Թուրքիան Ուկրաինայի համար կորվետներ ու անօդաչուներ կարտադրի

Ուկրաինան և Թուրքիան համաձայնություն են ստորագրել ուկրաինական բանակի համար կորվետներ և հարվածային անօդաչուներ արտադրելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը:

Համաձայնությունը ստորագրել են Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը: Համաձայնությունը ենթադրում է թուրքական ընկերությունների կողմից կորվետների և հարվածային անօդաչուների ավիացիոն համալիրների տեխնոլոգիաներ փոխանցում և արտադրություն՝ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար:

Հաղորդվում է, որ խոսքն այն նախագծերի մասին է, որոնք միտված են Ուկրաինայի ռազմածովային ուժերի կարողություններն արմատապես հզորացնելուն:

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են նաև ռազմական ոլորտի վերաբերյալ միջկառավարական համաձայնության իրականացումը և ընգծել, որ Կիևի և Բաքվի համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում: Դեռևս հոկտեմբերին (Արցախյան 2-րդ պատերազմի թեժ օրերին. խմբ.) Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ կնքվել է միջկառավարական ռազմական համաձայնություն և հուշագիր է ստորագրվել Ուկրաինայի ՊՆ-ի և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության հարցերի պետգործակալության միջև:

2019թ. Կիևը ձեռք է բերել և փորձարկել է թուրքական Բայրաքթար ՏԲ2 (Bayraktar TB2) անօդաչու թռչող սարքեր: Նախատեսվում է դրանք համալրել թուրքական Ռոքեթսան (Roketsan) ընկերության արտադրության գերճշգրիտ MAM-L ավիառումբերով: Տեղեկություններ կան, որ այդ գործարքի արժեքը կազմել է 69 մլն դոլար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ուկրաինական զինված ուժերը Դոնբասի «Միացյալ ուժեր» գործողության իրականացման գոտում թուրքական արտադրության հարվածային Բայրաքթար ՏԲ2 (Bayraktar TB2) անօդաչու թռչող սարքեր են տեղակայել: Հաղորդվել էր, որ Կրամատորսկ տեղափոխված ԱԹՍ-ները 6-ն են:

Միացեք մեր Telegram ալիքին