«Թուրքիան ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը». դեսպան

Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանը հայտարարել է, որ Թուրքիան «ճանաչում է Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»: Նրա խոսքով՝ «օկուպացված տարածքների» համար ֆինանսական աջակցության տրամադրման վերաբերյալ որոշումներ չեն կարող լինել:

Դեսպանի այցելությունը Վրաստանի արտգործնախարարություն պայմանավորված էր տարածված տեղեկությամբ, ըստ որի՝ թուրքական երկու բանկեր սկսել են սպասարկել Աբխազիայի АПРА World ազգային բանկային քանտերը: Սա դժգոհության ալիք էր բարձրացրել Վրաստանի լրատվամիջոցներում և քաղաքական գործիչների մոտ: Արդյունքում Թուրքիայի դեսպանը հրավիրվել էր ԱԳՆ:

Դեսպանը հաղորդել է, որ հարցը քննարկել է Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ: Յազգանը մամուլում տարածված լուրերն անվանել է չափազանցություն: Նրա խոսքով՝ բանկային քարտերի և ֆինանսական ծառայությունների հարցը դեռևս շարունակում է գտնվել օրակարգում: Խոսքը որոշակի խմբի ռուսական քարտերի մասին է, որոնք Թուրքիայում իրենց հաճախորդներին ծառայություններ են մատուցում: Դեսպանը մեկնաբանել է, որ հնարավոր է՝ նրանք համաձայնություններ ունենան Սուխումիում գտնվող ֆինանսական կազմակերպությունների հետ:

Հաղորդվում է, որ Աբխազիայի ազգային վճարային համակարգն ընդլայնել է ազգային վճարային քարտերի ընդունման աշխարհագրությունը և Թուրքիայում իրականացրել է կրոս-համակարգային օպերացիաների փորձաարդյունաբերական շահագործում: Օպերացիաները հաջողությամբ իրականացվել էին Թուրքիայի երկու խոշոր բանկերի՝ Is Bank-ի և Ziraat Bank-ի տերմինալային համակարգերում: Բացի այդ՝ АПРА World ազգային քարտերը սկսել են ընդունել նաև Ռուսաստանում, Բելառուսում, Ուզբեկստանում և Հայաստանում, МИР վճարային համակարգի հետ ներդաշնակված վճարային ենթակառուցվածքներում:

Միացեք մեր Telegram ալիքին