանքով աշխարհում տարեկան ավելի քան 8 մլն մարդ է մահանում: Նրանցից 7 մլն-ը ծխողներ և նախկին ծխողներ են, 1,2 մլն-ից ավելին` չծխողներ, ովքեր ենթարկվում են ծխախոտային ծխի ազդեցությանը:

Վրաստանի բնակչության 45%-ից ավելին ծխող են

Վրաստանում տարեկան շուրջ 7100 մարդ է մահանում ծխախոտի պատճառով առաջացած հիվանդություններից: Համաձայն The Tobacco Atlas-ի` երկրի բնակչության ավելի քան 45%-ը, այդ թվում` դեռահասներ, ծխողներ են: Վրաստանում ավելի շատ տղամարդիկ են ծխում (39%): 2016թ. Վրաստանում տղամարդկանց 23%-ից ավելին մահացել է ծխելու հետևանքով:

Կանայք և աղջիկներն ավելի քիչ են ծխում, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2016թ. կանանց 6%-ը մահացել է ծխելու հետ կապված խնդիրներից: 2015թ. Վրաստանում ծխողներ են եղել կանանց 4%-ը, մինչև 15 տարեկան աղջիկների 0,5%-ը:

Վրաստանի միջին վիճակագրական մարդը պետք է իր եկամտի ավելի քան 6%-ը ծախսի` օրական 10 հատիկ (կես տուփ) ծխախոտ գնելու համար: 2018թ. Վրաստանում սահմանափակվել են ծխելու համար նախատեսված վայրերը և ընդունվել է հակածխախոտային օրենք, որն արգելում է ծխելը հանրային վայրերում և փակ տարածքներում:

Հայաստանում նույնպես շատ են ծխում

Վերջին տարիներին Հայաստանում ծխողների թիվը սկսել է նվազել, սակայն երկրի բնակչության գրեթե կեսը դեռևս ծխողներ են: Այստեղ նույնպես ծխողների մեծ մասը տղամարդիկ են (տղամարդկանց 46%-ը): Նրանցից 2,29%-ը մինչև 15 տարեկան տղաներն են:

Հայաստանում տարեկան միջինում 5100 մարդ է մահանում ծխելու հետևանքով առաջացած բարդացումներից: 2016թ. Հայաստանի տղամարդկանց գրեթե 30%-ը մահացել է ծխախոտի հետևանքով առաջացած խնդիրներից:

Ի տարբերություն Վրաստանի` Հայաստանում կանայք շուրջ 2,5 անգամ ավելի քիչ են ծխում, սակայն 2016թ. Հայաստանում կանանց ավելի քան 8%-ը մահացել է ծխելու հետ կապված պատճառներով: The Tobacco Atlas-ի տվյալներով` Հայաստանի բնակչի եկամտի 6,1%-ը ծախսվում է ծխախոտի վրա:

Ադրբեջանում ավելի քիչ են ծխում

Վրաստանի և Հայաստանի նմանությամբ` Ադրբեջանում նույնպես սկսել են ավելի քիչ ծխել: Հարթակի հաղորդմամբ` Ադրբեջանում ծխողները բնակչության 40%-ն են: Սակայն Ադրբեջանում տարեկան միջինում 12 հազար մարդ է մահանում ծխելու հետ կապված հիվանդություններից: Ծխողներից 8 հազարից ավելին մինչև 15 տարեկան երեխաներն են, իսկ 1,3 մլն-ը` մեծահասակները:

Ադրբեջանում ավելի շատ ծխում են տղամարդիկ և մինչև 15 տարեկան երեխաները, ինչը կազմում է բնակչության գրեթե 39%-ը: 2016թ. տղամարդկանց 23%-ից ավելին մահացել է ծխելու պատճառով:

Ծխախոտի օգտագործման պատճառով կանանց և աղջիկների մահացությունն Ադրբեջանում շատ չի տարբերվում հարևաններից. 2016թ. այդ երկրում կանանց ավելի քան 8%-ը մահացել է ծխելու հետ կապված խնդիրներից:

The Tobacco Atlas-ի հաղորդմամբ` Ադրբեջանում ծխախոտի վրա կրկնակի ավելի քիչ են ծախսում, քան Հայաստանում և Վրաստանում. 10 հատիկ ծխախոտ գնելու համար միջին ադրբեջանցին իր եկամտի 3%-ն է ծախսում:

Ծխախոտը ոչ միայն մարդկանց է վնասում

2016թ. տվյալներով հաստատվել է, որ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի բնակիչները տարեկան հազարավոր տոննաներով ծխախոտի գլանակներ ու տուփեր են նետում: Հայաստանում այն կազմում է շուրջ 2300 տոննա, Վրաստանում` 2955, իսկ Ադրբեջանում` 5481 տոննա:

ԱՄՆ-ի Կենսատեխնոլոգիական տեղեկատվության ազգային կենտրոնի տվյալներով` ծխախոտի գլանակն ու տուփը համաշխարհային աղբի ամենահաճախ արտանետվող տարրերն են, որոնք դժվար են այրվում: Ծխելու հետևանքով նաև միլիոնավոր տոննաների ածխաթթու գազ ու մեթան է արտանետվում: Աշխարհում տարեկան մոտ 200 հազար հեկտար անտառ է հատվում ծխախոտի աճեցման նպատակով: