ԱՄՆ-ը և Իսրայելն Իրանի պատասխանին սպասում են Եմենից, Իրաքից ու Լիբանանից

Նկար՝ © Israel Defense Forces \ Իսրայելի ՌՕՈւ F-16 ինքնաթիռներ

Վերջին օրերին Իսրայելի Պաշտպանության բանակի ավագ սպաները «կոորդինացիոն բանակցություններ» են վարել ԱՄՆ-ի ԶՈւ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM, պատասխանատվության գոտին ներառում է նաև Մերձավոր Արևելքը) գործընկերների հետ: Նպատակը՝ երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցության ամրապնդումն է՝ «ընդդեմ Իրանի կողմից տարածաշրջանում հնարավոր վրեժխնդրության»: Թեհրանի պաշտոնյաները սպառնացել են պատասխանել գիտնական-միջուկաբան, ԻԻՀ-ի միջուկային մշակումների ոլորտի առաջատար մասնագետ Մոհսեն Ֆահրիզադեի սպանության համար՝ հրապարակային մեղադրելով Իսրայելին:

Հաղորդվում է, որ Իսրայելի ՊԲ-ն (ՑԱԽԱԼ) պատրաստվածության բարձր մակարդակի է բերվել՝ դիմակայելու Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան «Հզբոլահ» շարժման և Եմենի հուսիթների զինանոցում գտնվող 140 հազար հրթիռներից մի քանիսին:

ՑԱԽԱԼ-ը չի բացահայտում պատերազմի պատրաստության մանրամասները, սակայն նրա հակահրթիռային պաշտպանության համակարգերի բոլոր երեք տեսակները՝ մարտավարական, օպերատիվ և մեծ հեռահարությամբ, գտնվում են բարձր պատրաստվածության մակարդակում:

Իսրայելցի փորձագետների գնահատմամբ՝ հրեական պետությանը հարվածելու դեպքում Իրանը հզոր պատասխան կստանա: Նրանց համոզմամբ՝ քանի դեռ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն է, Իրանը զերծ կմնա խոշոր հարձակումից, քանի որ դա ԱՄՆ-ի համար Իրանին հարվածելու առիթ կհանդիսանա:

Իրանի հարցերով առաջատար փորձագետ Ուզի Րաբիի խոսքով՝ Իրանն, ամեն դեպքում, ինչ-որ բան պետք է անի, և դա կարող է արտահայտվել Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակված համազարկից կամ երրորդ երկրում իսրայելական թիրախի նկատմամբ ահաբեկչական գործողություններից:

Հուսիթները բազմիցս սպառնացել են իսրայելցիներին, ու թեև Եմենն Իսրայելից բավականին հեռու է, Իրանի աջակցությունը վայելող ապստամբները կարող են օգտագործել թևավոր հրթիռներ կամ հարվածային անօդաչուներ, ինչպես տեղի ունեցավ նախորդ տարվա սեպտեմբերին՝ Սաուդյան Արաբիայի պետական Aramco ընկերության նավթային օբյեկտների վրա:

Րաբիի գնահատմամբ՝ Իրանը կարող է օգտագործել նաև Իրաքի զինված «գործակալներին»՝ տեղի ամերիկյան թիրախների վրա ահաբեկչական հարձակումների համար: Իսրայելական հետախուզության փորձագետները նշում են, որ հենց այդ պատճառով է ԱՄՆ-ն Իրաքից տարհանել իր դիվանագիտական աշխատակիցների մեծ մասին, իսկ զինուժը՝ բերել մարտական պատրաստվածության բարձր մակարդակի:

Տեղեկություններ կան, որ ԱՄՆ ՌԾՈւ «Նիմից» ավիակիրը և նրան ուղեկցող հարվածային խումբը հրաման են ստացել վերադառնալ Պարսից ծովի գոտի՝ ամերիկյան զորքերն Իրաքից և Աֆղանստանից դուրս բերելու ժամանակ «պաշտպանական հնարավորությունների ապահովման» նպատակով: Թրամփի կողմից այդ երկու երկրներից մինչև հունվարի 15-ը ամերիկյան ռազմական ներկայության դուրսբերումը կարող է դիտվել տարածաշրջան հարվածային նավային խմբավորման վերադարձի համատեքստում, սակայն, բազմաթիվ փորձագետների կարծիքով, տվյալ որոշման կայացման գլխավոր շարժառիթն իրանական ուղղությունում սպասվող էսկալացիան է. այս հատվածում նախորդ օրերին լարվածությունը միայն աճել է: Դոնալդ Թրամփի պաշտոնավարման վերջին շաբաթները համարվում են «շատ զգայուն շրջան», երբ կարող է տեղի ունենալ Իրանի հետ բարձր մակարդակի առճակատում՝ ընդհուպ մինչև անմիջական ռազմական բախում:

Հիշեցնենք՝ Մոհսեն Ֆահրիզադեն, ում անվանում են «իրանական միջուկային ռումբի ստեղծման ծրագրի հայր», սպանվել է նոյեմբերի 27-ին: Ի պաշտոնե՝ նա ԻԻՀ Պաշտպանության նախարարության Հետազոտական և նորարարական կազմակերպության ղեկավարն էր: Գիտնականի սպանության մեջ կասկածվում են Իսրայելի արտաքին հետախուզության (Մոսադ) գործակալները:

Միացեք մեր Telegram ալիքին