Թուրքիայի հետ դաշինքի մասին կարող են մտածել Չեչնիան և Դաղստանը. Օսիպենկո

Ուկրաինացի փորձագետ-միջազգայնագետ Ռուսլան Օսիպենկոյի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերջին զարգացումները ցուցադրեցին Կովկասյան տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ուժեղացումը և Ռուսաստանի ազդեցության նվազումը:

Օսիպենկոյի համոզմամբ՝ մինչ այդ Կովկասը Մոսկվայի ազդեցության տիրույթում էր, սակայն իրավիճակը սկսել է արմատապես փոխվել:

Փորձագետը նշում է, որ Կովկասում աշխարհաքաղաքական տեղաշարժեր են կատարվում. որպես նոր խաղացող՝ այստեղ հայտնվել է Թուրքիան: Սա ուժերի ու հետաքրքրությունների հավասարակշռության խախտում է. Ռուսաստանը դժգոհ է, քանի որ դա բարձրացնում է կովկասյան ժողովուրդների ոգին, որոնք գերազանցապես մուսուլմաններ են, թյուրքական ժողովուրդներ են:

Օսիպենկոն պնդում է, որ ի դեմս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կովկասի ժողովուրդները նոր առաջնորդի են տեսնում: Նրա խոսքով՝ Թբիլիսին արդեն ներծծվում է Անկարայի և Բաքվի հետ դաշինքում:

Փորձագետն ընդգծում է, որ ժամանակի ընթացքում Թուրքիայի հետ դաշինքի մասին կարող են մտածել Չեչնիան և Դաղստանը: Նրա համոզմամբ՝ Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը սկսել է ճաքեր տալ. «բոլորը սկսելու են իրենց խաղը խաղալ»:

Օսիպենկոն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ Անկարան պանթյուրքիզմի գաղափարն առաջ է տանում: Թուրքիան ուժեղացնում է իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայում և Ռուսաստանի որոշ շրջաններում: Այդ պատճառով փորձագետը կասկած չունի, որ Անկարան կսկսի ակտիվ քայլեր իրականացնել «թյուրքական աշխարհի վերականգնման» ուղղությամբ, որտեղ Թուրքիան կունենա առաջնորդող դերակատարում:

Միացեք մեր Telegram ալիքին