Վրաստանում փետրվարից հացի թանկացում է սպասվում

Վրաստանի Հացահատիկ և ալյուր արտադրողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լևան Սիլագավան հայտարարել է, որ ցորենի միջազգային գների թանկացման և 2021թ. հունվարին երկրում էլեկտրաէներգիայի սակագների բարձրանալու հանգամանքներով պայմանավորված՝ փետրվարին սպասվում է հացաբուլկեղենային արտադրանքի գնաճ:

Սիլագավայի խոսքով՝ ցորենի գինն ամբողջ աշխարհում է թանկանում, Ռուսաստանը հայտարարել է, որ հունվարի 15-ից ցորենի արտահանման համար տուրք է սահմանվելու, և Վրաստանում ալրաղացներն էլեկտրաէներգիայով են աշխատում, որը հունվարին թանկանալու է: Դեռևս հայտնի չէ, թե աջակցության ինչ սկզբունք է որդեգրելու կառավարությունը: Թանկացումը, Սիլագավայի համոզմամբ, տեղի է ունենալու փետրվարի 1-ից հետո, երբ 1 կգ ալյուրի գինը ներկայիս 53 լարիի փոխարեն դառնալու է 66 լարի:

Վրաստանի Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի որոշմամբ՝ հունվարի 1-ից Վրաստանում բարձրանալու է հոսանքի գինը՝ ինչպես բնակչության, այնպես էլ՝ կոմերցիոն ոլորտի համար:

Վրաստանը տարեկան սպառում է 700-800 հազար տոննա ցորեն, որից միայն 10%-ն է արտադրվում երկրում: Մյուս մասը ներկրվում է Ռուսաստանից, Ղազախստանից, ԱՄՆ-ից և Ուկրաինայից: Ներկրվող ցորենի 90%-ը Ռուսաստանին բաժին ընկնում: Ավելի վաղ արտադրող երկրներում վատ բերքի, Վրաստանում տնտեսական ճգնաժամի և լարիի տատանման պատճառներով ալյուրի գինը բարձրացել էր՝ առաջացնելով հացի թանկացման վտանգ: Դրանից խուսափելու նպատակով Վրաստանի իշխանությունները որոշում էին կայացրել սուբսիդավորել առաջին տեսակի ցորենի ալյուրի գինը: Ծրագիրը մեկնարկել է դեկտեմբերից, նախատեսվում է իրականացնել 4 ամիս: