Տեսանյութ. Իրանը ցուցադրել է Պարսից ծոցի իր ստորգետնյա նոր բազան

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Թեհրանն ունի հրթիռային բազա, որտեղից հնարավոր է մի քանի հարյուր կիլոմետր հեռավորությամբ հրթիռներ արձակել Պարսից ծոցի տարածաշրջանում: Ստորգետնյա հրթիռային բազայի բացումն իրականացրել է ԻՀՊԿ-ի բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին:

© IRIB

ԻՀՊԿ-ի Ռազմածովային ուժերի ափամերձ պաշտպանության ստորգետնյա հրթիռային բազան գտնվում է Պարսից ծովի իրանական ափամերձ շրջանում: Այնտեղ գտնվում են հականավային հրթիռային մոբիլ համակարգերը, հականավային հրթիռների պահեստները և այլն: Վտանգի դեպքում և մարտական գործողությունների ժամանակ մոբիլ համակարգերը ստորգետնյա թունելներով կարող են դուրս գալ ափ և հրթիռներ արձակել Պարսից ծոցում գտնվող նավերի ուղղությամբ, այնուհետև թունելներով վերադառնալ վերալիցքավորման:

Հաղորդվում է, որ բազայի բացումն իրականացվել է Իրաքի տարածքում իրանցի գեներալի սպանության վրեժը լուծելու նպատակով 2020թ. հունվարի 8-ին Բաղդադում գտնվող ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծման 1-ամյակին: Գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին:

© IRIB

Դեռևս 2020թ. օգոստոսին իրանցիները ներկայացրել են երկու նոր հրթիռներ, որոնց անվանակոչել են ամերիկյան կողմից արձակված անօդաչուների հարվածի հետևանքով զոհվածների պատվին` բալիստիկ հրթիռը` «Նահատակ Հաջ Ղասեմ», թևավոր հրթիռը` «Նահատակ Աբու Մահդի»: Վերջինն իր անունը ստացել է շիայական «Ազգային մոբիլիզացիոն ուժերի» առաջնորդ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի պատվին, ով նույնպես զոհվել էր հունվարի 3-ին:

Իրանական աղբյուրների հաղորդմամբ` նոր բալիստիկ հրթիռի հեռահարությունը 1400 կմ է, թևավորինը` 1000 կմ: Նշվում է, որ այդպիսով Թեհրանը կրկնակի մեծացրել է իր «Զոլֆաղար» հրթիռի հեռահարությունը, որը կարող է խոցել մինչև 700 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները: