Ադրբեջանական գազը և Բուլղարիայի դրժումը «թուրքական հոսքը» չեն դադարեցնի

Չնայած ծանր պատժամիջոցներին՝ Թուրքիայով և Բուլղարիայով Եվրոպա հասնող ռուսական գազատարն ամեն դեպքում գործարկվել է: Սակայն ներկայումս գազատարը մի շարք խնդիրներ ունի, ընդ որում՝ ոչ միայն ԱՄՆ-ի պատճառով:

Ադրբեջանական գազի հետ մրցակցությունն առավել սրանում է հատկապես համավարակի առաջացրած ճգնաժամի, ինչպես նաև Եվրոպայում ածխաջրածնի պահանջարկի նվազման պատճառով: Դրանով պայմանավորված՝ «Թուրքական հոսքի» հզորության կիրառումը հապաղում է: Սակայն այդ բոլոր խնդիրները ժամանակավոր բնույթ են կրում, և Ռուսաստանն ունի խնդիրների լուծման բոլոր գործիքները:

Բուլղարական ուխտադրժությունը

«Թուրքական հոսքի» գործարկման շնորհիվ բալկանյան պետությունն ունի գազային հանգույց դառնալու բոլոր հնարավորությունները: Բայց, այդուհանդերձ, Սոֆիան չի շտապում Ռուսաստանից կապույտ վառելիք գնել: Ավելին, հունվարի 1-ից Բուլղարիայի ներքին սպառման գազի 30%-ն ապահովելու է Ադրբեջանի գազատարը: Բուլղարիան և SOCAR-ը 25 տարով պայմանագիր են կնքել տարեկան 1 մլրդ խմ մատակարարելու վերաբերյալ: Ընդ որում՝ «Գազպրոմը» Սոֆիային 40% զեղչ է առաջարկել, որպեսզի ինչ-որ կերպ լցնի կիսադատարկ «Թուրքական հոսքը»:

Խնդիրն այն է, որ այսօր ադրբեջանական գազն ավելի մատչելի է և կորոնաճգնաժամի պատճառով՝ շահավետ: Սակայն շուկայի վերականգնումից հետո ռուսական գազի գինը կրկին կդառնա շահագրգռող: Ադրբեջանի հետ գործարքն ապահովում է Բուլղարիայի պահանջարկի ընդամենը 1/3-ը: Մյուս մասը, հավանաբար, կբավարարվի ռուսական գազով:

Ցածր գինը կփրկի նոր գազատարը

«Թուրքական հոսքի» հզորությունը տարեկան 31,5 մլրդ խմ է: Ներկայումս, երբ աշխարհում սպառումն էականորեն նվազել է համընդհանուր սահմանափակումների և երկու տաք ձմեռների պատճառով, ամբողջական ծավալն ապահովելն իրատեսական չէ: «Գազպրոմում» հրաշալի հասկանում են այդ խնդիրը և արդեն պատրաստվում են լուծման համար միջոցառումներ ձեռնարկել:

Ներկայումս բանակցություններ են ընթանում թուրքական կողմի հետ՝ «վերցրու կամ վճարիր» պայմանագրերի շրջանակներում քվոտաների նվազման ուղղությամբ: Ի սկզբանե նախատեսվել է, որ տարեկան շուրջ 15 մլրդ խմ գազ կսպառի Թուրքիան, սակայն 2020թ. արդյունքներով՝ կազմել է 9 մլրդ:

Ռուսական ընկերությունն ունի խնդրի լուծման մի քանի տարբերակ: Վաղ թե ուշ՝ գազի սպառումն աճելու է բնական ճանապարհով, իսկ գինը կբարձրանա մինչև ստանդարտ նիշը: Սակայն դա ժամանակ կխլի: «Գազպրոմը» նաև կարող է օգտագործել դեմփինգի (ցածր գնի) քաղաքականությունը՝ շուկայից դուրս մղելով սեղմված գազը և Միջին Ասիայի մրցակիցներին: Այդ գործիքը նոր-նոր է սկսել կիրառվել, բայց սպասվում է, որ շուտով այն լիովին կաշխատի, և ադրբեջանական գազն արդեն կզիջի «Թուրքական հոսքին»:

Միացեք մեր Telegram ալիքին