Միջուկային Պակիստանը Թուրքիայի օգնությամբ «գալիս է» Միջերկրական ծով

Հունական աղբյուրների հաղորդմամբ՝ Թուրքիան Պակիստանին բերում է Արևելյան Միջերկրածով, մասնավորապես՝ Լիբիա, տարածաշրջանում իր ծրագրերն իրագործելու նպատակով: Լիբիայի պաշտպանության նախարար Սալահ ալ-Նամրուշը հանդիպել է Պակիստանի ռազմական կցորդ Աթեֆ Թալխայի հետ՝ քննարկելու երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համագործակցության ընդլայնման հարցերը:

Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են պակիստանյան բանակի հնարավորությունները՝ տարբեր ոլորտներում գործելու և իրենց փորձը լիբիացիներին փոխանցելու: Այդ ոլորտներից կարող է լինել հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարը: Նախատեսվում է, որ Պակիստանը Լիբիայի բանակին «կսովորեցնի պայքարել ահաբեկչության դեմ»:

Միևնույն ժամանակ՝ Ներկայացուցիչների պալատի պաշտպանության և ազգային անվտանգության կոմիտեի անդամ Ալի ալ-Թեքբալին վստահ է, որ դրանով Թուրքիան ծրագրում է ընդլայնել իր ռազմական ներկայությունը լիբիական հողում:

Ալ-Թեքբալիի խոսքով՝ Լիբիայում թուրքական զորքերի ներկայությունը 18 ամսով երկարաձգելու Անկարայի որոշումը միջազգային համաձայնությունների խախտում է: Նրա պնդմամբ՝ Թուրքիան Լիբիայում խաղաղություն չի ցանկանում, ուստի թույլ չի տալու, որպեսզի քաղաքական ուժերը գործեն և հասնեն քաղաքական կարգավորումների, որոնք հակասում են իր շահերին:

Միացեք մեր Telegram ալիքին